Ձևական ամուսնալուծություն, փողերի լվացման մեղադրանք. Գևորգ Կոստանյանի կինը ՀՀ-ում կկանգնի դատարանի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անշարժ գույք Հունաստանում և Ռուսաստանում, հարյուր հազարավոր եվրոների և միլիոնավոր ռուբլիների փոխանցումներ․ Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտանիքին վերագրվող ունեցվածքի զգալի մասը, ըստ Դատախազության, հանցավոր ծագում ունի։ Դատարանի առաջ է կանգնել Կոստանյանի կինը՝ Լիլիթ Կոստանյանը։

2018 թվականի հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործով անցնող Գևորգ Կոստանյանը հրավիրվել է դեռ այդ ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն։ Նա հայտնել է, որ արտերկրում է, 15-20 օրվա ընթացքում կվերադառնա, սակայն այդպես էլ չի վերադառնում։ 2019-ի վերջին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվում, դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարում է նրան կալանավորելու միջնորդությունը։ 

Ըստ Դատախազության՝ նրա կինը՝ Լիլիթ Կոստանյանը, օգնել է ամուսնուն հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու գործընթացում: Խոսքը 400,000 եվրոյի և 16 միլիոն 175 հազար ռուբլու մասին է, որոնք համարժեք են 360,5 միլիոն դրամի։ 

«Այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը: Նշեմ, որ Կոստանյանները, բացի Մարտի 1-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման մեջ, և այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,- օրեր առաջ խորհրդարանում հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Լիլիթ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, գործը Հակակոռուպցիոն դատարանում է։ Դատախազությունում համոզված են նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Կոստանյանները ձևականորեն ամուսնալուծվել են, ինչը հնարավորություն է տվել թաքցնել կնոջ կողմից կատարված փոխանցումների, անշարժ գույքեր ձեռք բերելու հանգամանքները, քանի որ Լիլիթ Կոստանյանն ազատվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից։

Ըստ գործի նյութերի՝ 2006-2019 թվականներին Գևորգ Կոստանյանը ստացել է հանցավոր ծագում ունեցող եկամուտներ՝ գույքի և դրամական միջոցների տեսքով։ Լիլիթ Կոստանյանի անվամբ Հայաստանում և տարբեր երկրներում բանկային փոխանցումների միջոցով ձեռք են բերվել մի շարք անշարժ գույքեր՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գումարների մի մասի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները և պատկանելությունը: Լիլիթ Կոստանյանն ամուսնու հետ փոխկապակցված անձ Արման Գալստյանին 2017 թվականի մարտի 1-ին տվել է լիազորագիր, որով էլ նա շուրջ 16,1 միլիոն ռուբլիով Մոսկվայի շրջանի Խիմկի քաղաքում գտնվող ոչ բնակելի տարածքներ է ձեռք բերել։ 

Գալստյանն անցնում է նաև նախկին պաշտոնյայի, նրա կնոջ և ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ 

Կոստանյան ամուսիններն անշարժ գույք են ձեռք բերել նաև Հունաստանում։ Այս անգամ կինն ամուսնու հետ փոխկապակցված անձ Արթուր Խաչատրյանին է լիազորել իր անունից անշարժ գույքեր գնել։ 400 հազար եվրո է փոխանցվել 4 բնակարան գնելու համար՝ 54, 73, 87 և 90 քմ մակերեսով։ Դրանք գտնվում են Աթենքի մարզի Էղալեո քաղաքում։ 

Հունաստանում անշարժ գույք է ձեռք բերվել նաև 2019 թվականի հուլիսին։ Այս անգամ Ալիմոս քաղաքում՝ 127,30 քմ մակերեսով բնակարան և 5 քմ մակերեսով պահեստ: Այս անշարժ գույքերը Լիլիթ Կոստանյանի անվամբ գրանցելով՝ Գևորգ Կոստանյանը դարձել է դրանց փաստացի սեփականատերը, դրանք տվել է վարձակալությամբ՝ յուրաքանչյուր գույքի համար ամսական 200-ից 1000 եվրո վարձավճարի դիմաց։

Ըստ «Դատալեքսում» առկա տվյալների՝ Լիլիթ Կոստանյանն աշխատում է Հանրային 2-րդ հեռուստալիքում, հաղորդավար է։ Factor TV-ն ուսումնասիրել է լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերը և նյութերը, սակայն այդպես էլ որևէ հաղորդում չի գտել, որը կվարեր Լիլիթ Կոստանյանը։

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է նաև, որ  Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել։ ՌԴ-ն նրան արտահանձնելու համաձայնություն չի տվել։ 

«Դատախազությունն առաջիկայում դարձյալ հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- նշել էր Աննա Վարդապետյանը։

Լիլիթ Կոստանյանի փաստաբանական խումբը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գործի վերաբերյալ մեկնաբանություն տալը նպատակահարմար չեն համարում։ 

Կոստանյանները 2 երեխա ունեն՝ 20-ամյա Նանեն և 18-ամյա Սամվելը։ Ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ Գևորգ և Լիլիթ Կոստանյանների դուստրը ամիսներ առաջ է ավարտել Մոսկվայի պետական համալսարանը։ Դեռևս 2019-ին Գևորգ Կոստանյանը հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով, ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան, սակայն այդպես էլ չի վերադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան