Դատավորների ու նրանց ընտանիքի անդամների «կողմնակի» եկամուտները՝ վարձակալությունից ու ընկերության շահաբաժիններից

Լուրեր

23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատունը անշարժ գույք է վարձակալել դատավորից: Բանկերն ու վարկային կազմակերպությունները, հյուրանոցները ևս դատավորների հետ վարձակալության պայմանագրեր են կնքում: Պարզվում է՝ Հայաստանում դատավորների մի զգալի մասը եկամուտ է ստանում տարածքներ վարձակալության հանձնելով կամ ընկերություններում մասնաբաժին ունենալով: Նրանց ընտանիքի անդամները ևս հետ չեն մնում: Factor TV-ն ուսումնասիրել է այն դատավորների ու նրանց ընտանիքի անդամների գործարքները, որոնք խոշոր պայմանագրեր են կնքել կամ ֆինանսական շարժ ապահովել: Անդրադարձել ենք հիմնականում խոշոր գործարքներին:

Նատելլա Բեգլարյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի կինն է՝ Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դուստրը: Նա հանրությանը հայտնի միակ դատավորի կինն է, որն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը 2022թ. սեպտեմբերին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Նատելլա Բեգլարյանից և նրա հայրական ընտանիքի անդամներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույք:

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնում են, որ Նատելլա Գագիկի Բեգլարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք,  ենթակա է բռնագանձման Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող մեկ և Հյուսիսային պողոտայում գտնվող երկու անշարժ գույք: Նշված անշարժ գույքի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ավելի քան 270 միլիոն դրամ:

Գործը դեռևս քննվում է Հակակառուպցիոն քաղաքացիական դատարանում և վճիռ չի կայացվել:

Նշենք, որ Նատելլա Բեգլարյանը զբաղվում է բիզնեսով: 2023 թ. 8 մլն դրամ եկամուտ է ստացել «Գրանդ Հաուզ» ՍՊԸ-ից: Նա այս ընկերության սեփականատերն է 2018թ. դեկտեմբերից: Ընկերությունը մատուցում է նախադպրոցական կրթական ծառայություններ՝ Կենտրոն վարչական շրջանում:

Բիզնես գործունեություն է իրականացնում նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԴԱՀԿ նախկին պետ Սերգեյ Մեղրյանի ընտանիքը: Կինը՝ Անի Խաչատրյանը, մի շարք ընկերություններում տնօրեն ու սեփականատեր է:

Սերգեյ Մեղրյանը 2018-2019 թթ. եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 2020-2023 թթ. զբաղեցրել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, այնուհետև 2023 թ. մայիսին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Հենց այս տարիներին էլ Սերգեյ Մեղրյանի կինը սկսել է բիզնես գործունեություն ծավալել:

Մասնավորապես, «Ֆորթին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թ. նոյեմբերին: Անի Խաչատրյանի հետ ընկերության համասեփականատեր է եղել նաև Ինգա Բարսեղյանը: Նա մի շարք բանկերում իրավաբան է աշխատել, այնուհետև զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Սակայն, 2019 թ. ապրիլին Ինգա Բարսեղյանը դուրս է եկել ընկերությունից, իսկ նրա փոխարեն ընկերության սեփականատեր է դարձել ամուսինը՝ Արեգ Բարսեղյանը: Արեգ Բարսեղյանն էլ ընկերությունից դուրս է եկել 2019 թ.: Այժմ  «Ֆորթին» ՍՊԸ-ի 81 տոկոսը պատկանում է Անի Խաչատրյանին, իսկ 19 տոկոսի սեփականատերը վերջինիս եղբայրն է՝ Լևոն Խաչատրյանը: Ընկերությունն իրականացնում է հանրային սննդի սպասարկման գործունեություն: Անի Խաչատրյանը 2023 թ. ընկերությունից ստացել է մոտ 8 մլն դրամի շահաբաժին:

2024 թ. հունվարի 25-ին Ինգա Բարսեղյանը նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

«Ֆորթինը» միակ ընկերությունը չէ, որտեղ Անի Խաչատրյանը սեփականատեր է: 2023 թ. մարտից ամբողջությամբ նրան է պատկանում նաև «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ն, որն ըստ հարկային մարմնի, զբոսաշրջային ծառայություններ է մատուցում: Այս ընկերությունը հիմնադրվել է 2012 թ-ին Սերգեյ Մեղրյանի կողմից: Սակայն Մեղրյանը 2019 թ. ընկերությունից դուրս է եկել՝ այն փոխանցելով աներորդուն: Վերջինս էլ 2023 թ. ընկերությունը փոխանցել է քրոջը, այսինքն Մեղրյանի կնոջը՝ Անի Խաչատրյանին:

Անի Խաչատրյանի հայտարարագրի համաձայն՝ 2023 թ. նա «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ից ստացել է մոտ 12 մլն դրամի եկամուտ:

«Էվըլայն Հոլդինգ» ՍՊԸ-ն ևս Անի Խաչատրյանին է պատկանում: Ընկերությունը ստեղծվել է 2018թ. հունիսին հենց Ա. Խաչատրյանի կողմից: Այս ընկերությունն աշխատում է անշարժ գույքի շուկայում և իրականացնում է անշարժ գույքի չափագրման աշխատանքներ, տալիս է եզրակացություններ և այլն: Թեև ընկերությունը, ըստ հարկային մարմնի, գործող է, սակայն Անի Խաչատրյանը 2023թ. «Էվըլայն Հոլդինգ» ՍՊԸ-ից ստացված եկամուտ չի հայտարարագրել:

«Լեվան» ՍՊԸ-ն 2022-2023 թվականներին պետության կարիքների համար էլեկտրոնային աճուրդի հիման վրա կնքված պայմանագրով ընդհանուրը 16 մլն 736 հազ. դրամի բազկաթոռ և գրասենյակային այլ գույք է մատակարարել Դատական դեպարտամենտին: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քանի որ այս ընկերության հետ պայմանագրեր են կնքել նաև պետական այլ մարմիններ: Սակայն «Լեվան» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Միքայելյանի ամուսինն է՝ Արսեն Պետրոսյանը:

Նշենք, որ Անի Միքայելյանը դատավոր է դարձել 2023 թ. սեպտեմբերին: Նախագահի հրամանագրով նախ՝ նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր, ապա մեկ ամիս անց՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում, այնուհետև զբաղեցրել է  դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի անդամի, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամի պաշտոնները: Այսինքն, նույնիսկ մինչև դատավոր նշանակվելը մոտ է եղել դատական իշխանությանը:

Դատավոր Միքայելյանը ևս բիզնես ունի: Նրան են պատկանում «Էջմիածնի սարքաշինական գործարան» ԲԲԸ-ի 1,8% բաժնետոմսերը: Դատավորը Factor TV-ին պարզաբանեց, որ դրանք ստացել է հոր մահից հետո որպես  ժառանգություն։ 2023 թ. բաժնետոմսերը դատավորին շուրջ 1.9 մլն դրամի եկամուտ են ապահովել: Այս ընկերությունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Արտադրում է քաղաքացիական ավիացիայի պահեստամասեր:

«Հայրս եղել է ընկերության բաժնետեր, իր մահից հետո (2004 թվական) իր բաժնետոմսերը ժառանգման կարգով փոխանցվել են մայրիկիս, ինձ ու քույրերիս։ Միաժամանակ հայտնում եմ, որ իմ բաժնետոմսերը հանձնված են հավատարմագրային կառավարման»,- ասում է Անի Միքայելյանը:

Հարկ է նշել, որ դեռևս 2019 թ. մայիսին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «վեթինգի»: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Վարչապետի ելույթից անցել է 5 տարի: Դատավորներն այդպես էլ չենթարկվեցին «վեթինգի»: Հանրությունն այդպես էլ պատշաճ տեղեկություն չստացավ դատավորների քաղաքական կապերի, ամբողջական գույքային վիճակի և գործունեությունից բխող այլ հանգամանքների վերաբերյալ: Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների թեկնածուների, այդ թվում՝ առաջխաղացման ցուցակներում ընդգրկվածների վերաբերյալ կազմված եզրակացությունները մնացին հանրությունից գաղտնի: Օրենքով արգելված է այդ եզրակացությունների հրապարակումը: Պարզապես ընթացքում ԲԴԽ-ի օգնությամբ համակարգից հեռացվեց «անցանկալի» մի քանի դատավոր, որոնք այժմ իրենց իրավունքները փորձում են վերականգնել Եվրոպական դատարանում: 

 

Դատավորների հետ փոխկապակցված անձինք՝ փաստաբանական գրասենյակների սեփականատերեր

 

Դատավորների ընտանիքի անդամները «դասական» բիզնեսից զատ նաև փաստաբանական ընկերություններ ունեն, որոնք ևս եկամուտներ են ապահովում: Օրենքով արգելված չէ դատավորի ընտանիքի անդամներին բիզնեսով զբաղվել կամ մատուցել փաստաբանական ծառայություններ, սակայն կոնկրետ իրավիճակներում դա ողջամիտ կասկածներ է առաջացնում դատարանների օբյեկտիվության, կողմերի հավասարությունը պահելու և անաչառ քննության հարցերում:

Մասնավորապես, Աշոտը (անունը փոխված է իր խնդրանքով) արդեն 5 տարի է դատարաններում փորձում է պաշտպանել սեփականության իր իրավունքը: Հակառակ կողմի փաստաբանի կինը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր է: Իր գործը քննվում է այն նստավայրում, որտեղ դատավարական հակառակորդի փաստաբանի կինն է աշխատում:

«Հերթական դատական նիստին մի փոքր շուտ գնացի: Ներս մտա դահլիճ՝ տեսնեմ գործը քննող դատավորն ու հակառակորդիս փաստաբանը ջերմ զրուցում են, կատակներ են անում: Դատավորն ինձ տեսավ, խառնվեց իրար ու անմիջապես դահլիճից դուրս եկավ, թե՝ նիստին դեռ 5 րոպե կա, բարձրանամ վերև, հետո կիջնեմ: Գործի քննությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն ակնհայտ է, գիտեմ, որ ես պարտվել եմ: Պարտվել եմ, ոչ թե նրա համար, որ ապացույցներս բավարար չեն, այլ նրա համար, որ հակառակորդիս փաստաբանի կինը դատավոր է, և աշխատում է այն դատարանում, որտեղ իմ գործն է քննվում: Հիմա կասեն՝ դե, այդ փաստաբանի կինը չի քննում գործդ, նորմալ է: Բայց գործը քննող դատավորը գիտի չէ՞, որ փաստաբանն իր գործընկերուհու ամուսինն է: Նրան պետք էլ չէ որևէ բան խնդրել, արդեն գիտի՝ ինչ պիտի անել»,- ասում է Աշոտը:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով հանդես են գալիս որպես դատավորներ: Հետևաբար նրանց նկատմամբ կիրառելի են նույն վարքագծի կանոնները, ինչ ընդհանուր դատարանների դատավորների դեպքում:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս դատավորի կարգավիճակ ունի: Նրա կինը՝ Եվա Առաքելյանը, «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի սեփականատերերից է: Ընկերությունը հիմնվել է 2012 թ. մայիսին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության իրական շահառուներն են  Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ 60 տոկոս մասնաբաժնով և Եվա Առաքելյանը՝ 40 տոկոսով:

Ուշագրավն այն է, որ ըստ Եվա Առաքելյանի հայտարարագրի, «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում ունեցած իր մասնաբաժնի մի մասը նվեր է ստացել Գրիգոր Մինասյանից՝ ընկերության գրանցումից 10 օր հետո:

Հարկ է նշել, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունի նաև Արդարադատության նախարարը, այս դեպքում՝ Գրիգոր Մինասյանը: Իսկ այդ միջնորդությունը քննող մարմինը ԲԴԽ-ն է, որի ղեկավար Կարեն Անդրեասյանի կինը նախարարի հետ բիզնես գործընկեր է:

Դատական համակարգում այս հանգամանքի մասին գիտեն, հետևաբար օբյեկտիվորեն ողջամիտ կասկած է առաջացնում այն գործերի անաչառ քննության հարցում, որտեղ ներկայացուցիչները նախարարի ու ԲԴԽ նախագահի ընտանիքներին է պատկանում:

Ըստ գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի՝ միայն 2023 թ. ընթացքում Եվա Առաքելյանը «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ից որպես շահաբաժին ստացել է 31 մլն 412 հազ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2022 թ. շահաբաժինը եղել է մոտ 4 մլն 117 հազ. դրամ: Խոշոր շահաբաժին ստացել է նաև ընկերության համասեփականատեր Գրիգոր Մինասյանը: Նա 2023թ. ստացել է 47 մլն 117 հազ. դրամ, իսկ 2022-ին՝ 6 մլն 175 հազ.:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը 2022 թ. տարեվերջին՝ հոկտեմբերի 6-ին է Ազգային ժողովի կողմից ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Իսկ հոկտեմբերի 7-ին ԲԴԽ անդամների կողմից ընտրվել է ԲԴԽ նախագահ:

«Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2012թ. նոյեմբերին՝ Հովհաննես Մալխասյանի կողմից: Սակայն, վերջինս սեփականատեր է եղել մինչև 2015թ., որից հետո ընկերության նոր սեփականատեր է դարձել եղբայրը՝ Մինաս Մալխասյանը: Նրանք 2023 թ. սեպտեմբերին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Գուրգեն Մալխասյանի որդիներն են: Մինաս Մալխասյանը փաստաբան է:

Փաստաբանական ընկերությունը, որը մատուցել է նաև անշարժ գույքի չափագրման ծառայություններ, ստեղծվել է դեռևս այն ժամանակ, երբ Գուրգեն Մալխասյանը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ էր և համակարգում էր համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժինը:

Նշենք, որ Մալխասյանները գյումրեցիներ են: Այժմ փաստաբանական գրասենյակ ունեն նաև Երևանում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանի ամուսինը՝ Մարտիկ Մարտիրոսյանը, «Պարտիա փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը համեմատաբար նոր է՝ ստեղծվել է 2023 թ. հունվարի 20-ին, և գործունեություն է իրականացնում Երևան քաղաքում: Մինչ այդ Մարտիկ Մարտիրոսյանը եղել է այլ փաստաբանական ընկերության աշխատակիցը, այսինքն՝ առանձին փաստաբանական ընկերություն չի ունեցել:

Գուցե զուգադիպությամբ փաստաբանի կինը՝ Անի Աթանեսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2023թ. փետրվարի 1-ին՝ ընկերության ստեղծումից 10 օր անց: Իսկ մինչ այդ դատավոր է եղել Շիրակի մարզում:

Մ. Մարտիրոսյանը 2023թ. «Պարտիա փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին, ստացել է 16 մլն 853 հազ. դրամ:

Նշենք, որ  դատավորների հետ փոխկապակցված փաստաբանական ծառայությունների մատուցմամբ զբաղվողների այս ցուցակն ամբողջական չէ։ Նման փոխկապակցվածություններ ունեն փաստաբաններ Վարազդատ Ասատրյանը, Հայկ Ալումյանը և այլք:

Վարազդատ Ասատրյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի ամուսինն է: Բացի այն, որ Վ. Ասատրյանը իրավաբան է աշխատում «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում նաև, որպես փաստաբան, անհատ ձեռնարկատեր է: Վերջինիս  տարեկան հայտարարագրի համաձայն՝ փաստաբանական գործունեությունից 2023 թ. ստացել է մոտ 40 մլն դրամ:

Փաստաբան Հայկ Ալումյանի կինը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանն է: Ալումյանի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չկան, քանի որ նա հայտարարագրեր չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ դատավորի ընտանիքի անդամների կողմից փաստաբանությամբ զբաղվելը խնդրահարույց է, սակայն ֆորմալ առումով՝ թղթի վրա, ամեն ինչ նորմալ է, քանի որ արգելված գործունեություն չեն իրականացնում:

«Միակ տարբերակը, որ կարող է աշխատել,  այնպիսի  դատական համակարգ ունենալն է, որը  վստահություն կներշնչի: Անգամ, եթե հարազատներով լինեն, դատարանի նկատմամբ վստահության շեմն այնքան բաձր լինի, որ խնդիր, կասկած չառաջանա: Հայաստանում  կարծում եմ, այս հարցը դժվար կլինի կարգավորել, քանի որ ավանդաբար՝ իրավաբանների երեխաները դառնում են իրավաբան, բժշիշկներինը՝ բժիշկ, դինաստիաներով շարունակվում է: Եթե արգելենք նրանց երեխաներին զբաղվել իրավաբանությամբ՝ խտրական վերաբերմունք կլինի: Այստեղ կարևոր են հատկապես դատավորները, որ իրենք ամենօրյա վարքագծով ապացուցեն, թե ինչքան անաչառ, օբյեկտիվ են ու արդարադատությունն իրենց համար առաջնային է»,- ասում է Նինա Կարապետյնցը:

 

Վարձակալությունից ստացված եկամուտներ, որ գերազանցում են աշխատավարձի չափը

 

Դատավորներն ու նրանց ընտանիքի անդամները եկամուտ են ստանում ոչ միայն ընկերություններ հիմնելով, այլև իրենց գույքը վարձակալության հանձնելով:

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ավելի շատ եկամուտ է ստանում վարձակալության հանձնած գույքի դիմաց, քան դատավորի պաշտոնի համար տրվող աշխատավարձն է: Համեմատության համար նշենք, որ միայն 2023թ. դատավորի եկամուտը կազմել է 73 մլն 661 հազ դրամ և 503 հազ. ԱՄՆ դոլար: Դրանից միայն 58 մլն 448 հազ. դրամը տարբեր ընկերություններից ստացված վարձավճարի գումարն է:

Մասնավորապես՝ դատավոր Անի Հարոությունյանը 2023 թ. ապրիլին 39 հազ. 200 ԱՄՆ դոլարով Վրաստանում՝ «Օրբի Գրուպ Բաթումի» ՍՊԸ-ից Բաթումում տարածք է գնել և այն հանձնել է հավատարմագրային կառավարման: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է հյուրանոցային սենյակ:

Դատավորը վարձակալությամբ տարածքներ է հանձնել նաև Երևան քաղաքի Ամիրյան փողոցի հարևանությամբ գտնվող «Փարիզ Հոթել» ՍՊԸ-ին, «Արեգակ» վարկային կազմակերպությանը, «Գրիար սպասարկում» ՍՊԸ-ին և «Էյլ Էս Էյչ Քընսալթինգ» ընկերությանը: Դրանցից ստացել է մոտ 57 մլն 500 հազ, դրամ եկամուտ:

Անի Հարությունյանը նաև ընկերության սեփականատեր է: Դատավորին է պատկանում «Կրիստալ Արտ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ստեղծվել է 2011 թվականին և զբաղվել է ներկանյութերի և այլ շինարարական պարագաների մանրածախ վաճառքով: Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Նշենք, որ Անի Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիգորի (հանրությանը հայտնի՝ Գրիշա) Հարությունյանի դուստրն է:  Դատավորը նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի մորեղբոր դուստրն է:

Անի Հարությունյանի ամուսինը՝ Տիգրան Փոլադյանը, Սնանկության դատարանի դատավոր է: 2023թ. դեկտեմբերին Փոլադյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Դատավոր Հարությունյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցված: Նա մեղադրվում է այն բանի համար, որ տեղյակ լինելով որ Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, 47 մլն 581 հազ դրամին համարժեք 100 հազ. ԱՄՆ դոլարով ավելացրել է իր գույքը ու թաքցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի վերաբերյալ հայտարարագրման ենթակա նշված տվյալը, նախնական համաձայնություն է ձեռք բերել Նարինյանի հետ՝ օժանդակելով վերջինիս հանցավոր ճանապարհով ստացված՝ ապօրինի հարստացման արդյունքում առաջացած, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների իրական ծագումը թաքցնելու հարցում։

Քրեական գործը 2022թ. նոյեմբերին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և այժմ գտնվում է քննության փուլում:

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին տարեկան մոտ 76 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ է բերում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատունը, որին դատավորը գույք է հանձնել վարձակալության:

Վարձակալության դիմաց տարեկան 29 մլն 350 հազ. դրամի եկամուտ ստացել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: Նա գույքը վարձակալության հանձնել է «Արարատ բանկ»-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նշել է, որ տարեկան 6 մլն 750 դրամ վարձակալության դիմաց եկամուտ է ստացել:

Ջոն Հայրապետյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ դեռևս 2018թ. հիփոթեքով բնակարան է գնել Երևանի «Երազ» թաղամասում: Այդ ժամանակ եղել է դատավորի օգնական:  Սակայն այդ շենքերն ավարտական ակտ չեն ունեցել երկար ժամանակ, հետևաբար հնարավոր չէր գրանցել սեփականության իրավունքը, այդ իսկ պատճառով, որպես անշարժ գույք չի հայտարարագրվել: Դատավորը պարզաբանեց, որ բնակարանն իրեն հանձնվել է մոտ 1,5 տարի առաջ, իրենք կարող էին այդ բնակարաններն օգտագործել, սակայն առանց սեփականության իրավունքի:

«Այդ բնակարանը ես վարձով եմ տվել, իհարկե՝ ոչ կադաստրում գրանցված պայմանագրով, և դրանից 10 տոկոս հարկ եմ վճարում ՊԵԿ-ին: Վերջերս եմ գրանցել սեփականության իրավունքը: Հաջորդ տարվա հայտարարագրում արդեն հստակ կերևա բնակարանի ձեռքբերումը»,- հավելեց Ջոն Հայրապետյանը:

Ոչ միայն դատավորները, այլև նրանց ընտանիքի անդամներն են եկամուտներ ստանում վարձակալությունից: Օրինակ, Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի կինը՝ Գայանե Դարբինյանը, 2023 թ. 8 մլն 400 հազ. դրամ եկամուտ է ստացել «Ֆինկա» վարկային կազմակերպությունից, որին տարածք է հանձնել վարձակալության:

Ստացվում է, որ դատավորների միտքը միայն դատական ակտերով զբաղված չէ, նրանք զուգահեռ մտածում են նաև աշխատավարձից զատ այլ եկամուտներ գեներացնելու մասին, ինչը որոշ դեպքերում կարող է խաթարել արդարադատությունը՝ առաջացնելով շահերի բախումներ կամ բացասական ռիսկեր:

 

Ռոզա Վարդանյան