«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ:

Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր մեր պարտքն է հարգանքի և երախտիքի մեծ զգացումով հիշել նրանց, ովքեր հեռավոր 1943 թ. հիմնեցին այս հաստատությունը: Պատերազմի ծանր տարիներին իրականացնել նման ձեռնարկ նշանակում էր ոչ միայն անվերապահորեն հավատալ հաղթանակին և խաղաղության հաստատմանը, այլև անվերապահորեն հավատալ Հայաստանին, նրա ժողովրդին, մեր գիտության մեծ ներուժին ու ապագային: Սա սխրանք էր, որ գործել են հայ գիտության մեծ երախտավորները, և մենք շնորհակալ ենք նրանց այս հարուստ ժառանգության համար»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ՀՀ ԳԱԱ-ն նաև ազգային ինքնության և ինքնագիտակցության կարևոր մաս էր. «Բոլորդ գիտեք, որ Խորհրդային միությունում ազգային ինքնությանը շատ մեծ տեղ չէր տրվում, և ավելի շատ ընդունված էր ընդգծել ինտերնացիոնալիզմի տրամաբանությունը: Այս առումով մեր ԳԱԱ-ն ազգային ինքնության և ինքնագիտակցության, ազգային հպարտության կարևոր ինստիտուտ էր: Սովետական Հայաստանը ԽՍՀՄ-ում ուներ այնպիսի տեխնոլոգիական և գիտական դերակատարում, ինչպիսին ժամանակակից աշխարհում ունի Սիլիկոնային հովիտը: Այս իրավիճակը ստեղծված էր նաև ԳԱԱ համակարգի գործունեության շնորհիվ»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ ջանքեր գործադրվեցին, որպեսզի Հայաստանի ԳԱԱ համակարգը հարմարվի նոր իրողություններին և արդյունավետ գործելու հնարավորություն ստանա, բայց անցումային շրջանի բարդությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Հայաստանի տնտեսությունը, նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, կարողանա շարունակել այն դերակատարումը, որն ուներ Խորհրդային միության տարիներին: «Ես այս ամենը հիշում և ընդգծում եմ ոչ միայն ուղղակի որպես հուշ, այլ ուզում եմ սրանով ընդգծել այն ծրագիրը, այն ամբիցիան, որ ունի ՀՀ կառավարությունը, որը ձևավորվել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում. մենք ուզում ենք Հայաստանը դարձնել նույնպիսի տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպիսին նա էր ԽՍՀՄ տարիներին և պայմաններում: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն և, կարևորը, ավանդույթներ, որոնք կապված են ԳԱԱ գործունեության հետ: Մեծ հույս ունենք, որ Հայաստանի գիտությունը, կառավարությունը և հանրությունն այս հարցի շուրջ յուրօրինակ կոնսենսուս ձևավորելու և ՀՀ-ում նոր տեխնոլոգիական առաջընթաց, նոր տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կստեղծեն», – իր ելույթում ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում գիտական, տեխնոլոգիական, ինտելեկտուալ գործունեության համար նոր հեռանկարներ են բացվում: «Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետև մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարևոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ոլորտի առջև բացված են անսահման հնարավորություններ, և հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել այդ անսահման հնարավորությունները», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Իր գնահատանքը հղելով բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, աշխատել են այնտեղ և իրենց աշխատանքով կարողացել են բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ գիտնականները մեր ժողովրդին հպարտանալու նորանոր առիթներ կտան: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել արտերկրից ժամանած գիտնականներին՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և միջազգային համագործակցության ամենաարդյունավետ օրինակներից մեկը ցույց տալու համար:

Հանդիպմանը մասնակից երկրների և միջազգային գիտական կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում գիտության ոլորտի նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: Նրանք ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած ուղենիշները գիտության զարգացման, ՀՀ-ն առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում և արդյունավետ գնահատել ԳԱԱ հետ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներին և նորարարական ներուժն արտացոլող գիտատեխնիկական նախանմուշներին: