Հայտնի են դարձել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները
Հասարակություն
05.11.2018 | 12:04Ամփոփվել են «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական հայաստանյան մրցույթի արդյունքները:
ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող միջազգային մրցույթի՝ Հայաստանի ազգային ժյուրին, որի կազմում մրցույթի համակազմակերպիչ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներից բացի ընդգրկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչներ, նոյեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում, սահմանված երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ», ընտրել է առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացած աշխատանքները:
Հիշեցնենք, որ մրցույթի շրջնակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաև երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ը պատրաստել և www.anticorruption.life պաշտոնական կայքում զետեղել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ: Դրանցում պետք է արտացոլվեին հակակոռուպցիոն պայքարի պետության ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության դերի ու նշանակության, ինչպես նաև հասարակության գործունեության ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրև հանրային, պետական ու գլոբալ չարիքի, անհադուրժելի երևույթի, դրա դեմ անզիջում գտնվելու վերաբերյալ հեղինակների հետաքրքիր յուրօրինակ պատկերացումները, գաղափարներն ու ուղերձները:
Հայաստանից մրցույթին մասնակցել է 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ և 26 պաստառ: Հատկապես իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Եվրոպական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ուսանողներն ու սաները:
Հայաստանի ժյուրիի որոշմամբ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արտյոմ Աղասարյանի ներկայացրած տեսահոլովակը: Երկրորդ մրցանակի է արժանացել Աննա Սարուխանյանի անվամբ ներկայացված՝ ընտրական կոռուպցիայի մոտիվներով աշխատանքը: Իսկ երրորդ մրցանակակիր է դարձել Մարիամ Զադոյանի կողմից ներկայացված տեսահոլովակը:
«Լավագույն պաստառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ոսկեհատ Թադևոսյանն իր «Մի եղիր խամաճիկ» վերտառությամբ պաստառով: Երկրորդ մրցանակի է արժանացել Անի Գրիգորյանը՝ «Կանգնի՛ր, կոռուպցիա» խորագիրը կրող աշխատանքով: Իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Արմինե Սոֆոյանի «Մի՛ լռիր և մի՛ դարձիր նրանցից մեկը» վերնագրով պաստառը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակները ՀՀ գլխավոր դատախազության կողմից կարժանանան խրախուսանքի: Իսկ առաջին փուլում հաղթող ճանաչված լավագույն տեսահոլովակը և պաստառը ազգային ժյուրի կողմից, ինչպես սահմանված է մրցույթի անցկացման կանոնակարգով, կներկայացվի մասնակից երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային ժյուրիի դատին: Այդ երկրորդ փուլի արդյունքները կամփոփվեն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառման ընթացքում, որտեղ հաղթողները կարժանանան մրցանակների: