Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 13:26
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն են անցկացնում
21.11.2024 | 13:14
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ
21.11.2024 | 13:03
Բայդենի վարչակազմը մտադիր է զիջել Ուկրաինայի 4,65 միլիարդ դոլար պարտքի կեսը
21.11.2024 | 12:52
Զգուշացնո՛ւմ եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:46
Վարորդական վկայական ստանալու համար 330 հազար դրամ է փոխանցել, ապա պատասխան ստացել․ «Դուք կորցրիք ձեր գումարը, ես խարդախ եմ»
21.11.2024 | 12:40
Չաշխատելու աշխատավարձն ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւ աշխատավարձը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:34
Ավերակ ճանապարհը կառուցում ենք, հետո տեսնում՝ մեկը մի ավտո ավազ թափել է մայթի վրա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:30
Տավուշի՛ մարզպետ, Կիրանցի դպրոցը նորմալ աշխատո՞ւմ է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:26
Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
21.11.2024 | 12:18
Տարեք ձեր ննջարանում դրեք՝ պապի հիշատակն ա, կախե՛ք պատից․ քաղաքացին մեղավոր ա՞․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:07
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին
21.11.2024 | 12:02
Փաշինյանը Տկե նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 12:01
Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նոր նախարար, Կիևն առաջին անգամ ՌԴ-ում Storm Shadow հրթիռ է կիրառել․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 11:54
Կիևում և երեք շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են
21.11.2024 | 11:44
Փաշինյանը ՆԳՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դատական համակարգում կան դատավորներ, որոնք պաշտոնավարում են արդեն շուրջ 33 տարի, այսինքն՝ պետության անկախացումից ի վեր։ Նրանցից ոմանք տարիներ շարունակ աշխատում են նույն դատարաններում և մինչ օրս խուսափել են վեթինգի գործընթացից։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե ի՞նչ է խոստացել իշխանությունը և ի՞նչ ունենք ներկայում, դատավորների ո՞ր մասն է իրականում բարեվարքության ստուգում անցել, այսինքն՝ ենթարկվել վեթինգի, ովքե՞ր են ստվերում մնացել և մինչև ե՞րբ է դա նրանց հաջողվելու։

Անիրական ու իրական «վեթինգը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 20-ին, դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է․ «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին արգելափակել դատարանների մուտքերը։ Այդպիսով, ըստ վարչապետի, տրվեց հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի՝ դատական համակարգի բարեփոխման մեկնարկը:
Դրանից շուրջ 4 տարի անց՝ 2023 թվականի դեկտեմբերին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառմամբ ազդարարեց՝ «Վեթինգն 80%-ով իրականացված է»։

«80% թիվը որտեղից եմ վերցրել․ 311 դատավորներից 209-ը նոր մարդիկ են։ Այսինքն՝ նշանակվել են 2018 թվականից հետո։ Կարող ենք ասել, որ 60%-ը նոր մարդիկ են։ Լավն են, վատն են՝ կապ չունի։ Եթե մենք ստեղծեինք ամենալավ հանձնաժողովը վեթինգի, և այդ հանձնաժողովը որոշեր, որ դատավորների 60%-ը պետք է փոխվի, միևնույն է, ասելու էինք, որ իրենց բերած մարդիկ էլ են կասկածելի։ Հետևաբար, ԲԴԽ-ն է բերել այդ 60%-ին, բայց նրանք նոր են։ Բա էն 20%-ը որտեղի՞ց եմ վերցրել․ 20-ն էլ անցել են բարեվարքության ստուգում»,- ասել է Կարեն Անդրեասյանը։

Factor TV-ն Կարեն Անդրեասյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավորներին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին խոսել է 2019-ի մայիսի 20-ին, արդյո՞ք 2018-ից մինչև 2019 թվականի մայիս նոր նշանակված դատավորներն անցել են բարեվարքության ստուգում։ Հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը՝ նշելով, թե 80%-ը Դատական դեպարտամենտում առկա տվյալների քանակական հաշվարկի արդյունք է․ «2018 թվականից մինչև 2019թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նոր նշանակված դատավորները բարեվարքության ստուգում չեն անցել, քանի որ դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ուսումնասիրման վերաբերյալ առաջին կանոնները սահմանվել են 2020 թվականի ապրիլին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով»։

Ստացվում է, որ 2018-ից մինչև 2020 թվականի ապրիլ, երբ ընդունվել են բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ օրենսդրական առաջին կարգավորումները, այդ ընթացքում դատավոր դարձած 209 անձինք վեթինգով չեն անցել, այլ ուղղակի նշանակվել են ԲԴԽ-ի կողմից։ Եվ առնվազն տարօրինակ է, որ Կարեն Անդրեասյանը խոսում է 2018 թվականից իրականացված վեթինգի մասին։ Կրկին ընդգծենք՝ մինչև 2020-ի ապրիլ բարեվարքության ստուգումն անգամ տեխնիկապես հնարավոր չէր։

Հայաստանում ներկայում պաշտոնավարում է 310 դատավոր։ Նրանց բարեվարքությունը ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), եթե դիմում են առաջխաղացման համար, նաև ստուգում է նոր նշանակվող դատավորների թեկնածուների բարեվարքությունը։

Դատական դեպարտամենտի տվյալներով՝ մինչև 2018թ․ մայիս նշանակված դատավորներից, 2024 թվականի հուլիսի դրությամբ, ՀՀ դատարաններում պաշտոնավարել է ընդհանուր 138 դատավոր, 2018թ․ մայիսից մինչև 2024-ի օգոստոս առաջխաղացում է ունեցել 58 դատավոր։ Եթե ընդունենք, որ վերջինները ենթարկվել են վեթինգի, ստացվում է, որ «նախկիններից» 80 դատավոր չի դիմել առաջխաղացման և չի անցել բարեվարքության ստուգում։ Նրանց մեջ նաև կան դատավորներ, որ տարիքը լրանալու կապակցությամբ անցել են թոշակի։

Ովքե՞ր են մինչ օրս պաշտոնավարող և վեթինգի չենթարկված դատավորները։ Նրանց ցանկը Դատական դեպարտամենտից Factor TV-ին չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե «բարեվարքության ուսումնասիրություն չանցած դատավորների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության վարումը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից»։

ԿԿՀ-ից Factor TV-ին տեղեկացրել են, որ 2020 թվականի մայիսից մինչ 2024թ․ օգոստոսի 15-ն իրականացվել է 385 անձի բարեվարքության ուսումնասիրություն, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել հավակնողների և առաջխաղացման ենթակա դատավորների։ Այս ցուցակի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ բարեվարքության ստուգում անցել, բայց դատավոր չի նշանակվել 153 անձ, 2018-ի իշխանափոխությունից հետո դատավոր է նշանակվել 147-ը, իսկ 84 անձ դատավոր է եղել նաև նախքան 2018-ի իշխանափոխությունը։ Կոպիտ հաշվարկով ստացվում է, որ գործող դատավորներից 231-ն է ենթարկվել վեթինգի, այսինքն՝ ընդհանուրի 74%-ը, ոչ թե 80%, ինչպես հայտարարել էր Կարեն Անդրեասյանը։ Եվ սա՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ, ոչ թե 2023-ի դեկտեմբերի: Անդրեասյանի հայտարարությունը, հիշեցնենք, 2023-ի դեկտեմբերին է եղել։ Իսկ այս 8 ամիսների ընթացքում ԿԿՀ-ն ակտիվորեն շարունակել է դատավորների բարեվարքության ուսումնասիրությունները։ Այսինքն, ստացվում է՝ բոլոր դեպքերում ԲԴԽ նախագահը վեթինգի ենթարկված դատավորների քանակի` իրականից բարձր ցուցանիշ է հրապարակել։

«Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տևական ժամանակ է՝ ուսումնասիրում է առաջխաղացման համար դիմած դատավորներից 9-ի և նրանց ընտանիքների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ հայցված պարզաբանումները, հավելյալ փաստաթղթերն ու տեղեկությունները: Հանձնաժողովից Factor TV-ին հայտնել են, որ այդ դատավորներից 1-ի դեպքում ստացված պարզաբանումները չեն փարատել կասկածները, չեն տրամադրվել Հանձնաժողովի կողմից պահանջված պարզաբանումները հիմնավորող բավարար փաստաթղթեր, ինչի արդյունքում որոշվել է գործի նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն: Թե ո՞վ է այդ դատավորը, ԿԿՀ-ն առայժմ չի ասում։
Հայաստանում պաշտոնավարող բոլոր այն դատավորները, որոնք դեռևս չեն դիմել առաջխաղացման և չեն անցել բարեվարքության ստուգում, շուտով կհայտնվեն ԿԿՀ-ի ուշադրության կենտրոնում․ Հանձնաժողովն առաջիկայում սկսելու է բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության գործընթացը։ Դրա հնարավորությունն առաջացել է 2024 թվականի ապրիլին կատարված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների արդյունքում։ Այն դատավորները, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չեն անցել, դրա առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են օրենքով սահմանված հերթականությամբ և ժամկետներում։

Ընդգծենք, որ բարեվարքության ստուգումն այլևս օրենսդրական պահանջ է։ Սակայն ուշագրավ է, որ եթե անգամ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տալիս դատավորի կամ թեկնածուի վերաբերյալ, միևնույն է, ԲԴԽ-ն է որոշում՝ այդ անձը կլինի՞ դատավոր, թե՞ ոչ։ Այսինքն՝ ԿԿՀ-ի գնահատականը զուտ խորհրդատվական բնույթ է կրում, և ԲԴԽ-ն կարող է «անտեսել» բարեվարքության բացասական եզրակացությունը։

Այդպիսի իրավիճակ է եղել Ժորա Չիչոյանի և Մասիս Մելքոնյանի դեպքում․ դատավորի պաշտոնում նրանց նշանակման մասին հրամանագրերը ՀՀ նախագահը չէր ստորագրել, ըստ մամուլի՝ հաշվի առնելով նաև ԿԿՀ-ի բացասական եզրակացությունները։ Այնուամենայնիվ, նրանք դարձել են դատավոր՝ իրավունքի ուժով, այսինքն՝ ԲԴԽ-ի շնորհիվ (2023 թվականին)։ Ժորա Չիչոյանի հորեղբայրը, հիշեցնենք, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն է, որն այդ ժամանակ նաև ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ հայրը Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն է։ Մասիս Մելքոնյանը եղել է ՌԴ քաղաքացի, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո, ընդ որում՝ դատավոր դառնալուց 4 ամիս անց նրան է մակագրվել Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդությունը։

«Այս իշխանությունները պահեցին այն բոլոր մարդկանց, որոնց վերաբերյալ առնվազն «օդում պտտվող լուրերի համաձայն» կամ տարբեր հետաքննություների արդյունքում հայտնաբերվել էին տարբեր գույքեր, կարողություններ։ Յուրաքանչյուր իշխանություն անհրաժեշտություն ունի գրպանային, անձնական օգտագործման դատավորներ ունենալու, այնպիսի դատավորներ, որոնց վերաբերյալ ցանկացած պահի կարող է քրեական գործ հարուցել։ Եվ դա մահակի նման պահում են այդ դատավորների գլխին, որպեսզի կարողանան ցանկալի որոշումներ կայացնել»,- Factor TV-ին ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հայաստանի վերաքննիչ 4 դատարաններում՝ քաղաքացիական, քրեական, վարչական և հակակոռուպցիոն, ներկայում պաշտոնավարում է 65 դատավոր։ Համադրելով ԿԿՀ-ի բարեվարքության ստուգում անցածների ցուցակի հետ՝ պարզել ենք, որ նրանցից 25-ը չի անցել բարեվարքության ստուգում։ Նրանց մեջ կան դատավորներ, որոնք պաշտոնը ստանձնել են տասնյակ տարիներ առաջ, օրինակ՝ Մհեր Արղամանյանը՝ 1996 թվականից, Նաիրա Մարգարյանը՝ 1999թ․, Նարինե Հովակիմյանը՝ 1999թ․, Սևակ Համբարձումյանը՝ 1999թ․, Հարություն Ենոքյանը՝ 2006թ․, Մարգարիտա Հարթենյանը՝ 2008թ․, Կարեն Ավետիսյանը՝ 2009թ․, Նորա Կարապետյանը՝ 2012թ․, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ 2017 թվականից։

Դատավորների վերանշանակումներն ուսումնասիրելիս Factor TV-ն պարզել է, որ վերաքննիչ ատյաններում կան նաև դատավորներ, որոնք թեև 2022 թվականից հետո առաջխաղացում են ունեցել, սակայն բարեվարքության ստուգում չեն անցել։

Փաստացի՝ ԲԴԽ-ն նշանակումների որոշումներ է կայացրել՝ չսպասելով ԿԿՀ-ի ուսումնասիրությանը։ Հիշեցնենք՝ այդ ստուգումները սկսվել են 2022-ի ապրիլին օրենքի ընդունումից հետո։
Հայաստանում արդարադատություն կերտողների բարեվարքության ամբողջական ուսումնասիրությունն օրենքով նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
2018, 2019 թվականների խանդավառությունն արդեն չկա։ Կոշտ վեթինգի գաղափարն այս տարիների ընթացքում ձևափոխվեց և վերածվեց բարեվարքության ստուգման, որն ընդամենը խորհրդատվական բնույթ ունի, այն էլ՝ ոչ բոլոր դատավորների համար է կիրառվել։

Գայանե Խաչատրյան