Երբ տվյալն ու բառը փոխում են ամբողջ իմաստը․ գործընկերային պարզաբանում Fip-ի պարզաբանմանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հունիսի 18-ին  Fip.am-ը հրապարակել է «Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը» վերտառությամբ հոդված՝ արձագանքելով Factor.am-ի «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը» վերնագրով հրապարակմանը։ Այս հրապարակմամբ Factor.am-ն անդրադարձել էր Fip.am-ի հունիսի 16-ի «ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ» վերլուծությանը։

Կարևորելով գործընկերային հարաբերությունները՝  հարկ ենք համարում նշել, որ Fip.am-ի հրապարակած պարզաբանումը չի փոխում Factor.am-ի ներկայացրած հիմնական փաստը․ մեր հրապարակումը վերաբերում էր ընտրություններից առաջ  Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թվին, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է, մինչդեռ Fip.am-ի նյութը ներկայացնում էր Ռուսաստանից ժամանած բոլոր  անձանց վիճակագրությունը` անկախ քաղաքացիությունից՝ նշելով, որ մայիսին ու հունիսի 1-7-ին Ռուսաստանից Հայաստան հոսքը աճել է։

Երկու հրապարակումներում օգտագործված տվյալները ստացվել են ԱԱԾ-ից և վերաբերում են տարբեր վիճակագրական խմբերի։ Հետևաբար՝ քննարկման առարկան ոչ թե տվյալների ճշգրտությունն է, այլ այն, թե ընտրական գործընթացների համատեքստում որ ցուցանիշն է առավել նշանակալի և ինչից պետք է խուսափել՝ լսարանին մոլորության մեջ չգցելու համար։

Մեր գործընկերների հոդվածում նշվում է. «ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հոսք» ձևակերպման մեջ «ՀՀ»-ն նշված է որպես աշխարհագրական ուղղություն (Հայաստան), իսկ «քաղաքացի» բառն օգտագործվել է որպես ընդհանուր տերմին՝ հոմանիշ «անձ» կամ «մարդ» բառերին»։

Սակայն ընտրական թեմայի համատեքստում նման ձևակերպումը կարող է ստեղծել թյուրընկալում, քանի որ «քաղաքացի» հասկացությունն ունի հստակ իրավական բովանդակություն և չի նույնացվում «անձ» կամ «մարդ» հասկացությունների հետ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացին ընտրական իրավունք ունեցող սուբյեկտ է, մինչդեռ «անձ» հասկացությունը կարող է ներառել նաև այլ պետությունների քաղաքացիների, որոնք Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք չունեն։ Հետևաբար՝ ընտրությունների համատեքստում վիճակագրության ներկայացման դեպքում այդ հասկացությունների տարբերակումը էական նշանակություն ունի։

Բացի այդ նկատենք, որ ավելի վաղ Fip.am-ն ինքն էր արձանագրել, որ Ռուսաստանից Հայաստան ժամանածների թիվը նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ աճել է ոչ միայն մայիս-հունիսին, այլև հունվար-ապրիլ ամիսներին։

Իհարկե, ժամանողների մի մասը կարող է լինել երկքաղաքացի, բայց կան նաև այլ գործոններ, ինչպես, օրինակ, զբոսաշրջային գործոնը։

Ինչևէ, Fip.am-ն  իր պարզաբանմամբ հաստատում է, որ Factor.am-ի հրապարակումից հետո խմբագրել է իր հոդվածը, ընդ որում, ինչպես նշված է պարզաբանման մեջ, «որպես  փաստեր ստուգող պատասխանատու հարթակ, կարևորելով տեղեկատվության բացարձակ հստակությունը և նույնիսկ չնչին տարակարծություններից խուսափելու անհրաժեշտությունը»  այդ խմբագրումը կատարել է «տեղեկատվությունը տրամադրած կառույցի՝ ԱԱԾ-ի հետ քննարկման արդյունքում և նրանց խնդրանքով»։ 

Այսպիսով՝ արձանագրում ենք, որ Factor.am-ի հրապարակումից և ԱԱԾ-ի հետ քննարկումից հետո Fip.am-ը որոշակի ճշգրտում է կատարել իր նյութում։ Իհարկե, ինչպես նշել են մեր գործընկերները՝ «գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը»։ Եվ այս քննարկումը պետք է դիտարկել գործընկերային, բաց և թափանցիկ մասնագիտական երկխոսության համատեքստում, որը կարևոր է թե՛ մեդիայի նկատմամբ հանրային վստահության, թե՛ ոլորտի զարգացման համար։

Կարևորելով Հայաստանի համապետական ընտրություններին ցանկացած արտաքին հնարավոր ազդեցության բացահայտումը՝ Factor.am-ն առաջիկայում կամբողջացնի ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ այլ պետություններում բնակվող և ընտրություններից առաջ հայրենիք վերադարձած ու քվեարկած թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ երկքաղաքացիություն ունեցող անձանց տվյալները․ Factor.am-ը պատասխանատու պետական կառույցներից գրավոր հարցումներով արդեն հայցել է անհրաժեշտ տեղեկատվությունը։

 

Գայանե Խաչատրյան