Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2026 | 21:00Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, Սահմանադրության նոր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Factor TV-ի եթերում խոսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին կամ նոր Սահմանադրության ընդունմանը և դրա շուրջ ընդդիմության պնդումներին, թե դա արվում է Ադրբեջանի պահանջով, Գաբրիելյանը նշել է, որ իշխանությունն այդ մասին խոսել է դեռևս մինչև 2020-2021 թվականները։ Պատգամավորն ընդգծել է․
«Անկախ այլ հանգամանքից, էս սահմանադրության փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության պետական շահից, Հայաստանի Հանրապետության հարատևության՝ մեր պատկերացրած ծրագրի շրջանակում է։ Որոշողը ժողովուրդն է»։
Խոսելով ընդդիմության մարտավարության և հնարավոր հանրաքվեի մասին՝ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ եթե ընդդիմությունն իսկապես վստահ է ժողովրդի բացասական դիրքորոշման հարցում, ապա հենց ինքը պետք է շահագրգռված լինի հանրաքվեով, քանի որ մերժման դեպքում դա կարող է նաև հանգեցնել իշխանափոխության.
«Եթե մեր ընդդիմադիրները էդքան վստահ են, որ չի ուզում մեր ժողովուրդը, ուրեմն՝ իրենք մեզանից շուտ պետք է այն դնեին հանրաքվեի։ Գնար էդ նախագիծը հանրաքվեի, և եթե իրենք էդքան վստահ են, որ ժողովուրդը մերժում է փոփոխությունները, հասկանալի է չէ՞, որ եթե էդ հանրաքվեն տեղի չի ունենում, դա ցանկացած ընդդիմության համար իշխանություն դառնալու լավ և ամենահեշտ ճանապարհն է»։
Պատգամավորը հավելել է նաև, որ եթե ինքը լիներ ընդդիմություն և վստահ լիներ, որ հասարակությունը մերժում է փոփոխությունները, կաներ հակառակը․ «Ես օր առաջ կգնայի, կողմ կքվեարկեի, որպեսզի էդ նախագիծը դրվեր հանրաքվեի, հանրաքվեն, ըստ էության, իշխանության ուզածով չլիներ։ Առնվազն կրկնակի ավելի հեղինակություն ես կունենայի և արտահերթ ընտրություններ պահանջելու հնարավորություն կունենայի, որպեսզի դառնայի իշխանություն»։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել է նաև կուսակցությունների, ՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսավորման նոր նախագիծը, որով քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց եկամտային հարկի մի մասն ուղղել նախընտրած ՀԿ-ներին, մեդիաներին կամ կուսակցություններին։ Պատասխանելով մտահոգություններին, Գաբրիելյանը պարզաբանել է․
«Մենք ուզում ենք, որ լրատվամիջոցները, կուսակցությունները և տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանրօգուտ գործունեությամբ են զբաղվում, իրենք հնարավորություն ունենան հանրությունից ակնկալելու, որ էդ մարդիկ իրենց եկամտի որոշակի հատվածը ուղղեն տվյալ կազմակերպությանը»։
Նա ընդգծել է, որ սա հնարավորություն է բոլորի համար և նպատակ ունի ապահովել դաշտի անկախությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

