Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
Քաղաքականություն
27.11.2026 | 12:17
Հայկական երկաթուղու կառավարման և զարգացման հարցերով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 27-ին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպումը կանցկացվի նախորդից ավելի նեղ կազմով։
Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Նախորդ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել էին հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետությանը, երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնմանը։
Հիշեցնենք՝ հայկական երկաթուղին 2008 թվականից 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Երևանն ավելի վաղ առաջարկել էր հայկական երկաթուղու կառավարումը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։
Հայ-ռուսական աշխատանքային խումբը ձևավորվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Խմբի խնդիրն է ուսումնասիրել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները և առաջարկներ մշակել դրա մրցունակության բարձրացման ուղղությամբ։
Եվգենյա Համբարձումյան

