Քվեաթերթիկն անվավեր է, բայց ինչո՞ւ․ ընտրական համակարգի անպատասխան հարցը
2026 թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում անվավեր է ճանաչվել 16,210 քվեաթերթիկ․ սա զգալիորեն ավելի է նախորդ՝ 2021-ի ընտրությունների ժամանակ գրանցված ցուցանիշի համեմատությամբ։ Այդուհանդերձ, ԿԸՀ-ն արդյունքների ամփոփման ժամանակ չի արձանագրել, թե ինչ հիմքերով են այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ընտրական օրենսգրքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով անվավեր քվեաթերթիկների հետ կապված առանձին արձանագրում կամ գրառում նախատեսված չէ։ Հունիսի 28-ին Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ներկայացրել է, որ հանձնաժողովը չի վարում վիճակագրություն, թե ինչ պատճառներով են քվեաթերթիկները ճանաչվել անվավեր, քանի որ օրենքը նման պահանջ չի սահմանում։
Այսինքն՝ խնդիրը ոչ միայն վիճակագրության բացակայությունն է, այլև այն, որ անվավեր ճանաչման հիմքերը չեն գրառվում նաև ընտրական արձանագրություններում։ Արդյունքում հնարավոր չէ վերլուծել՝ անվավեր քվեաթերթիկների պատճառները կապված են եղել ընտրողի կամքի անորոշության, ավելորդ նշումների, չսահմանված նմուշի քվեաթերթիկի, ծրարում այլ իրի առկայության, թե այլ հանգամանքների հետ։
Ինչ է ասում օրենքը
2026 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները փոխեցին անվավեր քվեաթերթիկների հաշվարկման տրամաբանությունը։ Ապրիլի 7-ի փոփոխություններից հետո այն դեպքերում, երբ ծրարում առկա է ավելորդ գրառում կամ նշում, այլ իր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ, ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լիներ հաստատել մարման հիմքի առկայությունը։ Արդյունքների ամփոփման ժամանակ սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր։
Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ եթե ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր, այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ։
Այսինքն՝ օրենքը մի կողմից պահանջում է, որ մարման հիմքը վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի ստուգել, սակայն մյուս կողմից չի պահանջում, որ այդ հիմքերն առանձին գրառվեն ընտրական արձանագրություններում՝ ըստ պատճառների։
Վերահաշվարկից հետո անվավերների թիվը նվազեց
Հունիսի 8-ին ԿԸՀ-ի հրապարակած նախնական արձանագրությունների համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 1,477,736 քաղաքացիներից 17,097-ի քվեաթերթիկները ճանաչվել էին անվավեր։ Այսինքն, անվավեր ճանաչվեց բոլոր քվեաթերթիկների 1,16 տոկոսը։
Հետագայում վերահաշվարկ իրականացվեց 2005 ընտրատեղամասերից 637-ում։ Դա կազմում է բոլոր ընտրատեղամասերի շուրջ 31.8%-ը։
Վերահաշվարկներից հետո անվավեր քվեաթերթիկների թիվը կրճատվեց 887-ով՝ 17,097-ից դառնալով 16,210 (ամբողջի 1,1 տոկոսը)։ Սա նշանակում է, որ վերահաշվարկից հետո անվավերների թիվը նվազել է շուրջ 5.2%-ով։

Պետք է նկատի ունենալ, որ վերահաշվարկի արդյունքում երեք ընտրատեղամասերի՝ 10/51, 35/65 և 12/13 տեղամասերի քվեարկության արդյունքները ամբողջությամբ անվավեր են ճանաչվել։ Այդ տեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը՝ ընդհանուր 3411, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ, իսկ կուսակցությունների ստացած ձայները զրոյացվել են։
Այսինքն՝ եթե այդ երեք տեղամասերում մինչ արդյունքների ամբողջությամբ անվավեր ճանաչումը արձանագրված են եղել անվավեր քվեաթերթիկներ, ապա դրանք այլևս չեն ներառվել վերջնական՝ 16,210 ցուցանիշի մեջ։
Այդ երեք տեղամասերում նախնական անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը կազմել է 39։ Հետևաբար՝ ամբողջությամբ անվավեր ճանաչված տեղամասերի ազդեցությունը անվավեր քվեաթերթիկների ընդհանուր նվազման վրա սահմանափակ է եղել․ 887-ով նվազումից միայն 39-ը կարող էր պայմանավորված լինել այդ տեղամասերի արդյունքների զրոյացմամբ։
Մնացած նվազումը՝ շուրջ 848 քվեաթերթիկ, ձևավորվել է վերահաշվարկների ընթացքում այլ տեղամասերում անվավեր ճանաչված քվեաթերթիկների կարգավիճակի փոփոխության արդյունքում։ Այլ կերպ ասած՝ վերահաշվարկներից հետո զգալի թվով քվեաթերթիկներ, որոնք նախնական հաշվարկով արձանագրվել էին որպես անվավեր, հետագայում ճանաչվել են վավեր կամ այլ կերպ դուրս են եկել անվավերների հաշվարկից։
Սա հատկապես կարևոր է այն հանգամանքի ֆոնին, որ վերահաշվարկ իրականացվել է ոչ թե բոլոր, այլ 2005 ընտրատեղամասերից 637-ում՝ բոլոր տեղամասերի շուրջ 31.8%-ում։ Այսինքն՝ անվավեր քվեաթերթիկների թիվը շուրջ 5.2%-ով նվազել է միայն մասնակի վերահաշվարկների արդյունքում։ Քանի որ մնացած տեղամասերում քվեաթերթիկները երկրորդ անգամ չեն ստուգվել, բաց է մնում հարցը՝ արդյոք նմանատիպ սխալ կամ վիճահարույց անվավեր ճանաչումներ եղել են նաև այն տեղամասերում, որտեղ վերահաշվարկ չի իրականացվել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Վարդինե Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ քվեաթերթիկների՝ անվավեր ճանաչվելու պատճառները պետք է ուսումնասիրվեն։
«Ե՛վ անվավերների, և՛ չսահմանված նմուշի քվեաթերթիկների մասով արժի ուսումնասիրել պատճառները։ Վերահաշվարկների ժամանակ տեսել ենք, որ անվավերների մեծ մասը այն դեպքերն են, երբ ծրարի մեջ երկու քվեաթերթիկ է եղել։ Պետք է հասկանալ՝ ընտրողներին լավ չեն բացատրե՞լ, քվեաթերթիկնե՞րն են բարակ ու իրար կպած, թե՞ մարդիկ օգնության կարիք ունեն»,- նշեց Գրիգորյանը։
Ծալված կամ վնասված քվեաթերթիկները որպես անվավեր
Վերահաշվարկները ցույց տվեցին նաև կոնկրետ դեպքեր, երբ նախապես անվավեր ճանաչված քվեաթերթիկները հետագայում ճանաչվել են վավեր։ Օրինակ՝ թիվ 12 ԸԸՀ-ում 12/4 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Ասատրյանը պատռված քվեաթերթիկների մեջ նկատել է, որ դրանք պոկված են նույն անկյունից։ Նա հայտարարել է, որ «նման կարգավորում չկա, որ ծալածները անվավեր ճանաչվի»։ Նույն տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկն էլ նշել է, որ իրենց տեղամասում ծալված քվեաթերթիկները հանձնաժողովի նախագահը անվավեր էր ճանաչում և պատռում։ Արդյունքում առանձնացված 27 քվեաթերթիկները որոշվել է վավեր ճանաչել։
Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ նմանատիպ դեպքեր ևս արձանագրվել են։
«Եղել են դեպքեր, երբ ծալված կամ մի փոքր պատռված քվեաթերթիկները անվավեր են համարվել, մինչդեռ օրենքը չի նախատեսում, որ ծալված լինելն ինքնին անվավեր ճանաչելու հիմք է։ Մի կոնկրետ դեպքում հանձնաժողովը սխալ էր ամփոփել․ ծրարում եղած երկուական քվեաթերթիկները թողնելու փոխարեն հանել էին, իրար հետ դրել և ծրարը մարել։ Վերահաշվարկի ժամանակ արդեն ապացույց չկար, որ հենց այդպես է եղել»,- ասաց Գրիգորյանը։
Այսպիսով, 2026 թվականի ԱԺ ընտրությունների դեպքում անվավեր քվեաթերթիկների խնդիրը մի քանի շերտ ունի։ Մի կողմից՝ ապրիլի 7-ի օրենսդրական փոփոխություններից հետո որոշ դեպքեր, որոնք նախկինում դուրս էին մնում հաշվարկից, սկսեցին ներառվել անվավեր քվեաթերթիկների թվում։ Մյուս կողմից՝ վերահաշվարկները ցույց տվեցին, որ որոշ քվեաթերթիկներ նախնական հաշվարկի ժամանակ կարող էին անվավեր ճանաչվել սխալ կամ վիճահարույց մեկնաբանությունների արդյունքում։
Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ ընտրական արձանագրություններում չի նշվում՝ ինչ հիմքերով են քվեաթերթիկները ճանաչվել անվավեր։ Արդյունքում հնարավոր չէ հստակ գնահատել՝ անվավերների բարձր թիվը ինչ չափով է պայմանավորված եղել օրենսդրական փոփոխությամբ, ընտրողների սխալներով, քվեաթերթիկների տեխնիկական խնդիրներով, հանձնաժողովների աշխատանքով կամ սխալ մեկնաբանություններով։
Մարիա Խաչատրյան

