Թրամփի վարչակազմը մոտ 100 մարդու է ինքնաթիռով արտաքսել ԱՄՆ-ից Իրան․The New York Times
Քաղաքականություն
30.09.2025 | 21:24
Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ից Իրան է արտաքսում մոտ 100 իրանցու։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցած երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների և այդ ծրագրերին ծանոթ ամերիկացի պաշտոնյային, փոխնացում է The Insider-ը։
Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ ինքնաթիռը Լուիզիանայից մեկնել է երկուշաբթի երեկոյան և նախատեսված էր, որ երեքշաբթի օրը Կատարով պետք է ժամաներ Իրան։ ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ չվերթի նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են։
Արտաքսվածների ինքնությունը և Միացյալ Նահանգներ նրանց արտագաղթի պատճառները մնում են անհայտ։ Մի պաշտոնյա նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգել է արտաքսվածների վերադարձը, և որ նրանց երաշխավորվել է անվտանգություն և ազատություն իրենց հայրենիքում։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ շատերը հիասթափված էին, իսկ ոմանք՝ նույնիսկ վախեցած։
Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ այս արտաքսումը Միացյալ Նահանգների և Իրանի կառավարության միջև համագործակցության հազվագյուտ օրինակ էր և երկու երկրների միջև ամիսներ տևած բանակցությունների գագաթնակետը։
Ինչպես գրում է The New York Times-ը՝ այս արտաքսումը Թրամփի վարչակազմի ամենաակնառու փորձերից մեկն է՝ երկրից վտարելու միգրանտներին՝ անկախ նրանից, թե մարդու իրավունքների ինչ խախտումների կարող են բախվել իրենց երկրում: Այս տարվա սկզբին ԱՄՆ-ն մի խումբ իրանցիների, որոնցից շատերը քրիստոնյա էին և կարող էին հալածանքների ենթարկվել իրենց հայրենի երկրում, արտաքսել էր Կոստա Ռիկա և Պանամա:
Երկար ժամանակ Միացյալ Նահանգները դժվարությունների էր ախվում միգրանտներին Իրանի նման երկրներ արտաքսելու հարցում՝ կանոնավոր դիվանագիտական հարաբերությունների բացակայության և ճանապարհորդական փաստաթղթերի ստացման հետ կապված խնդիրների պատճառով։
Սա ԱՄՆ իշխանություններին ստիպել է կամ ամիսներով պահել միգրանտներին պահման կենտրոններում, կամ ազատ արձակել նրանց ԱՄՆ տարածքում։ 2024 թվականին ԱՄՆ-ն մի քանի առևտրային չվերթներով Իրան է արտաքսել երկու տասնյակից մի փոքր ավելի մարդկանց՝ վերջին տարիներին ռեկորդային թիվ։
Երկու իրանցի պաշտոնյաների խոսքով՝ արտաքսվածների թվում եղել են տղամարդիկ և կանայք, այդ թվում՝ ամուսնացած զույգեր։ Ոմանք համաձայնվել են կամավոր հեռանալ ամիսներ պահման վայրերում մնալուց հետո, իսկ մյուսները՝ ոչ։ Պաշտոնյաները նշել են, որ գրեթե բոլոր դեպքերում ապաստանի դիմումները մերժվել են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի