Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

«Եկել է ժամանակը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնենք պատարագը։ Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի այդ մասին։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը այնտեղ անցկացնել»,- Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ այսպես արձագանքեց Factor TV-ի լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը չի կարողացել իր սցենարով պատարագ անցկացնել և ստիպված է եղել ուրիշ թեմից հոգևորականի բերել Գյումրի։ 

Կիրակի Փաշինյանը Յոթ Վերքում էր, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Թեմի հոգևորականները հրաժարվել էին մատուցել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:

Սիմոնյանի այս հայտարարությանը Մայր Աթոռից դեռ ոչ մի արձագանք չկա, մեր զանգերն էլ անպատասխան մնացին։

Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը պաշտպանող քահանաները Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը լուրջ չեն ընդունում։

«Մեկնաբանություններն եմ սիրում կարդալ, ժողովուրդը հաջորդ պատարագն առաջարկում էր Գանձասարում անել, Դադիվանքում կամ Ղազանչեցոցում անել»,-մեզ հետ զրույցում նշել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Տեր Մուշե քահանա Վահանյանն էլ կարծում է՝ իշխանության ներկայացուցիչները նման բան անել չեն համարձակվի․ «Մայր Աթոռն ուրիշ է, Մայր Աթոռը դա արդեն վերջն է։ Այն իր պաշտպանությունը կունենա և իր խոսքը կասի»։ 

Այս ամենը, ըստ իշխանության ներկայացուցիչների, հոգևոր նորոգման տրամաբանության մեջ է։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր ձևակերպմամբ, նորոգման ճանապարհային քարտեզ ներկայացրել, որը պետք է տեղի ունենա կաթողիկոսի հեռանալուց հետո։ 

Առանցքային կետերը վերաբերում են եկեղեցու ապաքաղաքական լինելուն, ֆինանսական թափանցիկությանը և հոգևորականների բարեվարքությանը։ Դրա դիմաց էլ հոգևոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն կստանան։ Ըստ վարչապետի՝ եկեղեցին նաև պետք է նոր կանոնագիրք ընդունի։ 

«Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,- նշել է Փաշինյանը։

Տեր Մուշեն դատապարտելի է համարում այն ճանապարհը, որն ընտրել է իշխանական վերնախավը, ինչպես նաև  մի շարք արքեպիսկոպոսների մասնակցությունը Յոթ Վերքի պատարագին․ «Հոգևոր դասն իր մահկանացուն կնքեց։ Իրենք ամբողջությամբ խախտեցին այն կարգերը, որոնք ժամանակին դրել էին։ Նույն սրբազանները։ Էս ամեն ինչի վրայով անցնելը դատապարտելի է։ Մեզ համար ցավալի էր տեսնել իրենց էդտեղ, էդ կարգավիճակում»։

Երեկ հայտնի դարձավ նաև, որ ժամանակավորապես հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովի գումարումը։ Ժողովի ընթացքում պետք է քննության առնվեին եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։ 

«Եպիսկոպոսների ժողովը մի փոքր հետաձգվել է, իրենք ավել ժամանակ կունենան դարձի գալու, եկեղեցի վերադառնալու համար»,- նշել է Տեր Վրթանեսը։

Եպիսկոպոսների վարքագծին անդրադարձել է նաև Մայր Աթոռը։ Հայտարարության մեջ նշվում է՝ դեռևս զերծ են մնում խիստ միջոցների կիրառումից։

«Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ՝ հետևելով մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև եկեղեցու հետ կապված վարչապետի քաղաքականությանն աջակցող  Տեր Արամ քահանա Ասատրյանի, Տեր Թադե քահանա Թախմազյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, որոնք Մայր Աթոռի որոշմամբ կարգալույծ են հռչակվել։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց կարծիքը մեզ չհաջողվեց իմանալ, քանի որ զանգերն անպատասխան մնացին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան