Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
Հասարակություն
27.11.2026 | 12:52
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և վերսկսել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը։
Factor TV-ի ուսումնասիրած դատական ակտի համաձայն՝ որոշումը կայացրել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանը։
Գլխավոր դատախազությունը գույքի բռնագանձման հայցը ներկայացրել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Գործով որպես պատասխանողներ են ներգրավված՝
– Աղվան Հովսեփյանը,
– Աստղիկ Հովսեփյանը,
– Նարեկ Հովսեփյանը,
– Միսակ Հովսեփյանը,
– Նորա Բարսեղյանը,
– Արմեն Հովսեփյանը,
– Մարինա Նուշիկյանը,
– Էդգար Նազարյանը,
– Նառա Շահբազյանը,
– «Օմիռա» ՍՊԸ-ն։
Ինչո՞ւ էր կասեցվել գործի վարույթը
2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, կասեցրել էր քաղաքացիական գործի վարույթը՝ մինչև Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատախազությունը մի շարք գույքերի ապօրինի ծագման վերաբերյալ եզրակացությունները հիմնավորել էր Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներով և քրեական գործով ձեռք բերված ապացույցներով։
Սակայն 2026 թվականի հոկտեմբերի 7-ին դատախազությունը միջնորդել է վերսկսել գործի վարույթը՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները։
Դատախազության հիմնավորմամբ՝ այդ որոշումներից բխում է, որ գույքի և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև կապը կարող է և պետք է ուսումնասիրվի հենց քաղաքացիական դատավարության շրջանակում՝ առանց քրեական գործով վերջնական դատական ակտի առկայության։
Դատարանը գտել է, որ վարույթի կասեցման հիմքը վերացել է, և գործի քննությունը կարող է շարունակվել՝ անկախ քրեական գործի քննության արդյունքից։
Ինչ գույքի նկատմամբ են սահմանափակումներ կիրառվել
Դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 27-ին դատարանը հայցի ապահովման միջոցներ էր կիրառել մի շարք գույքերի նկատմամբ։ Դրանց թվում են Երևանի Սարյան փողոցում գտնվող բնակարաններ, բնակելի տուն և ավտոտնակներ, Կոտայքի մարզի Զորավան գյուղում և Եղվարդ քաղաքում, Արագածոտնի մարզի Արտաշավան և Արագածավան գյուղերում, Սյունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող հողամասեր, ինչպես նաև Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվող բնակելի տուն։
Դատարանն արգելել էր նաև Ֆինանսների նախարարությանը վերադարձնել Նորա Բարսեղյանի կողմից որպես գրավ վճարված շուրջ 48,8 մլն դրամից 46,9 մլն դրամը։
Հայցի շրջանակում դատախազությունը գույքի ձեռքբերումներն ուսումնասիրելիս որպես առաջին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման ժամանակահատվածի սկիզբ դիտարկել է 1998 թվականի հունվարի 1-ը։ Ըստ դատախազության՝ դրանից հետո Հովսեփյանը և նրան փոխկապակցված անձինք կատարել են օրինական եկամուտներով չհիմնավորվող բազմաթիվ գույքային ձեռքբերումներ։
Եվգենյա Համբարձումյան

