ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Տնտեսություն
06.11.2026 | 21:40
Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի ֆոնդային բորսաներում հիմնական ինդեքսների անկումը նոյեմբերի 6-ին շարունակվել է։ Դա տեղի է ունեցել հինգշաբթի Ուոլ Սթրիթում բաժնետոմսերի գների կտրուկ անկումից հետո, գրում է Current time-ը։
Անկումը կապվում է արհեստական բանականության զարգացման ուղղությամբ աշխատող տեխնոլոգիական ընկերությունների հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների հետ։ Դրանք ի հայտ են եկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո։ Դեմոկրատները հանդես են գալիս ոլորտի ավելի խիստ կարգավորման օգտին։
Եվրոպայում STOXX 600 ինդեքսը ուրբաթ առավոտյան նվազել է մոտ 1 տոկոսով։ Սա ավելի փոքր անկում է, քան Հարավարևելյան Ասիայի և ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում։
Նախօրեին ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq Composite ինդեքսը նվազել է ավելի քան 5 տոկոսով։ Սա նշանակում է, որ արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը նվազել է շուրջ 2,5 տրիլիոն դոլարով։
Իլոն Մասկի, Ջենսեն Հուանգի և այլ ընկերությունների սեփականատերերի անձնական կարողության գնահատված արժեքը նվազել է միլիարդավոր դոլարներով։ Միայն Մասկի ընկերությունների շուկայական արժեքը նվազել է շուրջ 300 միլիարդ դոլարով։
AMD-ի և Micron-ի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 17 տոկոսով, իսկ Intel-ինը՝ 10,3 տոկոսով:
Ներդրողների մտահոգությունները հիմնականում կապված են տվյալների կենտրոնների կառուցման հնարավոր սահմանափակումների հետ։ Դեմոկրատ թեկնածուներից մի քանիսը, մասնավորապես՝ Օհայո նահանգում, տվյալների կենտրոնների անվերահսկելի կառուցման դեմ պայքարը դարձրել էին իրենց նախընտրական քարոզարշավի կարևոր ուղղություններից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆոնդային բորսաներում անկումը կապված է միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի հետ։«Շատ տխուր է սա տեսնել, բայց մեղադրելու ոչ ոքի չունենք, բացի մեզանից»,- գրել է նա։
«Շատ տխուր է սա տեսնել, բայց մեղադրելու ոչ ոքի չունենք, բացի մեզանից»,- գրել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

