Ինչ են քննարկել Զելենսկին և Թրամփը Վատիկանում հանդիպմանը․ Axios-ի աղբյուրների բացահայտումը
Քաղաքականություն
30.04.2025 | 18:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ՝ ապրիլի 26-ին հանդիպել են Հռոմում՝ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողության շրջանակում և քննարկել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Սա Թրամփի և Զելենսկիի միջև առաջին հանդիպումն էր փետրվարի վերջին Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած պայթյունավտանգ բանավեճից հետո, որը հանգեցրել էր աննախադեպ դիվանագիտական ճգնաժամի։
Երկու առաջնորդները հանդիպել են այն ժամանակ, երբ Թրամփը կոչ է անում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի գագաթնաժողով անցկացնել՝ պատերազմն ավարտելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Axios-ը հանդիպումից մանրամասներ է ներկայացնում։
Ուկրաինայի նախագահը Վատիկանում ԱՄՆ նախագահի հետ անցկացրել է 15 րոպե՝ կոչ անելով Թրամփին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերանայել հրադադարի առաջնահերթությունները։ Այս մասին Axios-ին հայտնել են հանդիպմանը ծանոթ երկու աղբյուրներ։ Զելենսկիի խորհրդականների կարծիքները բաժանված են եղել այն հարցի շուրջ՝ արդյո՞ք նա պետք է ռիսկի դիմի դեմ առ դեմ հանդիպման հարցում՝ Սպիտակ տան «Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած աղետից հետո»։ Սակայն դրանից հետո Զելենսկին զգացել է, որ առաջին անգամ կարողացել է փոխել Թրամփի մտածելակերպը Պուտինի մասին, նշում են աղբյուրները։
ԱՄՆ վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Թրամփը հազվագյուտ սպառնալիք է հնչեցրել Պուտինի հասցեին՝ ի պատասխան Կիևի վրա զանգվածային օդային հարձակման։
«Դա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ նա, գուցե, չի ուզում դադարեցնել պատերազմը, նա պարզապես ինձ է ստիպում, և նրա հետ պետք է այլ կերպ վարվել՝ բանկայի՞ն, թե՞ երկրորդական պատժամիջոցների միջոցով»,- գրել էր Թրամփը Truth Social-ում։
Աղբյուրները նշում են, որ Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից առաջ «ազդանշաններ» է ստացել, որ Թրամփը պատրաստ է հանդիպել արարողության ընթացքում։
Ըստ հրապարակման՝ Զելենսկիի խորհրդականները նյարդայնացած են եղել, իսկ որոշները՝ դեռևս տրավմատիկ վիճակում փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած տեսարաններից։ Նրանք Զելենսկիին ասել են, որ վստահ չեն՝ հանդիպումը լավ գաղափար է։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ նախապես ոչինչ վերջնական որոշված չի եղել, և սկզբում գաղափարն այն էր, որ նրանք կփորձեն հանդիպել հուղարկավորությունից հետո։ Սակայն հետո առաջնորդները պատահաբար հանդիպել են միմյանց՝ ժամանելուն պես, և Սուրբ Պետրոսի տաճարում հանդիպման տեղ են գտել։
Աղբյուրների հավաստմամբ՝ Զելենսկին Թրամփին ասել է, որ Պուտինը չի փոխի իր դիրքորոշումը, եթե Թրամփը չմեծացնի ճնշումը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփը պատասխանել է, որ հնարավոր է՝ ստիպված լինի փոխել իր մոտեցումը Պուտինի նկատմամբ, ինչպես ավելի ուշ նշել է «Truth Social»-ում գրառման մեջ։
Զելենսկին նաև հորդորել է Թրամփին վերադառնալ խաղաղության բանակցությունների մեկնարկային կետի՝ անվերապահ հրադադարի իր նախնական առաջարկին, որն Ուկրաինան ընդունել է, Ռուսաստանը՝ մերժել։
Մի աղբյուրի խոսքով՝ Թրամփը, կարծես, համաձայնել է։ Սպիտակ տունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը։ Զելենսկիի խոսնակն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել հանդիպման բովանդակությունը։
Հրապարկման մեջ նշվում է, որ երբ հրադադարի ջանքերը ձախողվեցին, Թրամփի վարչակազմն անցավ արդեն խաղաղության համաձայնագրի շրջանակային տարբերակի առաջմղմանը, որը Զելենսկին մասամբ մերժել էր, քանի որ այն ներառում էր Ղրիմի ճանաչում որպես ռուսական տարածք։ Զելենսկին հանդիպման ժամանակ կրկին նշել է, որ չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական, և Թրամփը հստակեցրել է, որ ինքը նման բան չի խնդրում, ասել է աղբյուրը։ Ծրագրում նախատեսվում է, որ Ղրիմի բռնակցումը ճանաչում է ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ուկրաինան։ Ըստ աղբյուրի՝ Զելենսկին Թրամփին ասել է, որ չի վախենում զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու համար, բայց դրա համար իրեն անհրաժեշտ են բավականաչափ ուժեղ անվտանգության երաշխիքներ։
Աղբյուրը նշել է, որ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիի վրա ճնշում է գործադրել՝ հնարավորինս շուտ ստորագրելու օգտակար հանածոներին վերաբերող ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը։
«Մենք չենք մեկնաբանում ընթացող բանակցությունները կամ նախագահի անձնական քննարկումները համաշխարհային առաջնորդների հետ»,- Axios-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ըստ աղբյուրների՝ Թրամփ-Զելենսկի այս հանդիպման ավելի դրական լինելու հնարավոր պատճառներից մեկն այն էր, որ փոխնախագահ Վենսը և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որին ուկրաինացիները համարում են ավելի շատ ռուսական դիրքորոշման կողմնակից, ներկա չեն եղել։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ կիրակի առավոտյան Զելենսկին պետք է հարցազրույց տար ABC-ի «This Week» հաղորդմանը, սակայն որոշել է չեղարկել այն՝ թարգմանության հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների պատճառով։
Առայժմ անհասկանալի է՝ արդյո՞ք Թրամփի ավելի քննադատական տոնը Պուտինի նկատմամբ կշարունակվի։
Երեքշաբթի երեկոյան ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը կրկին ասել է, որ Պուտինը, գուցե, «մի փոքր ճնշում է գործադրում», չնայած նաև հավելել է, որ դեռևս կարծում է՝ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը երեքշաբթի վերահաստատել է, որ վարչակազմը պատրաստ է «հեռանալ միջնորդական դերից», եթե շուտով առաջընթաց չգրանցվի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի