«Մենք և Արևմուտքը տարբեր պատկերացումներ ունենք հաղթանակի մասին».Զելենսկի
Քաղաքականություն
01.07.2024 | 18:06Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է Ուկրաինայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների հնարավոր ձևաչափի մասին, կանխատեսել, թե երբ կավարտվի պատերազմը և բացատրել, թե ինչպես է Ուկրաինայի հաղթանակի տեսլականը տարբերվում Արևմուտքում և Կիևում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկար սպասված որոշումը՝ թույլ տալ Ուկրաինային հարվածել ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական տեխնիկային, լավ է, բայց դա «չի լուծում երկրի քաղաքներն ու գյուղերը օդային ռումբերով ոչնչացնելու խնդիրը»։
«Դա լուծում է մարտավարական խնդիրները, ոչ թե ռազմավարական։ Մենք չենք կարող մարտավարական զենքով կռվել ռազմավարական խնդիրների դեմ»,- նշել է Զելենսկին։
Նա ասել է, որ ռուսական կառավարվող ռումբերին արդյունավետ հակազդելու համար Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ են ոչ այնքան առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսին է Patriot-ը, որքան ATACMS հեռահար հրթիռներ։ Զելենսկին նաև պնդում է, որ Սպիտակ տունը թույլ տա օգտագործել ամերիկյան ավելի մեծ հեռահարության հրթիռներ՝ ռուսական թիկունքի խորքում գտնվող օդանավակայաններին հարվածելու համար:
Այս հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին գրեթե առաջին անգամ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչն օրենքով ամրագրվել է Ուկրաինայում։
Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների միակ տարբերակը միջնորդներն են, ինչպես եղել է Սևծովյան հացահատիկային միջանցքի քննարկման և ստեղծման ժամանակ։
«Այս մոդելն առաջին անգամ կիրառվեց հացահատիկային միջանցքի օրինակով, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ։ Նրանք ստանձնել էին մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Ահա թե ինչպես է դա աշխատել՝ երկու հայելային համաձայնագրեր ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև»,- պարզաբանել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նմանատիպ սխեմա կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգիայի և նավարկության ազատության» հարցերի շուրջ բանակցություններում, միջնորդ կարող են լինել տարբեր մայրցամաքների երկրները։
«Մեր գործընկերները ոչ միայն Եվրոպան և ԱՄՆ-ն են, այլ նաև բազմաթիվ մայրցամաքներից, այդ թվում՝ Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, ինչպես նաև Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից։ Երբ կան ներկայացուցիչներ, որոնք լուծում են նախապատրաստում այս կամ այն ճգնաժամի համար, և այդ փաստաթղթով, եթե այն բավարարում է Ուկրաինային, պետք է ներկայացվի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին։ Առայժմ մենք ունենք միայն այս մոդելը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Հարցին՝ արդյո՞ք իսկապես հավատում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավատում է Ուկրաինայի հաղթանակին, Զելենսկին պատասխանել է, որ համոզված է դրանում, սակայն հավելել, որ Ուկրաինայում և Արևմուտքում հաղթանակն այլ կերպ են հասկանում։
«Արևմուտքի համար հաղթանակն Ուկրաինայի օկուպացումը թույլ չտալն է և Պուտինին իր տեղը դնելը»,- ասել է նա՝ նշելով Արևմուտքը վախենում է պնդել Ուկրաինայի ամբողջական հաղթանակի հարցում։
«Բոլորը վախենում են՝ ինչ կլինի Ռուսաստանի հետ առանց Պուտինի։ Բոլորը վախենում են՝ կարո՞ղ է մնալ այնպիսին, ինչպիսին կա և չդառնալ ավելի վատը»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ չի կիսում այդ մտավախությունները։
«Շնորհակալ ենք, որ թույլ չտվեցին օկուպացնել մեզ, սակայն պետք է արդարություն։ Ինչպե՞ս պետք է նայենք բոլոր այս մարդկանց աչքերին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, եթե մենք այս բավարարվածությունը չստանանք»,- հայտարարել է Զելենսկին։
Նա նաև բացատրել է, թե ինչպես է հասկանում Ուկրաինայի իրական հաղթանակը։
«Առաջին մասն Ուկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը թույլ չտալն է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մենք չենք կարող ասել, որ պաշտպանել ենք մեր անկախությունը։ Կարևոր է ապագա սերունդների անվտանգությանը հասնելը, իսկ դա նշանակում է ագրեսիայի կրկնման անհնարինություն»,- նշել է նա՝ ընդծելով, որ եթե Ուկրաինան չդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ապա ռուսական ագրեսիայի վերսկսումը «մեծ ռիսկ» կլինի։
Զրուցավարի հարցին՝ որքա՞ն կտևի պատերազմը, Զելենսկին նշել է, որ պատերազմը, այնուամենայնիվ, կավարտվի․ Ուկրաինան առաջին քայլն արդեն արել է հունիսին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովով։ Նա վստահեցրել է, որ Կիևը փաստաթուղթ կպատրաստի խաղաղության ծրագրի վերաբերյալ։
«Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այս փաստաթուղթը հասնի Ռուսաստանի ներկայացուցիչների սեղանին, և տարբեր հզոր երկրներ փորձեն արդարացիորեն ավարտել այս պատերազմը, իհարկե, տարբեր ձևաչափերով և երկխոսությամբ»,- ասել է Զելենսկին։
Ըստ նրա՝ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվի բոլորի համար, դա արագ չի արվում։ Միաժամանակ, Զելենսկին չի հստակեցրել ժամանակը, թե դեռ որքան, իր կարծիքով, կտևի պատերազմը, սակայն, ըստ նրա, հստակ գիտի, թե ինչ է պետք անել այս տարի։
«Մենք պետք է փաստաթուղթը կազմենք, պետք է ամեն ինչ անենք այս տարի երկրորդ գագաթնաժողովն անցկացնելու համար։ Պետք է դիմանալ։ Եվ մենք պետք է հնարավորինս թուլացնենք թշնամուն, որպեսզի բանակցությունների պահին նա չլինի նույն ալիքի վրա՝ վերևում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։