Քոչարյանին խանգարե՞լ են մեկնել Մոսկվա՝ պատերազմը կանգնեցնելու համար․ ինչ են ցույց տալիս փաստերը

Լուրեր

29.05.2026 | 18:52
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին
29.05.2026 | 18:37
Դոնալդ Թրամփը ցավակցել է անվանի հոկեյիստի մահվան կապակցությամբ
29.05.2026 | 18:24
Երկրի ղեկավար ես չէ՞ եղել, բա խի՞ զենք չես առել․ քաղաքացին՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 18:15
ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ․ մանրամասներ
29.05.2026 | 18:12
Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը կարող է համատեղվել Անկախության օրվա տոնակատարության հետ
29.05.2026 | 18:00
«Փաշինյանի հիվանդությունը», «սպասվող պատերազմը Ռուսաստանի հետ» և «գազային խցիկները Արարատում». ինչպես է Կրեմլը ընտրություններից առաջ Հայաստանը հեղեղել ֆեյքերով․ Тhe Insider
29.05.2026 | 17:51
Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 10 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով երկու անձ կալանավորվել է
29.05.2026 | 17:41
Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը
29.05.2026 | 17:30
Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը․ Բաղայի
29.05.2026 | 17:25
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ
29.05.2026 | 17:20
ԿԸՀ-ն քննում է ԻՔՄ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու՝ ԼՀԿ-ի դիմումը. ՈՒՂԻՂ
29.05.2026 | 17:10
IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ
29.05.2026 | 17:00
Բացահայտվեց՝ ով է կանգնած Wyomig Star-ի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 16:53
Խուզարկություններ՝ ԲՀԿ գրասենյակներում․ կան ձերբակալվածներ
29.05.2026 | 16:49
Ջերմուկի մարտական դիրքը հանձնելու մասին սուտ տեղեկություն հայտնած անձը մեղավոր է ճանաչել իրեն
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և  աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արսեն Թորոսյանը միմյանց հակասող հայտարարություններ են արել։  Ռոբերտ Քոչարյանը մայիսի 17-ին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ անդրադարձել է  2020 թ․ հոկտեմբերին` 44-օրյա պատերազմի օրերին իր՝  Մոսկվա չմեկնելու պատճառներին։ Նա պնդել է, որ իր նկատմամբ արհեստական խոչընդոտներ են հարուցվել, մասնավորապես՝ կեղծվել է իր COVID-ի տեստը, որպեսզի թույլ չտան մեկնել Մոսկվա և իր կապերն օգտագործել՝ պատերազմը կանգնեցնելու համար։

«Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու, դատավորից ստացել ենք երկրից  բացակայելու թույլտվություն, բայց քովիդի ժամանակ էր, և առանց թեստերի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ թեստը, լրիվ առողջ էի, որևէ խնդիր չունեի,  և  ստացել եմ պատասխան, որ ես ունեմ քովիդ այդ ժամանակ։ Գնել ենք այդ ռափիդ-թեստերը, 4-5 հատ փորձել եմ, բոլորը բացասական էին, քովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ  իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,- ասել է Քոչարյանը։

Մայիսի 18-ին այս հայտարարությանը տեսանյութով հակադարձել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝  Քոչարյանին անվանելով ստախոս և նշելով, որ COVID-ի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։

«Արձանագրում ենք, որ նա շարքային ստախոս է, որովհետև նախ՝ էդպիսի բան չի եղել, և երկրորդը՝ քովիդի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։ Գարնանը՝ 2020 թ․, պարզապես ստուգումներ են եղել մուտքի վրա։ Իսկ այդ ժամանակահատվածում նախ արտակարգ դրությունն էր վերացված, և միայն արտակարգ իրավիճակ կար և շատ քիչ սահմանափակումներ ․․․․ նա կարող էր գնալ՝ որ երկիր որ ուզում էր և կանգնեցնել պատերազմը, եթե, իհարկ, նա կարող էր»,- մասնավորապես ասել է Թորոսյանը։

Իրականում և՛ Արսեն Թորոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը փաստերը ներկայացնում են ընտրողաբար։

Ինչպիսի՞ սահմանափակումներ էին գործում 2020 թ-ին

2020 թ․ հոկտեմբերին գործում էր ՀՀ կառավարության 2020 թ․ սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը, որ սահմանված էր ՀՀ տարածք մուտք գործող անձանց համար։ Որոշմամբ ՀՀ տարածքից դուրս եկող անձանց համար օդանավակայանում կամ սահմանային անցման կետերում COVID-19 թեստի բացասական պատասխանի ներկայացման ընդհանուր պահանջ չէր նախատեսվում։

Թեև Հայաստանից ելքի համար COVID-19 թեստի բացասական պատասխանի ներկայացման կարիք չկար, որոշ դեպքերում այն կարող էր պահանջվել ավիափոխադրողների կամ մուտքի երկրի նորմատիվ իրավական ակտերով։

Ռուսաստանը, ուր պետք է մեկներ Քոչարյանը, այդպիսի սահմանափակում մտցրել էր։ 

Ռոսպոտրեբնադզորի 2020 թ․ հուլիսի 27-ի սահմանած կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՌԴ միջազգային չվերթի ինքնաթիռ նստելիս, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը հատելիս, պետք է ունենային COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հաստատող բժշկական փաստաթուղթ՝ ռուսերեն կամ անգլերեն։ Նմուշառումը պետք է արված լիներ ՌԴ ժամանումից ոչ շուտ, քան երեք օր առաջ։ Եթե փաստաթուղթը ռուսերեն կամ անգլերեն չէր, թույլատրվում էր ներկայացնել այն՝ փաստաթուղթը տրամադրած կազմակերպության երկրի պաշտոնական լեզվով՝ ռուսերեն վավերացված թարգմանությամբ։

Սրանից հետևում է, որ թեև Արսեն Թորոսյանի ասածը ճիշտ է, որ ելքի սահմանափակում չկար, բայց դա ճշմարտության կեսն է, քանի որ ելքը գործնականում չէր իրականացվի, եթե ընդունող կողմը, այս դեպքում Ռուսաստանը, ուներ մուտքի սահմանափակումներ։

Քոչարյանի պնդումները, սակայն, նույնպես խոցելի են․ նա հղում է անում ռապիդ թեստերին, որոնց ճշգրտությունը զիջում է ՊՇՌ թեստերին․ և հենց դա է պատճառը, որ պահանջները դրվում էին հենց ՊՇՌ թեստի համար։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե իր ՊՇՌ թեստի դրական պատասխանը դիտավորյալ կեղծվել է գործող իշխանությունների կողմից, ապա այդ պնդումը հրապարակային ապացույցներով չի հիմնավորվել։ Բաց աղբյուրներում՝ թե՛ տվյալ ժամանակահատվածում, թե՛ հետագայում, Քոչարյանը կամ նրա գրասենյակը չեն ներկայացրել փաստաթուղթ, փորձաքննություն, լաբորատոր տվյալ կամ այլ ստուգելի ապացույց, որը կհաստատեր թեստի դիտավորյալ կեղծման կամ իշխանությունների միջամտության վարկածը։

Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանից դուրս գալու համար COVID-թեստի պարտադիր պահանջ չի եղել, սակայն Ռուսաստան մուտքի և ինքնաթիռ նստելու համար ՊՇՌ բացասական թեստի առկայությունը 2020 թ. հոկտեմբերի դրությամբ եղել է պարտադիր պայման՝ սահմանված ՌԴ օրենսդրությամբ։

Արսեն Թորոսյանը, ի դեպ, նույն տեսանյութում նաև պնդում է, թե քովիդի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։ Իրականում Կառավարության 2020թ․ մարտի 16-ի N 298-ն որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը արգելվում էր՝ որոշ բացառություններով (բեռնափոխադրումների իրաանացում և պարետի հատուկ որոշումներ)։ Այս որոշումը, սակայն, չի վերաբերում պատերազմի ժամանակահատվածին, քանի որ ուժը կորցրել է 2020 թվականի սեպտեմբերի 11-ին։

 

Մարիա Խաչատրյան