ԱՄՆ-ն առաջ է մղում ՀՀ-ով անցնող հաղորդակցության հսկողության հետ կապված իր ծրագիրը՝ ամերիկյան բիզնես մասնակցությամբ․ Carnegie Politika
Քաղաքականություն
03.07.2025 | 10:42
Հայաստանն ինտենսիվացնում է դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ՝ հույս ունենալով, որ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել կա՛մ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, կա՛մ առնվազն օգնել կանխել լարված սահմանների երկայնքով ռազմական նոր բռնկումը։ Այս մասին ասվում է Carnegie Politika-ում հրապարակված Հարավային Կովկասում անվտանգության և հակամարտությունների փորձագետ Օլեսյա Վարդանյանի հոդվածում։
Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս «պատմական այց է կատարել Ստամբուլ՝ հայ ղեկավարի առաջին պաշտոնական այցը Թուրքիա»։ Նրան ընդունել են Դոլմաբահչեի պալատում, որը մի ժամանակ Օսմանյան իշխանության խորհրդանիշն էր, իսկ այժմ՝ տարածաշրջանային դիվանագիտության հանգույց, որը հյուընկալում է Ուկրաինայի շուրջ բանակցություններից մինչև Սիրիայի հարցով շփումները։ Հոդվածագրի պնդմամբ՝ Հայաստանի ուղերձը հստակ էր. ճանաչում է Թուրքիայի աճող ազդեցությունը։
Ըստ հեղինակի՝ այս տեղաշարժը նշանավորում է կարևոր շրջադարձ։ Հայաստանն ու Թուրքիան չունեն պաշտոնական դիվանագիտական կապեր և վաղուց ի վեր անվստահություն են տածում միմյանց նկատմամբ։ Նախկինում մերձեցման ջանքերը ձախողվել են՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Հայաստանը դեմ էր Թուրքիայի ցանկացած դերակատարմանը։ 2020 թվականի պատերազմում Թուրքիան վճռականորեն աջակցեց Ադրբեջանին՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով՝ օգնելով ապահովել Բաքվի հաղթանակը և զսպելով Ռուսաստանի միջամտությունը։
«Անկարայի հետ հետադարձ կապ չունենալով՝ Փաշինյանը դիտում էր, թե ինչպես են թուրքական անօդաչուները թռչում հայկական մայրաքաղաքի մոտ։ Թուրքիային մի կողմ թողնելու որոշումը հակառակ ազդեցությունն է ունեցել՝ Անկարային ուղղակիորեն մղելով Բաքվի ճամբար, խոստովանել են հայ բարձրաստիճան պաշտոնյաները»,- գրում է հոդվածագիրը։
Պատերազմից հետո Հայաստանը վերակազմավորվեց։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դարձավ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Մեկ տարվա ընթացքում հատուկ դեսպանները հանդիպեցին։ Երբ 2023 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, Հայաստանն արագ օգնություն ուղարկեց։ Նույն թվականին Փաշինյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ազդարարելով ջերմացման մասին։ Փաշինյանը նաև խորհրդանշական ժեստեր է արել, ինչպիսիք են Էրդողանի հետ հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց Պաղեստինի պետականության ճանաչումը, Անկարայի հետ համաձայնության գալը Իսրայելի հետ Գազայի շուրջ լարվածության ժամանակ։
«Այս ամենը նաև մշակութային շրջադարձ է ստացել։ Փաշինյանը կոչ է արել հայերին դուրս գալ «պատմական Հայաստանի» գաղափարից, որը ներառում է այժմ Թուրքիայի տարածքում գտնվող հողերը, այդ թվում՝ Արարատ լեռը, որը վաղուց ազգային խորհրդանիշ է։ Դրա փոխարեն նա Արագած լեռը, որը Հայաստանի ներսում քնած հրաբուխ է, ներկայացնում է որպես նոր ազգային խորհրդանիշ և շեշտը դնում է հաշտեցման վրա՝ վիրավորանքի փոխարեն։ Եվ չնայած այս քայլերին՝ կարգավորման ճանապարհը մնում է խնդրահարույց»,- գրում է փորձագետը՝ հավելելով, որ երեք տարի առաջ հատուկ դեսպանները համաձայնել էին բացել սահմանը և սկսել ուղիղ առևտուր, իսկ նախարարները քննարկել են մշակութային համագործակցությունը։
Այնուամենայնիվ, սահմանը մնում է փակ, և նույնիսկ խորհրդանշական քայլերը, ինչպիսին է դեսպանների փոխանակումը, չեն իրականացվել։
Հետաձգման հետևում թաքնված է ավելի խորը քաղաքական հանգույց. Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը նախ ավարտին հասցնի խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ: Բաքուն և Երևանը համաձայնության են եկել նախագծի շուրջ։ Հեղինակը, սակայն, նշում է՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոփոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումները, որը պնդում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջների մասին: Հայաստանն ընդունում է, որ այդ կետը հնացած է և խորհրդանշական, բայց ասում է, որ դրա հեռացման համար անհրաժեշտ կլինի հանրաքվե, որը, հավանաբար, կտևի երկու տարի: Գրեթե 35 տարվա հակամարտությունից հետո Ադրբեջանը, կարծես, պատրաստ է սպասել:
Մինչդեռ Թուրքիան երկարատև խաղ է խաղում։ Պաշտոնյաները բաց սահմաններն ու առևտուրը համարում են Հայաստանի տնտեսական կախվածությունը խորացնելու և Անկարայի տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու միջոց։ Սակայն հավատարմությունը հստակ է՝ Ադրբեջանն է առաջին տեղում։ Խորհրդանշական կերպով Էրդողանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Փաշինյանի այցից ընդամենը մեկ օր առաջ։
«Այնուամենայնիվ, թե՛ Անկարան, թե՛ Երևանը, կարծես, մտադիր են պահպանել երկխոսությունը՝ թեկուզ միայն վատագույնը կանխելու համար։ Հայ-ադրբեջանական սահմանը մնում է անկայուն, որոշ ռազմական դիրքեր ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են միմյանցից։ Ադրբեջանը պահպանում է կարևոր բարձրունքներ, դիրքեր և ունի ակնհայտ ռազմական գերազանցություն։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ նոր հարձակումը կարող է մի քանի օրվա ընթացքում Հայաստանը բաժանել երկու մասի»,- գրում է Վարդանյանը՝ հավելելով, որ աղետը կանխելու համար Թուրքիան ներգրավվել է կուլիսներում։
Երբ լարվածությունը սրվել է, Անկարան, ըստ որոշ տեղեկությունների, պատվիրակություններ է ուղարկել Բաքու՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։ Որոշ արևմտյան դիվանագետներ Անկարայի ջանքերը դիտարկում են որպես տարածաշրջանում կայունացնող ուժ դառնալու ավելի լայն ջանքերի մի մաս։
Պարադոքսալ է, բայց Թուրքիան այժմ կարող է լինել միակ տարածաշրջանային խաղացողը, որը կարող է զսպել Ադրբեջանին։ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Ուկրաինայի պատերազմի պատճառով, իսկ Իրանը շեղված է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ իր ճգնաժամի ուղղությամբ։ Հայաստանի համար Թուրքիան, որը մի ժամանակ համարվում էր միայն սպառնալիք, ավելի ու ավելի է դիտվում որպես տարածաշրջանային զսպման վերջին գիծ։ Այս զարգացումները կարող են նաև այլ շոշափելի օգուտներ բերել։
Հնարավոր խաղաղության համաձայնագրից բխող հիմնական հարցերից մեկը Հարավային Կովկասով հաղորդակցությունն է։ Այսպես կոչված, Միջին միջանցքը, նպատակ ունի կապել Ասիան ու Եվրոպան, և դրա մի մասը տեսականորեն կարող է անցնել Հայաստանի միջով՝ կապելով Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան։
Հայաստանի համար այս նախագծին մասնակցությունը կարևորագույն նշանակություն ունի։ Նրա սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են 1990-ական թվականներից ի վեր, ինչի հետևանքով երկիրը զրկվել է հիմնական տարանցիկ և էներգետիկ ուղիներից։ 2020 թվականի պատերազմից հետո Երևանը մեկնարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ վերաբացված սահմանները համարելով մեկուսացումը հաղթահարելու և պատմական տարանցիկ կապերը վերականգնելու հնարավորություն։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է սկսել հարավային երթուղու բացումից, որը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որն անցնում է Հայաստանով դեպի Նախիջևանի էքսկլավ։ Մինչդեռ 2020 թվականի Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը նախատեսում էր Ռուսաստանի վերահսկողության որոշակի ձև, Հայաստանն այժմ պնդում է ցանկացած միջանցքի, այդ թվում՝ մաքսային և անվտանգության նկատմամբ լիակատար վերահսկողության հարցում։ Բաքուն, սակայն, շարունակում է կասկածամիտ լինել և հրաժարվում է ներդրումներ կատարել այն երթուղում, որը, օրինակ, խոցելի է համարում Երևանում քաղաքական փոփոխությունների նկատմամբ։ Հետևաբար, այն պահանջում է երրորդ կողմի երաշխավորություն՝ երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար։ Ըստ տեղեկությունների՝ Թուրքիան համաձայն է, չնայած Հայաստանը դեռևս հույս ունի, որ Անկարան, ի վերջո, կճանաչի իր ինքնիշխանությունը երթուղու նկատմամբ։
Ըստ հոդվածագրի՝ կողմերը փոխզիջմանն ամենամոտը եղել են ԵՄ-ի միջնորդությամբ։ Բրյուսելն առաջարկել է 2008 թվականից հետո Վրաստան-Ռուսաստան նախադեպի վրա հիմնված մոդել, որի դեպքում անկախ օտարերկրյա օպերատորը կառավարում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների լոգիստիկան և տվյալներ է փոխանակում բոլոր կողմերի հետ։ Չնայած համատեքստը տարբեր է՝ մեխանիզմը համարվել է գործունակ։ Սակայն ԵՄ-ի գլխավորությամբ բանակցությունները փակուղի են մտել սահմանային բախումների վերսկսման և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի ճգնաժամի պատճառով, որը վերջ դրեց նրա գոյությանը որպես էթնիկ հայկական անկլավի։
«Այսօր բանակցությունները վերսկսելու ունակ միակ խաղացողը կարող է լինել Միացյալ Նահանգները: Հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմը, ցանկանալով ցուցադրել գլոբալ հակամարտությունների կարգավորման իր ջանքերը, ներկայացրել է ԵՄ մոդելի նման նոր ծրագիր, որը հիմնված է ամերիկյան ռազմավարական տրամաբանության վրա. ԱՄՆ բիզնեսի մասնակցությունը՝ որպես կայունացնող ուժ, նման Ուկրաինայում հազվագյուտ մետաղների վերաբերյալ վերջերս կնքված գործարքին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ փորձագետի՝ Վաշինգտոնը, կարծես, վճռականորեն տրամադրված է առաջ շարժվելու։ Մեկ տարբերակ է՝ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հրաժարվելու իր սահմանադրական պահանջներից, գուցե, Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով։ Սակայն իրատեսորեն, նա կարող է հենվել Երևանի վրա՝ ընդունելու ամերիկյան մոդելը, նույնիսկ եթե դա հետաձգի վերջնական խաղաղությունը և պաշտոնապես փակ թողնի սահմանները։
Թեև դեռ վաղ է, ԱՄՆ մի պաշտոնյա զգուշավոր լավատեսություն է հայտնել։
«Գուցե նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա դրա համար»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի