Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.11.2026 | 20:00«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և ռուսական կողմից հնարավոր ռիսկերին, նոր Սահմանադրության ընդունման շուրջ խմորումներին, ներքաղաքական զարգացումներին և ընդդիմության համախմբման փորձերին։
Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, թե Հայաստանը կարող է 2027-2028-ին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, Արամ Սարգսյանը նշեց, որ հայտարարության մեջ կար անորոշություն ստեղծող բառ.
«Վարչապետի ասածի մեջ ամենավատ բառը «կարող է»-ն էր, պիտի այդ «կարող է» բառը այդտեղից հաներ, ասեր, որ Հայաստանը 2027 և 2028 թվականներին կդիմի Եվրամիության անդամակցության հայտով: Ես գտնում եմ, որ դա իրատեսական է: 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Հայաստանի ապրանքների վրա սկսեցին արգելանքներ կիրառել, այն ժամանակ ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է ուղղակի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու… Դրա համար էլ ասում եմ, որ վարչապետի ասած նախադասության մեջ «կարող Է» բառը ավելորդ է, որովհետև «կարող Է» կարող է լինել, կարող է և չլինել, իսկ դա արդեն այնքան հստակ է, որ պիտի լինի»։
Խոսելով Սահմանադրության հանրաքվեի մասին՝ քաղաքական գործիչը շեշտեց մայր օրենքում ԵՄ անդամակցության ուղեգիծն ամրագրելու անհրաժեշտությունը.
«Ես առաջարկեցի հետևյալ բանը, որ Սահմանադրության մեջ ամրագրեն Եվրամիության անդամակցության թեզը, այնպես, ինչպես Վրաստանն է ամրագրել։ Միմիայն Սահմանադրության մեջ Եվրամիությանն անդամակցության այդ կետը մտցնելն է, որ այս թևի ամբողջ ուժերին կկենտրոնացնի այն գաղափարի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես դեպի Եվրամիություն է ուզում գնալ, ինչը կստիպի նրանց, որ տնից վեր կենան՝ գնան հանրաքվեի ու ԱՅՈ քվեարկեն»։
Գնահատելով ընդդիմադիր ուժերի համախմբման փորձը, նա նշեց, որ իր կարծիքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պետք է լուծարվի, և ինքը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ այս ուժին առնչվող քրեական բոլոր գործերը մեկ փաթեթով քննելու համար։ «Այդ բուրգը նախապես մշակված, պլանավորված բուրգ է, որի գլխավերևում Սամվել Կարապետյանն է և նրա ֆինանսական կապիտալը։ Իմ կարծիքով Սամվել Կարապետյանը Հայաստան-Ռուսաստան հակադրության զոհն է, ոչ թե քաղաքական գործոն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

