Ովքեր էին վարչապետի հետ հանդիպմանը ներկա 8 հոգևորականները․ եկեղեցական պառակտո՞ւմ, թե՞ հոգևոր նորոգում
Քաղաքականություն
28.11.2025 | 11:50
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց Մայր աթոռի բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպման մասին։ Վարչապետի էջում երեկ հրապարակված կադրերից երևում է, որ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հայտարարության տակ ստորագրած 9 հոգևորականներից 7-ն է ներկա գործադիրի ղեկավարի հետ հանդիպմանը։ Կառավարությունում էր ևս մեկ հոգևորական, որը չէր ստորագրել փաստաթղթի տակ։ Տեսանյութի ուսումնասիրությամբ Factor TV-ն արձանագրել է, որ Փաշինյանի հետ հանդիպել են՝
- Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,
- Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը,
- Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը,
- Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը,
- Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը,
- Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը,
- Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը,
- Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հայտարարության տակ ստորագրել են նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, սակայն հանդիպմանը ներկա չեն եղել։ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ստորագրությունը չկա, սակայն վերջինս ներկա է եղել հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց «սկզբունքային դիրքորոշման համար»․ «Մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին, և դա մեր նպատակն է և խնդիրն է»։
Արդյոք վարչապետի այս դիրքորոշումը կիսում են այն հոգևորականները, որոնք ներկա էին հանդիպմանը։
Օրինակ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանրությանը հայտնի է ոչ միայն իր հոգևոր գործունեությամբ, այլև մի շարք սկանդալային պատմություններով, որոնք լայնորեն լուսաբանվել են հայկական լրատվամիջոցներում։ Հրապարակումների համաձայն՝ նրա անունը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունների հետ միասին, հայտնվել է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Ինքը՝ Կճոյանը, հերքել է իր առնչությունը ձեռնարկատիրական գործունեության հետ՝ հայտարարելով, որ եթե նման բանով զբաղվեր, չէր շարունակի ծառայել եկեղեցուն։ Նա նշել է, որ երկու գործարարներ իրենց հարաբերությունները պարզելու համար ներքաշել են իրեն և վարչապետին՝ առանց իրենց իմացության։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման համար։ Կճոյանը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում։
Հոգևորականներից Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի վերաբերյալ դեռևս 2019-ին են հրապարակումներ եղել այն մասին, որ վերջինս Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի անունը հայտնվեց քննարկումների կենտրոնում, երբ նա Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից մատուցված ծեսը «պատարագ» անվանեց, մինչդեռ Մայր Աթոռը պաշտոնական հաղորդագրությամբ այն որակել էր որպես «սրբապիղծ բեմականացում»։ Ավելի ուշ, արքեպիսկոպոսը հայտարարեց, որ իր խոսքերը աղճատվել են և ինքը կիսում է Մայր Աթոռի մոտեցումները։ Նա նաև քննադատության ենթարկվեց Տալինում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի համար։
Բացի այդ, 2014-ին «Հայկական ժամանակը» գրել է՝ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անգամ Գեորգի Էլիբեգովը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում է եկեղեցուն տրվող գումարները մսխելու համար։
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի մասին մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ նա խոշոր բիզնեսմեն է և կապ ունի հիդրոէլեկտրակայանների հետ։ Ինքը՝ հոգևորականը, հերքել է այդ տեղեկությունները՝ պնդելով, որ ինքը միայն օգնել է դրանց կայացմանը։
Հանդիպմանը ներկա գտնված մի շարք հոգևորականների անվան շուրջ առկա հասարակական ընկալումները որոշակիորեն ստվերում են այս երկխոսության նպատակներն ու անկեղծությունը։
Հիշեցնենք՝ Կաթողիկոսի կողմից հանձնախումբ էր ստեղծվել՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։
«Հանձնախումբը նույն օրն իսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի տնօրինություն՝ համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՌ ՈՉԻՆՉ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,-նշվում է հրապարակված հայտարարության մեջ։
Տեքստից ենթադրվում է նաև, որ եպիսկոպոսները համարում են՝ կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը։ Նրանք դատապարտել են «Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։
Եվգենյա Համբարձումյան