Լավրով և ԼավրOFF․ ՌԴ ԱԳ նախարարի այցն ու լռեցված բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.05.2025 | 21:30Մինչ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրում էին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2025-26 թվականների քաղաքական խորհրդակցությունների նոր ծրագիրը, ոստիկանները փորձում էին ԱԳՆ-ի շենքի մոտից հեռացնել ՌԴ արտգործնախարարի այցի դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին։
Միրզոյան-Լավրով առանձնազրույցին հաջորդեց մամուլի ասուլիս։ Ռուսաստանցի պաշտոնյայի համոզմամբ՝ Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծվեն, առաջին հերթին, այստեղ գտնվող երկրների ու մերձակա հարևանների կողմից։
«Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային երկրներն իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չի լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, աշխարհաքաղաքական խաղերի համար այստեղ գտնվող երկրների շահերն անտեսելուն»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով՝ իրենք էլ բաց են համագործակցել նրանց հետո, ովքեր դա կանեն ազնվորեն, առանց թաքնված օրակարգերի։ Պաշտոնյան շեշտեց՝ Ռուսաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը կնքելու հարցում։ Խոսելով տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասին՝ Լավրորվն ընդգծեց, որ հաջորդ հանդիպումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են իրար հետ պայմանավորվել, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել։
Ռուսաստանցի պաշտոնյան նշեց՝ ՌԴ-ն հետաքրքված է ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ։ Սա այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Իսկ 2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։ Արարատ Միրզոյանն այսօր վերահաստատեց՝ ՀԱՊԿ-ի արձագանքը չի բավարարել պաշտոնական Երևանին։
Ինչո՞ւ Ռուսաստանը համարժեք չարձագանքեց Ադրբեջանի՝ Ջերմուկի վրա հարձակմանը․ Սերգեյ Լավրովը չհամաձայնեց այս պնդմանը։
Երբ հարց հնչեց ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ, ՀՀ արտգործնախարարը հայտարարեց՝ ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է ԼՂ-ի պատկանելությունն Ադրբեջանին։
Factor TV-ի դիտարկմանը, որ ռուս պաշտոնյան եկել է մի երկիր, որի դեմ և ԼՂ-ի դեմ Ադրբեջանը կիրառել է ռուսական զենք, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղն ու օկուպացվել են ՀՀ ինքնիշխան տարածքներ, Լավրովը նախ արձագանքեց, թե անհարմար է անգամ պատասխանել հարցին, այդուհանդերձ, պատասխան հնչեցրեց։
«Հիշեցնեմ, որ Հայաստանն էլ անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում՝ վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել»,- ասաց Լավրովը։
Factor TV-ն ռուս պաշտոնյային հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ՝ ադրբեջանական բանակի զենքերի 60 տոկոսը եղել են ՌԴ-ից և Բելառուսից մատակարարվածները։ Բացի այս, ՌԴ-ն չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած անվտանգային պարտավորությունները, նաև զենք չի մատակարարել ՀՀ-ին՝ չնայած գումարը վճարվել էր։
ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել ՀՀ-ի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Ուկրաինայի հետ, թե՞ կհարգեն ՀՀ ինքնիշխան որոշումը․ մեր այս հարցին ի պատասխան՝ Լավրովը նշեց, որ չի տեսնում ՀՀ-ի, այսպես ասած, «ուկրաինացման» պատճառներ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է»։
Ասուլիսին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները վստահ են՝ ոստիկանները փորձում էին այնպես անել, որ Սերգեյ Լավրովն ԱԳՆ շենքից հեռանալիս չտեսնի իրենց, պաստառները, նաև չլսի վանկարկումները։ Ու թեև ակցիայի մասնակիցները չկարողացան բողոքի խաղաղ ակցիան շարունակել ԱԳՆ-ի շենքի դիմաց, այդուհանդերձ, հայտարարեցին, որ այն ստացված են համարում։ Եվ քանի որ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հրելով էին հեռացրել ԱԳՆ շենքի մոտից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ վիճարկելու են ՆԳՆ ծառայողների գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան