ՆԱՏՕ-ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել
Քաղաքականություն
18.03.2026 | 18:33
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Աքթյուրքը հայտարարել է, որ Գերմանիայի Ռամշտայն քաղաքում գտնվող դաշնակիցների ռազմաօդային հրամանատարության (AIRCOM) կողմից Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայվում է երկրորդ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը՝ այնտեղ արդեն տեղակայված իսպանական Patriot-ին զուգահեռ, գրում է Turkiye today-ը։
Սա տեղի է ունենում մարտի 13-ին Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռից հետո։ Նախարարության ամենշաբաթյա ճեպազրույցը տեղի է ունեցել Ինջիրլիքի ռազմաօդային ուժերի հրամանատարության 10-րդ գլխավոր ավիաբազայում։
Patriot-ը շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է մարտավարական բալիստիկ հրթիռների, ցածր թռչող թևավոր հրթիռների և ինքնաթիռների դեմ որսալու համար։ ԱՄՆ բանակի տվյալների համաձայն՝ PAC-2 տարբերակը կարող է որսալ մինչև 70 կիլոմետր (43.5 մղոն)՝ ինքնաթիռների և թևավոր հրթիռների դեմ, մինչդեռ PAC-3-ը՝ բալիստիկ հրթիռների դեմ 20-ից 35 կիլոմետր։
Զեքի Աքթյուրքը հաստատել է, որ Իրանից արձակված և մարտի 13-ին Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։
«Մեր օդային տարածքի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ազգային մակարդակի միջոցառումներից բացի, Գերմանիայի Ռամշտայն քաղաքում գտնվող դաշնակիցների օդային հրամանատարության կողմից հատկացված Patriot համակարգը տեղակայվում է Ադանայում՝ այնտեղ արդեն տեղակայված իսպանական Patriot համակարգին զուգահեռ»,- ասել է նա։
Նոր տեղակայումը նշանակում է, որ Ադանայում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի Patriot-ի երկու մարտկոց՝ իր առկա թուրքական օդային պաշտպանության միջոցների հետ մեկտեղ։ Մալաթիայում նախկինում տեղակայվել է Patriot-ի երրորդ համակարգը։
Աքթյուրքն ասել է, որ համապատասխան երկրի հետ շփումները շարունակվում են՝ միջադեպի բոլոր կողմերը պարզաբանելու համար, և որ «մեր ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի դեմ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վճռականորեն»։
Մարտի 13-ի խափանումը պատերազմի սկսվելուց ի վեր իրանական հրթիռների Թուրքիայի օդային տարածք մուտք գործելու երրորդ դեպքն էր՝ մարտի 4-ին Հաթայում և մարտի 9-ին Գազիանթեփում և Դիարբեքիրում միջադեպերից հետո։
Թուրքիայի ՊՆ-ն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի իրավիճակին՝ այն անվանելով «ռազմավարական նշանակության գլոբալ էներգետիկ մատակարարման անվտանգության և միջազգային ծովային առևտրի շարունակականության համար»։
«Տարածաշրջանում նավարկության ազատության պահպանումը և սրման կանխումը մեծ նշանակություն ունեն։ Թուրքիան գնահատում է զարգացումները տարածաշրջանային խաղաղության և կայունության տեսանկյունից և վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ չափավորության և միջազգային իրավունքի պահպանման»,- ասել է նախարարության խոսնակը։
Աքթյուրքը նաև քննադատել է Իսրայելի ցամաքային գործողությունը և ավիահարվածները Լիբանանում՝ ասելով, որ դրանք «խորացնում են տարածաշրջանային անկայունությունը» և «լուրջ խախտում են միջազգային և մարդասիրական իրավունքը»։ Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ նրա՝ Իսրայելը շարունակում է խախտել Գազայի հրադադարը և ճնշում է գործադրում Արևմտյան ափի վրա, այդ թվում՝ արգելափակելով մուսուլմանների աղոթքի իրավունքը սրբազան Ռամադան ամսվա ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի