Եթե անձը հրաժարվում է ստանալ որևէ որոշում, իրավական առումով այն համարվում է հանձված․ փաստաբանը՝ «Զավիկի ղարս»-ի դեպքի մասին
Հասարակություն
10.10.2025 | 15:15
Factor TV-ն արդեն հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող, Սարյան 22 հասցեում գտնվող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցման մասին՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Չնայած դրան, արձանագրել ենք, որ որոշումից երեք օր անց էլ սննդի կետը շարունակում է գործել։ Տնտեսավարողն, ըստ ՍԱՏՄ-ի, հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումը, պահանջել է, որ այն ուղարկեն փոստային առաքմամբ ու այդպես էլ չի ստորագրել դրա տակ։ Այս պարագայում տնտեսվարողն արդյոք կարող է չկատարել տեսչական մարմնի որոշումը։ Թեմայի վերաբերյալ Factor TV-ն զրուցել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ։
-Պարո՛ն Կիվիրյան, տեսչական մարմնի որոշումը պարտադիր կատարման ենթակա՞ է։
-Եթե տնտեսվարող սուբյեկտը համաձայն չէ որոշման հետ, կարող է այն վիճարկել կա՛մ վերադասության, կա՛մ դատական կարգով, բայց, մինչ այդ, որոշումը ենթակա է կատարման, հատկապես, որ խոսքը վերաբերում է անձանց առողջությանն ու անվտանգությանը։
-Տվյալ դեպքում, տեսուչը, հաշվի առնելով որ խոսքը վերաբերում է անձանց կյանքի և առողջության անվտանգությանը, որոշումը տարել և փորձել է առձեռն հանձնել տնտեսվարողին, սակայն վերջինս հրաժարավել է այն ստանալ ու պահանջել է, որ փոստով առաքեն։ Որոշումն առձեռն ստանալուց հրաժարվելը օրինական հի՞մք է այն չկատարելու համար։
-Փոստով ստանալն այս դեպքում այնքան էլ էական չէ Կարևորը, որ իրենք անձամբ փորձել են հանձնել, տնտեսվարողը հրաժարվել է ստանալ։ Նույն տրամաբանությամբ անձը կարող է հրաժարվել նաև փոստային առաքմամբ ստանալ փաստաթուղթը։ Երբ անձը հրաժարվում է ստանալ որևէ փաստաթուղթ, որոշում, որպես այդպիսին այդ որոշումը իրավական առումով համարվում է հանձնված, որովհետև անձը, փաստորեն, իր սեփական կամքով հրաժարվում է այն ստանալ։ Ես հասկանում եմ նաև, որ տնտեսվարող սուբյեկտը ևս ունի իր իրավունքները, որոնք ենթակա են պաշտպանության, բայց այս դեպքում այդ իրավունքները բախվում են հանրային շահի հետ։ Ես չեմ ուզում հաստատապես ասել, որ տնտեսվարող սուբյեկտը մեղավոր է կամ ոչ, քանի որ գործում ներգրավված չեմ և հանգամանքներին չեմ տիրապետում, բայց եթե խնդիրն իրապես արձանագրվել է, փորձաքննությամբ հաստատվել է, ուրեմն անձանց առողջությանը, կյանքին սպառնացող վտանգի մասին է խոսքը։
-Ընդունենք, որ ՍԱՏՄ որոշումն իրավաչափ է և իսկապես տնտեսվարողի արտադրանքում անձանց կյանքին և առողջությանը վտանգող մանրէներ են հայտնաբերվել, բայց շարունակում է աշխատել։ Այս դեպքում կա՞ որևէ պետական մարմին, որը կարող է ի կատար ածել ՍԱՏՄ-ի կասեցման որոշումը, որպեսզի դադարեցվի տնտեսվարողի գործունեությունը։
-Ես չեմ ցանկանում ՍԱՏՄ-ին ուղղություն տալ, թե ինչ գործողություններ պիտի կատարել, բայց, հաստատապես, տեսչական մարմինն ունի օրենսդրությամբ սահմանված բոլոր լծակներն ու հնարավորությունները, որպեսզի իր կայացրած որոշումն ի կատար ածվի։ Եթե տեսչական մարմինը չի կարողանում կասեցնել, դա իրականում այդ մարմնի խնդիրն է։ Մենք չենք կարող բացառել նաև, որ տեսչական մարմինը պատշաճ կերպով չի կատարել ստուգումը, օրինակ՝ պատշաճ կերպով չի կատարել նմուշառումը, պատշաճ չի փաթեթավորել, տնտեսվարողին մասնակից չի դարձրել փորձաքննության կատարմանը, պատշաճ ժամկետում չի կատարել փորձաքննությունը։ Այս հանգամանքներն ինձ հայտնի չեն, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնեմ։
-Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Այս դեպքում, եթե տնտեսվարողը ՍԱՏՄ-ի որոշումը դատական կարգով վիճարկի, այդ որոշման կատարումը կկասեցվի՞։
-Մի քիչ հարաբերական է։ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ վիճարկման հայցի պայմաններում չի կասեցվում կայացված ակտի կատարումը, օրինակ՝ երբ այն դեպքերում, երբ վարչական մարմինը վարչական ակտ ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից. այսինքն տեսչական մարմինն այս դեպքում պետք է հիմնավորրի, թե ինչու չպետք է կասեցվի իր կայացրած վարչական ակտի կատարումը։
Արաքս Մամուլյան