Կյանքը՝ չորրորդ հարկի պատուհանից. եվրոպական ստանդարտներ՝ հայկական իրականությամբ
Աննան (անունը փոխված է) Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոնդոն, սովորել Վեսթմինստերի համալսարանում, հմտացել գործարարական իրավունքի ոլորտում։ 2016-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ իր մասնագիտությամբ աշխատել է հոր հետ: 2017-ը, սակայն, փոխել է նրա կյանքը:
«Մայիսին կաթված ստացա: Մի առավոտ արթնանում ես՝ լրիվ ուրիշ մարդ»,- պատմում է Աննան ու հիշում, որ հիվանդությունից ամիսներ անց է միայն ի վիճակի եղել վերադառնալ Հայաստան: Վերջին ութ տարվա մեջ ապաքինվելու ակնկալիքով մի շարք հետազոտություններ է անցել և բուժումներ ստացել, ընդհուպ արտերկիր է մեկնել՝ ոտքի կանգնելու հույսով, բայց ապարդյուն: Այս ընթացքում բուժման, հետազոտությունների, տեղափոխման ծախսերը հայրն է հոգացել, հետո հայրը նույնպես հիվանդացել է: Աննան որոշել է, որ պետք է աշխատի ու փորձի հոգալ ծախսերը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հետ արդեն մեկ տարի է՝ աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում: Վերջին անգամ Աննան առցանց հարթակում, հարցազրույցի մի քանի փուլ անցնելով, մի հաստատությունում աշխատանքի է ընդունվել, պետք է վերապատրաստում անցներ ու սկսեր աշխատել: Շուտով պարզվել է, որ կազմակերպության շենքը, որտեղ պիտի աշխատեր, նույնպես մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Ասացի՝ սայլակով հնարավո՞ր է։ Ասացին՝ ոչ, հարմարություններ չունենք: Պիտի դիմեի մի ծառայության, որ գար, ինձ օգներ: Այստեղից իջեցնել-բարձրացնելու, մի հատ էլ՝ այնտեղ բարձրացնել-իջեցնելու համար ամեն օր 22 հազար դրամ պիտի վճարեի: Ամեն աստիճանի համար պիտի վճարես»,- պատմում է Աննան:
Հասկանալով, որ աշխատանքի գնալու և տուն վերադառնալու գումարը գերազանցելու է աշխատավարձը, Աննան ստիպված հրաժարվել է այդ հնարավորությունից:
«Ես շատ բան ունեմ տալու, բայց հիմա չեմ կարողանում տալ՝ միայն արտաքինիս պատճառով, միայն դրա պատճառով»,- սրտնեղում է նա, հետո հիշում մի պատմություն, որն ավելի է ցավեցրել:
Փորձել է անգլերենի պարապմունքներ անցկացնել տնից: Առցանց հայտարարությամբ զանգել են, պայմանավորվել, բայց հետագայում հրաժարվել են՝ առանց որևէ պատճառաբանության:
ԱՄՆ-ում, Լոնդոնում, Չինաստանում ապրած Աննան չի կարողանում հաշտվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքի հետ:
«Արտերկրում մարդկանց ու պետության վերաբերմունքը, միջավայրի, հիվանդանոցների հարմարավետությունը, ամեն ինչն է տարբեր: ԱՄՆ-ում մեկ ամիս հիվանդանոց եմ գնացել: Այդ ընթացքում գրեթե չէի զգում, որ խնդիր ունեմ։ Մի տեսակ հանգիստ ես, դուրս ես գալիս, ոչ ոք քեզ չի նայում, ոչ ոք քեզ չի մոտենում, չի հարցնում՝ ի՞նչն է խնդիրը, ի ծնե՞ է եղել, թե՞, ասենք, ավտովթար է եղել։ Միայն այն, որ ուղիղ դեմքիդ չեն նայում, արդեն ամեն ինչ արժե: Կամ, երբ ինչ-որ մեկն ուղիղ քեզ է նայում, միևնույն է, խնդիրներով հանդերձ, արդեն իսկ կոմպլեքսավորված ես»,- նեղսրտում է Աննան և ասում, որ տարվա ընթացքում երեք-չորս անգամ է տնից դուրս գալիս, այն էլ՝ նախընտրում է մարդաշատ վայրերում չլինել, որ խուսափի հայացքներից ու հարցերից և վայելի դրսում գտնվելու հաճույքը:
Աննան 1-ին կարգի հաշմանդամություն ունի և պետության աջակցության մի շարք ծրագրերից օգտվելու իրավունք: Բայց ութ տարվա ընթացքում միայն մեկ սայլակ է ստացել պետությունից: Ամիսներ առաջ դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ սանիտարական հիգիենայի համար նախատեսված սայլակ խնդրելով, սակայն պարզել է, որ դրա համար նոր փորձաքննությունն պետք է անցնի։
2024-ից հաշմանդամության կարգի տրամադրման նախկին համակարգը փոխարինվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով: Եթե նախկինում կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ գործում է e-disability.am հարթակը, որը հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա ինքնաշխատ եղանակով որոշում է անձի վիճակը։ Թե ինչ բանաձևով է համակարգը հաշվարկում անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, նախարարությունը չի հրապարակում:
Ցավոք, Աննան չի դիմել ֆունկցիոնալության կարգը թարմացնելու համար։ Խոցելիության խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդիկ հիմնականում թերահավատ են։ Եվ եթե կողքից ասում են, «կդիմես՝ կարգդ կկորցնես», ապա դա բավարար է հրաժարվելու ու ևս մեկ հուսահատության ալիք վերապրելու համար։
Հայաստանում հաշմանդություն ունեցող ավելի քան 150 հազար անձ է հաշվառված
Հայաստանում հազարավոր մարդիկ են գամված իրենց տներում միայն այն պատճառով, որ միջավայրը թույլ չի տալիս նրանց լիարժեք դուրս գալ բնակարանից: Աննայի պատմությունն արտացոլում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կծիկը՝ պետության հոգածությունից մինչև ֆունկցիոնալության գնահատում, մատչելիություն ու զբաղվածություն, հասարակության վերաբերմունք:
Այսինքն՝ պետության հոգածության ներքո գտնվում է ավելի քան 153 հազար անձ՝ ակնկալելով ապրել այնպիսի միջավայրում, որտեղ կունենա քիչ թե շատ բոլորին հավասար հնարավորություններ:
Ո՞ւր գնալ, երբ գնալու տեղ չկա
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի համոզմամբ՝ Հայաստանում հաշմանդամները ցանկացած ոլորտում են հանդիպում խտրականության դրսևորման, բայց առաջնային խնդիրներից մեկը մատչելիությունն է, ընդ որում՝ խոսքը միայն ֆիզիկական միջավայրի մատչելիության մասին չէ, այլ առհասարակ՝ տեղեկատվության, հաղորդակցության, ծառայությունների և այլն։
Ֆիզիկական միջավայրի մատչելության մասին խոսելիս Հովսեփյանը ներկայացնում է բազմաբնակարան շենքերում վերելակների առկայությանը վերաբերող ուսումնասիրությունը: Այսպես, 2023-ի տվյալներով՝ Հայաստանում 19,319 բազմաբնակարան շենք է եղել, բայց միայն 3,227-ն է վերելակ ունեցել:
«Ու դեռ հարց է արդո՞ք այդ վերելակներն ունեն լայն դռներ, որ սայլակով տեղաշարժվող մարդը կարողանա մուտք գործել»,-նշում է Հովսեփյանը:
Խնդիրներից մեկն էլ այն է, որ, օրինակ, համայնքի ղեկավարները շահագործման ակտը ստորագրում են՝ առանց համոզվելու, որ մատչելիության ստանդարտները պահված են։ Ասել է, թե այդ ստանդարտների նկատմամբ վերահսկողական մեխանիզմ չի գործում:
«Այնպիսի տպավորություն է, որ չկա ինչ-որ պետական մարմին, որը կասի՝ «ո՛չ, սիրելի համայնքի ղեկավար, Դուք չեք ապահովել մատչելիությունը, բայց տվել եք շահագործման ակտ»,- նկատում է Հովսեփյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում գործում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը լավագույն դեպքում մատչելիության վերաբերյալ տարեկան հինգ խախտում է արձանագրում:
«Բայց հասկանում ենք, չէ՞, որ Երևանում միայն փողոցով քայլելիս հնարավոր է արձանագրել ավելի մեծ թվով խախտումներ, քան երկրով մեկ ողջ տարվա ընթացքում»,- հավելում է նա։
Ի դեպ, Հայաստանը մատչելիության ստանդարտներ սահմանել է 2006 թվականից, բայց գրեթե չես գտնի որևէ շենք-շինություն, որը լիարժեք համապատասխանում է այդ պայմաններին։
«Կարծում եմ՝ առաջին հերթին խորքային համոզմունքների խնդիր կա Հայաստանում։ Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտարկվում իբրև հավասարը հավասարին այս կամ այն ծառայություններից օգտվողների կամ սպառողների։ Օրինակ՝ երբ ռեստորան ենք բացում, պետք է մտածենք, որ մեր ծառայություններից օգտվելու են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ: Այդ մտածողությունը, ցավոք, մեզանում չկա»,- ասում է Հովսեփյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2024» հետազոտության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող 15-74 տարեկան անձանց միայն 22,7 տոկոսն է զբաղված:
«Չգիտեմ, այս ցուցանիշն ընդհանուր զբաղվածության վիճակագրության որ մասն է կազմում, սակայն խնդիրն առավել ևս կարևորվում է՝ ելնելով այն իրողությունից, որ մեզանում վերջին տարիներին հաշմանդամության էական երիտասարդացում է տեղի ունեցել»,- նշում է ՀԿ ղեկավարը։
Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ տարբեր կարծրատիպային պատկերացումների հետևանքով գործատուները պատրաստ չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունել։ Բայց պետությունն ունի պարտավորություն՝ նրանց զբաղվածության հարցը լուծելու:
Իրականում, «Հարկային օրենսգրքով» նախատեսվում է շահութահարկի նվազեցմանն առնչվող որոշակի արտոնություններ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունած հարկ վճարողի համար, բայց դրա վերաբերյալ իրազեկվածությունը ցածր է։
«Այն մեխանիզմը, որով իրենք կարող են այդ գումարները հետ ստանալ կամ պակաս հարկ վճարել, շատ բարդ է, և, ընդհանրապես հասկանալի չէ, թե երբևէ գործատուներն օգտվե՞լ են դրանից, թե՞ ոչ»,- ասում է Հովսեփյանը։
Ինչ են թելադրում համաշխարհային չափանիշները
Հաշմանադամություն ունեցող անձանց խտրականության չենթարկելը և նրանց հավասար հնարավորություններով ապահովելը ոչ թե պետության բարի կամքի դրսևորում, այլ միջազգայնորեն ստանձնած պարտավորություն է:
2010 թվականի հոկտեմբերին Հայաստանի համար ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պետությունները պարտավորություն են ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք և հավասար իրացումն ապահովելու համար։ Կոնվենցիայի հիմնական պարտավորությունները ներառում են խտրականության բացառում, մատչելիության ապահովում, առողջապահական, կրթական և սոցիալական ծառայությունների հասանելիություն, աշխատանքի և զբաղվածության իրավունքների պաշտպանություն և այլն։
Հաշմանդամների մատչելիության եվրոպական ստանդարտներ
Եվրոպական միությունում մատչելիությունը կարգավորվում է մի շարք ստանդարտներով, որոնք նպատակ ունեն ապահովել ապրանքների, ծառայությունների, թվային միջավայրի և հանրային ենթակառուցվածքների հավասար հասանելիությունը։
Եվրոպական մատչելիության ակտի հիմնական պահանջները ներառում են՝
Ֆիզիկական միջավայրի մատչելիություն. հանրային շենքերի, տրանսպորտային հանգույցների և քաղաքային ենթակառուցվածքների կառուցում ու ձևավորում այնպես, որ դրանք լինեն ֆիզիկապես մատչելի:
Տեղեկատվության և հաղորդակցության մատչելիություն. պահանջվում է, որ տեղեկատվությունը մատուցվի բազմաֆորմատ տարբերակներով՝ ապահովելով հասանելիություն բոլորի համար (պարզ լեզվով, Braille, մեծացված տեքստ, ձայնային տարբերակներ):
Թվային մատչելիություն. ենթադրվում է հանրային կայքերի, բջջային հավելվածների, էլեկտրոնային համակարգերի և օնլայն ծառայությունների մատչելիություն (նկարների և մեդիայի համար տեքստային այլընտրանքներ):
Ապրանքների և ծառայությունների մատչելիություն. պարտադրվում է, որ ապրանքները և ծառայությունները մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ներառյալ՝ բանկային ծառայություններ, տրանսպորտի տոմսային և տեղեկատվական համակարգեր, ինքնասպասարկման տերմինալներ (բանկոմատներ)։
Տրանսպորտի մատչելիություն. երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային տրանսպորտը պետք է մատչելի լինի հաշմանդամների համար` ուղեկցող ծառայությունների հասանելիություն, հարմարեցված նստատեղեր, ինֆորմացիայի մատչելի հաղորդում բոլոր ուղևորներին։
Համընդհանուր ձևավորման սկզբունքի կիրառում. ըստ այս մոտեցման՝ ապրանքներն ու միջավայրերն ի սկզբանե նախագծվում են այնպես, որ լինեն օգտագործելի հնարավորինս լայն շրջանակի համար՝ առանց հետագա հարմարեցումների։
Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխված Արամը (անունը փոխված է) անհանգստություն և դեպրեսիա ախտորոշմամբ 2015-ին լքել է հայրենիքը ու հաստատվել Նիդերլանդներում: Հայաստանում այս ախտորոշմամբ աշխատանք գտնել չի կարողացել, թեև համապատասխան կրթություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Գործատուները, երբ իմանում էին իմ առողջական վիճակի մասին, ասում էին, որ դա «ռիսկային է»: Արդյունքում, ես մնացի առանց աշխատանքի և եկամտի, ինչը է՛լ ավելի վատթարացրեց իմ վիճակը»,- պատմում է Արամը:
Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո Արամն աշխատանք է գտել indicatie banenafspraak ծրագրի շնորհիվ: Այս ծրագիրը նախատեսված է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Այն պարտադրում է պետական հաստատություններին և ընկերություններին վարձել հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հատուկ աշխատատեղեր ստեղծելով:
«Ես դիմել եմ UWV-ին (Հոլանդական աշխատանքի գործակալություն), անցել եմ գնահատում, և ստացել եմ «indicat»՝ հաստատում, որ իրավունք ունեմ այդ ծրագրով աշխատանքի: Այժմ աշխատում եմ նախարարություններից մեկում՝ որպես տվյալների մշակող»,- ասում է Արամը՝ նշելով, որ իրենք այս ծրագրով աշխատանքի են ընդունվում առանց մրցույթի, իսկ աշխատանքային պայմանները հարմարեցվում են անձի կարիքներին։
«Այստեղ ամեն ինչ հարմարեցված է իմ առողջությանը: Աշխատանքային գրաֆիկս ճկուն է՝ շաբաթվա մեջ 20 ժամ՝ ոչ ամբողջ օր, որպեսզի չհոգնեմ: Բայց ես ստանում եմ մեկ դրույքի աշխատավարձ։ Կարող եմ ընդմիջումներ անել, երբ անհրաժեշտ է, և նույնիսկ տնից աշխատել, եթե առողջական վիճակս լավ չէ: Կարող եմ բացակայել գործից, թեև վճարվում եմ նաև այդ օրերի համար։ Աշխատավայրը կահավորված է հատուկ՝ հանգստի սենյակներով, կարող եմ մեկուսանալ, եթե անհանգստություն ունեմ: Ընդհուպ հոգեբանի աջակցություն եմ ստանում, անհրաժեշտություն դեպքում: Այսպիսին է այստեղի ստանդարտը»,- մանրամասնում է Արամը:
Իր փորձով կիսվում է նաև Ամստերդամում ապրող Հելիանտեն, ով որպես գանձապահ է աշխատում սուպերմարկետներից մեկում, թեև լսողության խնդիր ունի: Նա մոտ 5000 եվրո արժողությամբ լսողական ապարատ է ստացել պարտադիր առողջական ապահովագրության խողովակով, որի միջոցով էլ անխոչընդոտ շփվում է մարդկանց հետ: Նա նույնպես աշխատանքի է անցել բոլորի նման՝ բաց հայտարարությամբ։
«Որևէ նախապաշարմունք հաշմանդամություն ունեցող մարդկանց առումով չի դիտարկվում: Իմ գործատուն շատ հոգատար է: Նրանք հասկանում են իմ վիճակը և ստեղծել են հատուկ աշխատանքային պայմաններ՝ ունեմ լրացուցիչ ընդմիջումներ, որպեսզի հանգստանամ և ստուգեմ սարքը: Բացի այդ, կարող եմ ազատ օրեր վերցնել, եթե անհրաժեշտություն կա բժշկական ստուգումների կամ հոգնածության պատճառով: Սա օգնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Գործընկերներս օգնում են, իսկ հաճախորդներն ըմբռնումով են մոտենում իմ խնդրին»,- ասում է Հելիանտեն:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխատանքային իրավունքները Նիդերլանդներում
Նիդերլանդների ազգային օրենսդրությունը մանրամասն կարգավորում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխատանքային իրավունքները:
Հավասար վերաբերմունքի մասին օրենքով (Wet gelijke behandeling op grond van handicap of chronische ziekte, WGBH/CZ) արգելվում է խտրականությունը հաշմանդամության կամ քրոնիկ հիվանդությունների հիմքով, ներառյալ՝ աշխատանքի ընդունելության, պայմանների և ազատման գործընթացներում: Գործատուն պարտավոր է ապահովել խելամիտ հարմարեցումներ (bijvoorbeeld aanpassingen), օրինակ՝ աշխատանքային տարածքի հարմարեցում կամ ճկուն գրաֆիկ:
Աշխատանքի և խնամքի մասին օրենքով (Wet arbeid en zorg) կարգավորում է աշխատանքային ժամերի ճկունությունը, ինչը կարևոր է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար:
Աշխատանքի մասնակցության մասին օրենքը (Participatiewet) նպատակ ունի խթանել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումն աշխատաշուկայում՝ աջակցելով աշխատանքի տեղավորմանը, սուբսիդիաներին և վերապատրաստման ծրագրերին: Օրինակ՝ գործատուները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց վարձելու համար:
Սոցիալական աջակցության մասին օրենքը (Wet maatschappelijke ondersteuning, WMO)-ը, որը հիմնակամնում վերաբերում է սոցիալական խնամքին, նպաստում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխատանքային ներառմանը՝ կարգավորելով նրանց աջակցության, օրինակ՝ տրանսպորտ կամ անհատական օգնականներ տրամադրելու հարցերը:
Նիդերլանդներում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավելու հարցում հատկապես մեծ է քաղաքային իշխանությունների դերը: Վերջինները պարտավոր են աջակցել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխատանք գտնելու և այն պահպանելու հարցում: Մունիցիպալ մակարդակում իրականացվող հիմնական գործողությունները ներառում են մի քանի էական պայմաններ։
Աշխատանքի տեղավորման ծրագրեր. քաղաքային իշխանությունները համագործակցում են Աշխատակիցների ապահովագրության գործակալության և տեղական գործատուների հետ՝ ստեղծելու աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օրինակ՝ քաղաքը կարող է ստեղծել doelgroepregister (նպատակային խմբի ռեգիստր)՝ գրանցելով այն անձանց, ովքեր համապատասխանում են աշխատանքային աջակցության չափանիշներին:
Սուբսիդիաներ և խթաններ. քաղաքային իշխանությունները տրամադրում են ֆինանսական աջակցություն գործատուներին, օրինակ՝ loonkostensubsidie (աշխատավարձի սուբսիդիա), որը փոխհատուցում է աշխատանքի արդյունավետության հնարավոր կորուստը:
Անհատական աջակցություն. քաղաքային իշխանություններն առաջարկում են jobcoaching (աշխատանքային խորհրդատվություն)՝ օգնելու անձանց հարմարվել միջավայրին: Սա կարող է ներառել վերապատրաստում, աշխատավայրի հարմարեցում կամ գրաֆիկի ճշգրտում:
Սարքավորումների տրամադրում. քաղաքային իշխանությունները կարող են ֆինանսավորել աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ, օրինակ՝ անվասայլակներ ձեռք բերելու կամ հատուկ ծրագրային ապահովում իրականացնելու հարցում:
Արդյո՞ք Հայաստանյան իրականությունը բացառում է հանրային կյանքին մասնակցությունը
2017-ի հուլիսի 9-ին Երևանի ավագանու նիստի մեկնարկը հիշարժան դարձավ ոչ այնքան սովորական մի պատմությամբ: Այն ժամանակ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին գործընկերներն անվասայլակով գրկած տարան նիստի: Բաթոյանն այլ տարբերակ չուներ նիստին մասնակցելու, քանի որ քաղաքապետարանի շենքը հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Զարուհի Բաթոյանի՝ քաղաքապետարանում հայտնվելուց հետո միայն այս շենքը հարմարեցվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա մեզ հետ զրույցում ժպիտով հիշում է, որ հարմարեցումն «իր անվան կամուրջ» անունն է ստացել:
Այժմ Բաթոյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է և մշտապես բարձրաձայնում է հատուկ կարիքներ ունեցող անձանց հարցերի մասին: Մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվելը նույնպես Բաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ է զբաղվել, հիմնադրել է նաև այս խնդիրների մասին բարձրաձայնող «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:
2018-ին Բաթոյանը եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, 2019-ին նշանակվել է նախարար: Հաշմանդամություն ունեցող անձից մինչև քաղաքականություն մշակող ու որոշում կայացնող. Բաթոյանն անցել է բոլոր փուլերով և փաստում է՝ հաշմանդամները, անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, խտրականության են ենթարկվում։
«Ես այսօր էլ ամեն օր խոչընդոտ հաղթահարում եմ: Բայց դա շատ քիչ մարդ է նկատում»,- ասում է Բաթոյանը և նշում, որ այն բոլոր միջավայրերում, որտեղ ինքը հայտնվում է, ցանկանում է մատչելի դարձնել:
«Դա ճանապարհ է հարթում նաև մյուսների համար, որոնք ինձնից հետո կհայտնվեն ու կլինեն այն դերում ու պաշտոնում, որտեղ ես եմ եղել»,- ասում է Բաթոյանը:
Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ բոլոր մակարդակներում իրազեկվածության պակաս կա, ընդհուպ՝ որոշում կայացնողների: Այդ է պատճառը, որ կարևորում է Հայաստանում մատչելիության մարմնի ստեղծումը:
«Իմ համոզմամբ՝ մենք պետք է ունենանք հանձնաժողով կամ պետական մակարդակում ինչ-որ մի կառույց, որի խնդիրը կլինի միայն մատչելիությունը։ Այս մարմինը պետք է համապատասխան փորձաքննություն անցկացնի, ուղղորդի, կրթի, բողոքներ ընդունի և քննի»,- ասում է Բաթոյանը և նշում, որ այսօր մատչելիության հարցերով Հայաստանում զբաղվում են բոլորը և ոչ ոք։
«Սկսած Մարդու իրավունքների պաշտպանից մինչև Քաղաքաշինության կոմիտե, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և տեսչական մարմիններ բողոքներ են ընդունում մարդկանցից, բայց ի՞նչ է լինում դրա հետևանքով. ոչ մի բան»,- ասում է Բաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ լուծումը մատչելիության մարմնի ստեղծումն է:
Նա նաև նշում է՝ ինքն այդպիսի մարմին ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել է, բայց գործընկերներն այն չեն ընդունել՝ հենց այն հիմնավորմամբ, որ այլ մարմիններ զբաղվում են նման հարցերով:
Բաթոյանը նաև Զբաղվածության մասին օրենքում խնդրի լուծմանը նպաստող օրենսդրական փոփոխությունների և լրացումների նախաձեռնությամբ է հանդես եկել: Մասնավորապես, առաջարկել է ներդնել քվոտայի պահանջ հանրային և մասնավոր հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելու վերջիններիս տնտեսական ակտիվությանը, նվազեցնելու նրանց կախվածությունը սոցիալական աջակցությունից։
Նախագծի հիմնավորումներում Բաթոյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով Եվրոպական միության անդամ 27 երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգը 20-25 և ավելի աշխատատեղեր ունեցող կազմակերպությունների համար։ Ըստ նախագծի՝ պետական մարմինների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային հաստատությունների համար հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի պահանջ պետք է սահմանվեր կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի չորս տոկոսի, իսկ ոչ պետական կազմակերպությունների համար՝ երկու տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը հարյուր և ավելի է:
Բացի այդ, առաջարկվում էր սահմանված քվոտայի պահանջը չկատարած կազմակերպությունների դեպքում մասհանումների չափի համար սահմանել բանաձև՝ «Զբաղվածության մասին» գործող օրենքում առկա յուրաքանչյուր աշխատատեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի փոխարեն: Բաթոյանի այս նախագիծը ևս գործընկերների աջակցությունը չի ստացել:
Պատգամավորի խոսքով՝ պետական ամենաբարձր օղակներում այս և այլ հարցերի վերաբերյալ ըմբռնում կա, բայց, փաստորեն, այդ խնդիրները երկար ժամանակ է՝ չեն լուծվում:
Արաքս Մամուլյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։