Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Քաղաքականություն
19.10.2024 | 01:40Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշաթերթի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները (Անիպեմզայից մինչև Շիրականավան): Պայմանագրային արժեքը շուրջ 3 մլրդ դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքները Շիրակի մարզում, մյուս մասը՝ Արագածոտնի։
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մարալիկի կարիքների համար ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկան: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 26 մլն դրամը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 1 JCB-3cx էքսկավատոր-ամբարձիչ: Միաժամանակ, Կառավարությունը համայնքի հրատապ կարիքների համար հատկացրել է 279 մլն դրամ, որի շրջանակում հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:
Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Պայմանագրային արժեքը 565 մլն դրամ է:
Վարչապետը ծանոթացել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ – Արևշատ – /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ): Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 525 մլն դրամ:
Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 75 երեխաների համար նախատեսված մանկապարտեզ։
Ախուրյան համայնքում Վարչապետին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի կողմից իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար մասնավոր ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող, որից՝ 45 հա աշնանացան ցորեն, 5 հա գարնանացան գարի, 30 հա վարսակ, 50 հա կարտոֆիլ, 5 հա բազուկ, 3 հա գազար, 8 հա եգիպտացորեն, 10 հա կորնգան, 3 հա առվույտ։ Ներդրողի կողմից Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկա: Ներդրողը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագրեր նախաձեռնելու և գյուղոլորտի զարգացմանը նպաստելու համար:
Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են Կառնուտի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են երկու փուլով: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներդրվել է 259 մլն դրամ, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Արդյունքում` կառուցվել է երկու հարկանի մանկապարտեզի շենք՝ 300քմ մակերեսով։ Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Նշվել է, որ մինչ այս Կառնուտում մանկապարտեզ երբևէ չի գործել:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ծերերի խնամքի կենտրոն՝ զրուցել շահառուների հետ, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Վարչապետը ծանոթացել է Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է: Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, Վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում: Կառուցվել է նաև ջրագիծ, տեղադրվել է նոր ենթակայան: Իրականացվել է Վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների կառուցում, գետի երկայնքով կառուցվել է ցանկապատ։ Տարածքում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նշաններ, տեղեկատվական վահանակներ, արգելափակոց, իրականացվել է տարածքի լուսավորում և այլ աշխատանքներ։
Մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:
Աշոցք բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է պուրակի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվել են 2 փուլով: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: 2 փուլերով կառուցվել է 3730 քմ տարածքով պուրակ՝ լուսատուներով, շատրվաններով և կանաչապատմամբ։
Այցի շրջանակում Վարչապետին ներկայացվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը (Աշոցքից Բավրա ճանապարհ): Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ: 2024թ. պետական բյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Հովունի բնակավայրի Ս․ Աստվածածին եկեղեցի տանող ասֆալտապատման աշխատանքներին: 2024թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 26 մլն դրամ է, որից 12 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր: Վարչապետը պատասխանատուների տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ:
Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գ.Նժդեհի փողոց 3/6 հասցեում ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքներին: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 650 մլն դրամ է:
«Գյումրու բժշկական կենտրոն»-ում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 1.5T հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ սարքը, որի արժեքը 1,200,000 եվրո է: Ծառայության կահավորման և գործարկման հավելյալ արժեքը 50 մլն դրամ է։ Միջոցները հատկացրել է մասնավոր ներդրողը: Նշվել է, որ այն իր տեսակի մեջ եզակի բարձրադաշտ մագինսառեզոնանսային սարք է, որն օժտված է վերջին սերնդի արհեստական բանականության գործիքակազմով և ծրագրերով (նևրոլգիա, օնկոլոգիա, ոսկրամկանային համակարգ, որովայնի և կոնքի օրգաններ ուսումնասիրելու համար):
Այնուհետև՝ Վարչապետին ներկայացվել են Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք բերված նոր հասարակական տրանսպորտային միջոցները:
Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքներին: Բաղադրիչի ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվել են Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արդյունքում բարեկարգվում են Գյումրի քաղաքի ընդհանուր ոճին ներդաշնակ զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները՝ 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում: