Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
Քաղաքականություն
23.06.2026 | 22:40
Ադրբեջանում պետական կողմնորոշմամբ լրատվամիջոցները, որոնք տարիներ շարունակ կապված էին տարբեր օլիգարխիկ խմբերի հետ, վերջին տարիներին փաստացի վերաբաշխվել են «կենտրոնացման» քաղաքականության շրջանակում: Այս մասին անկախ ադրբեջանական Meydan TV-ին հայտնել է մեդիա ոլորտի իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Նրա խոսքով՝ առանձին լրատվամիջոցներ նախկինում գտնվել են տարբեր ֆինանսական և քաղաքական խմբերի ազդեցության տակ և օգտագործվել են ոչ միայն քարոզչության համար, այլև բյուջետային և բյուջեին մոտ միջոցները յուրացնելու և լվանալու սխեմաների շրջանակում։ Սակայն վերջին տարիներին, աղբյուրի խոսքով, նման լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը խլվել է օլիգարխներից, իսկ մեդիա դաշտի քաղաքական համակարգումը նախագահի աշխատակազմից փոխանցվել է Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):
Ներքին գործերի նախարարությունը, ըստ աղբյուրի, պահպանել է իր ազդեցությունը միայն հին կապերի և իր մասնակցությամբ ստեղծված սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ Instagram-ի միջոցով։ Այս ռեսուրսները, ըստ Meydan TV-ի աղբյուրի, հիմնականում օգտագործվում են կառավարության քննադատների դեմ արշավները վարկաբեկելու համար։ Աղբյուրը պնդում է, որ կառավարամետ լրատվամիջոցների հիմնական քննարկման թեզերն այժմ գալիս են նախագահական վարչակազմից և Պետական անվտանգության ծառայությունից։ Կառավարամետ լրատվամիջոցների աշխատանքը, որը, ըստ աղբյուրի, կոռուպցիոն նախագծերի մաս է կազմում, պլանավորվում է Մեդիա զարգացման գործակալության միջոցով։ Գործակալությունն ինքնին, ըստ աղբյուրի, ավելի շատ միջնորդի դեր է կատարում։
«Այլ կերպ ասած՝ փողերի լվացման և լրատվամիջոցների միջոցով կոռուպցիոն սխեմաները չեն վերացել, հակառակը, ավելի մեծ մասշտաբ են ստացել։ Պարզապես այս գործընթացն այժմ լայնորեն վերահսկվում է Պետական անվտանգության ծառայության կողմից»,- ասել է Meydan TV-ի աղբյուրը։
ARB-24 հեռուստաալիքի աղբյուրը, որը, նույն աղբյուրի պնդմամբ, գտնվում է Պետական անվտանգության ծառայության վերահսկողության տակ, պնդում է, որ խմբագրական անձնակազմին և հեռուստաալիքներին տրամադրվում են ոչ միայն քաղաքական թեզերը, այլև «փորձագետների» ցուցակ, որոնք պարտավոր են եթերում ներկայացնել այդ թեզերը։
Աղբյուրի համաձայն՝ հրահանգներ կարող են ուղարկվել ինչպես փորձագետներին, այնպես էլ խմբագրական անձնակազմին: Հաղորդավարներն ու խմբագիրները նախապես համաձայնեցնում են թեմաները առաջարկվող ցանկից հրավիրված հյուրերի հետ և նրանց հրավիրում եթեր: Աղբյուրի համաձայն՝ այս փորձագետներից ակնկալվում է, որ նրանք խոսեն հիմնականում արտաքին քաղաքականության կամ պետության «հաջող քաղաքականության» մասին: Ներքին քաղաքականության թեմաները և նույնիսկ կառավարության չափավոր քննադատությունը գործնականում բացառվում են:
Աղբյուրը նաև պնդում է, որ այս փորձագետներից յուրաքանչյուրը ստանում է ոչ պաշտոնական վճար, այսպես կոչված, «ծրարներ»։ Աղբյուրի համաձայն՝ այս նպատակով ամսական հատկացվում է շուրջ 1 միլիոն մանաթ։ Սակայն աղբյուրը պնդում է, որ փորձագետների և նրանց հետ կապված ծախսերի վրա ուղղակիորեն ծախսվում է շուրջ 150,000-200,000 մանաթ, մինչդեռ մինչև 800,000 մանաթ դուրս է գրվում։
«Էլդար Մահմուդովի [Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար] պաշտոնավարման ընթացքում Ազգային անվտանգության նախարարությունը լրատվամիջոցներն օգտագործել է նաև փողերի լվացման համար։ Սա ակնհայտ էր այդ ժամանակահատվածի դատավարությունների ընթացքում արտահոսած տեղեկություններից։ Ալի Նագիևի [Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար] օրոք այս գործընթացը փոքր-ինչ փոփոխվել է, և սխեմային ավելացվել են փորձագետներ։ Նագիևին, որին իշխանության էշելոններում անվանում են «առևտրական», միացել է նաև «փորձագիտական բիզնեսը»։ Մեր տվյալներով՝ այս բիզնեսի համար ամեն ամիս մինչև 1 միլիոն մանաթ է դուրս գրվում։ Սա տասն անգամ ավելի է, քան ամբողջ երկրի տարեկան գովազդային բյուջեն»,- պնդում է աղբյուրը։
Նրա փոխանցմամբ՝ ցուցակում, որը, ենթադրաբար, ներառում է ավելի քան 100 «փորձագետի», ընդգրկված ոչ բոլոր անձինք են ստանում հատկացված միջոցները։ Նրանցից շատերը կա՛մ աշխատում են պետական մարմիններում, կա՛մ համաձայնվում են համագործակցել հանրային առաջխաղացման պայմանով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց, ըստ էության, ասվում է. «Մենք ձեզ հանրությանը ներկայացնում ենք որպես փորձագետի՝ հարթելով ձեր ճանաչելիության ճանապարհը»։
Ինչպես են վճարվում գումարները
Աղբյուրը նշում է, որ որոշ փորձագետների աշխատավարձերը նշանակվում են իրենց հանրային դիրքի, կարգավիճակի և ֆինանսական վիճակի հիման վրա: Աղբյուրի տվյալներով՝ այդ վճարումները սովորաբար կազմում են 500, 1000 կամ 2000 մանաթ և հազվադեպ են գերազանցում այդ գումարները։ Աղբյուրի տվյալներով՝ նման ցուցակների կազմման գործընթացը սկսվել է 2016-2017 թվականներին, իսկ դրա շրջանակն ընդլայնվել է 2018-2019 թվականներին: Ցուցակները, ըստ Meydan TV-ի աղբյուրի, դեռևս թարմացվում են։
Աղբյուրը պնդում է, որ ՊԱԾ-ի աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ համալսարանների, պետական մարմինների, կառավարության կողմից վերահսկվող կուսակցությունների և քաղաքացիական հասարակության: Նրանց առաջարկվում կամ, ըստ էության, ստեղծվում է «փորձագետի» դեր լրատվամիջոցներում մասնակցության համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործընթացը համակարգվում է նախագահի աշխատակազմի հետ։ Յուրաքանչյուր հավանական մասնակից, ենթադրաբար, հաստատվում է որպես «վերահսկողության տակ գտնվող» և «ոչ սպառնալիք ներկայացնող»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անձանց թվում են տարբեր սոցիալական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ։ Meydan TV-ի զրուցակիցն ընդգծում է, որ գործընթացի կազմակերպիչների համար այս մարդկանց կոմպետենտության աստիճանը, քաղաքականության նրանց ըմբռնումը կամ տեղի ունեցողի էության ըմբռնումը որոշիչ չեն։ Նա ասում է, որ գլխավորը քանակական ցուցանիշներն են և հավատարիմ մեկնաբաններին պարբերաբար հեռարձակելու հնարավորությունը։
Meydan TV-ի աղբյուրի խոսքով՝ հատկապես նշանակալից է, որ մի երկրում, որտեղ անկախ քաղաքական գործունեությունը գործնականում սահմանափակված է, ցուցակում ընդգրկված են ավելի քան 100 քաղաքական փորձագետներ, որոնք ամեն օր կամ շաբաթը մեկ հայտնվում են հեռուստատեսությամբ։ Ըստ նրա՝ գումարները կարող են պաշտոնապես գրանցված լինել քաղաքական մեկնաբանների անուններով, սակայն նրանցից շատերն աշխատում են անվճար՝ հանրային լինելու, կարգավիճակի և հեռուստատեսային հեռարձակումներին հասանելիության դիմաց։
Աղբյուրը նաև պնդում է, որ ցուցակում ներառված են Թուրքիայից մի քանի «փորձագետներ», որոնք չունեն նշանակալի հանրային հեղինակություն և լայնորեն անհայտ են նույնիսկ Թուրքիայում։ Այնուամենայնիվ, Meydan TV-ի աղբյուրի խոսքով՝ նրանք Skype-ի միջոցով պարբերաբար կապ են հաստատում ARB-24-ի և Հանրային հեռուստատեսության հետ։ Նրանց վճարները գրանցվում են որպես հոնորարներ։
Ո՞վքեր են ցուցակում
Meydan TV-ի աղբյուրը խմբագրական թիմին է տրամադրել նման 115 փորձագետների անուններով ցուցակ։ Դրանում ներառված են քաղաքական մեկնաբաններ, քաղաքագետներ, կուսակցությունների ղեկավարներ, լրագրողներ, ռազմական փորձագետներ, տնտեսագետներ, անվտանգության մասնագետներ և այլ հասարակական-քաղաքական գործիչներ։
Meydan TV-ն որոշել է չհրապարակել փաստաթուղթը կամ ցուցակում ընդգրկված անձանց անունները։ Դա կապված է այն բանի հետ, որ խմբագրությունը նշյալ բոլոր անձանց տեսակետները չի կարողացել ստանալ, ինչպես նաև անհրաժեշտությամբ՝ չբացահայտել տվյալներ, որոնք կարող են տեղեկատվության աղբյուրին վտանգի տակ դնել։
Աղբյուրը նաև պնդում է, որ տրամադրված ցուցակը Պետական անվտանգության ծառայության կողմից ստեղծված կամ օգտագործվող «փորձագետների» ցանցի միայն մի մասն է։ Աղբյուրի խոսքով՝ այս համակարգը ներառում է նաև խորհրդարանի անդամներին, որոնց հանձնարարված է ավելի հաճախ հայտնվել եթերում։ Ավելին, եթեր են հրավիրվում նաև քիչ հայտնի թուրք մեկնաբաններ, որոնք քիչ ազդեցություն ունեն իրենց երկրում։
Բացի այդ, աղբյուրի համաձայն՝ հեռուստաալիքներին և լրատվամիջոցներին տրամադրվել է նաև անկախ փորձագետների առանձին ցուցակ, որոնց արգելվում է խոսք տալ առանց նախնական թույլտվության: Նման անձինք, ըստ Meydan TV-ի աղբյուրի, չեն կարող հրավիրվել եթեր առանց թույլտվության։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի