42 մլրդ դրամի հավելյալ ծախս և 2515 նոր աշխատող․ պետական ապարատի կրճատման Փաշինյանի խոստումն ու իրականությունը․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքականություն
15.04.2024 | 20:30Այն ի՞նչն է, այն ի՞նչը՝ ինչքան օպտիմալացնում-կրճատում են, այդքան մեծանում է ու ավելի շատ ռեսուրս խլում բյուջեից․ պետական կառավարման ապարատը։ Հեղափոխական իշխանության ներկայացուցիչները 2018-ին քննադատում էին նախկին կառավարության կառուցվածքն ու «ոչ» ասում ուռճացմանը։ Ի վերջո, կառավարության կառուցվածքն օպտիմալացրեցին։ Եվ ի՞նչ։ 2024 թ-ին հանրային իշխանության մարմիններում աշխատողների թիվը 2018-ի համեմատ, պակասելու փոխարեն, ավելացել է մոտ 2500-ով։ Սա են փաստում պաշտոնական՝ ֆինանսների նախարարության տվյալները։
Կառավարության կառուցվածքն օպտիմալացվել է 2019 թ-ին, վերակազմավորման արդյունքում 17 նախարարություններից ձևավորվել է 12-ը։ Այդ «կրճատված» 5 նախարարությունները ներկայիս իշխանավորները դեռ 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «չարդարացված ճոխություն» ու «անհիմն և լուրջ բեռ» էին անվանում հարկատուների ուսերին։
«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- 2018-ի օգոստոսի 9-ին կառավարության նիստում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խնդիր դրված չէ, բայց արի ու տես՝ 5 տարի անց պետական համակարգը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է, և դեռ մի մասն էլ գաղտնի է դարձել։ Ըստ էության՝ նույն մեխանիզմն է, ինչ ծառայողական ավտոմեքենաների դեպքում, երբ անվերջ «կրճատումների» արդյունքում պաշտոնյաներին սպասարկող մեքենաների թիվն իրականում ավելացել է, մի մասն էլ գաղտնի դարձել ու աներևութացել հանրության աչքից։
Եվ այսպես՝ 2024 թ-ին պետական աշխատող է 20 159 մարդ՝ 2019-ի 19 192-ի փոխարեն, այսինքն՝ 967-ով ավելի։ Սա պետության բյուջեի հիմքում դրված թվերն են։ Ընդ որում՝ 2018 թ-ին, երբ դեռ խնամի-ծանոթ-բարեկամներն էին աշխատում համակարգում, այս թիվը շատ ավելի փոքր էր՝ 17 644 մարդ, 2024-ի համեմատ՝ 2 515-ով պակաս։
2019-ին լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միացան Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում, Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունները դարձան էկոնոմիկայի նախարարություն, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերափոխվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ներկայում գործող 12 նախարարություններից 4-ը տեղակայված են նույն շենքում։
2024 թ-ին ձևավորվեց Ներքին գործերի նախարարությունը՝ միավորելով ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը։ Իսկ քանի որ ուժային կառույցների տվյալները գաղտնի են, արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության և Միգրացիոն ծառայության աշխատողների քանակը նույնպես գաղտնի դարձավ։ 2023-ին դրանք ունեցել են համապատասխանաբար՝ 361 և 41 աշխատակից։ Այսինքն՝ բյուջեի փաթեթով հրապարակվող համակարգի աշխատողների թիվը, ստացվում է, պակասել է մոտ 400-ով, մինչդեռ իրականում դա այդպես չէ, պարզապես գաղտնիության անվան տակ թիվն այլևս հասանելի չէ հանրությանը։
Զարմանալի է, բայց փաստ՝ 2022 թ-ից, ՀՀ վարչապետի N 327-Ա որոշմամբ, գաղտնի է դարձել նաև արտաքին գործերի նախարարության աշխատակիցների թիվը։ Թե ո՞րն է պատճառը, որոշման մեջ որևէ հիմնավորում չկա։ Factor TV-ն ԱԳՆ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է աշխատակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը գաղտնի համարվում։ ԱԳՆ-ն հղում է արել Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Փաստորեն, ԱԳՆ աշխատողների թվաքանակը պետական գաղտնիք է։ 2021 թ-ին, երբ դա դեռ գաղտնիք չէր, ԱԳՆ-ի աշխատակիցները մոտ 340 էին։
Օպտիմալացումից հետո 2019-ի համեմատ 2024-ին էական կրճատում է եղել ՊԵԿ-ում՝ 195-ով, մարզպետարաններում՝ միջինում 40-50-ով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայողները պակասել են 35-ով, և այլն։ Ընդհանուր կրճատվել է 1371 հաստիք։
2019 թ-ի համեմատ 2024-ին աշխատողների թիվն ավելացել է վարչապետի աշխատակազմում՝ 125-ով, Ազգային ժողովում՝ 15-ով, դատական դեպարտամենտում՝ 356-ով, քննչական կոմիտեում՝ 294-ով, դատախազությունում՝ 93-ով, ԲԴԽ-ի և դատավորների կազմում ՝ 92-ով, քաղաքաշինության կոմիտեում՝ 80-ով, ԲՏԱՆ-ում՝ 68-ով, ՏԿԵՆ-ում՝ 54-ով, և այլն։ Ընդհանուր ավելացել է 2563 հաստիք։
Այն, որ պետական կառավարման համակարգը մեր քաղաքացիների համար ավելի մեծ բեռ է դարձել, քան նախկինում էր, առավել ցայտուն է երևում այդ համակարգի պահպանման ծախսերի համեմատությունից։ Օրինակ՝ 2019-ից 2024 թթ-ին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների աշխատողների քանակն, ըստ հրապարակված թվերի, ավելացել է 5%-ով, իսկ պահպանման ծախսն այս ընթացքում ավելացել է մոտ 40%-ով․ այսինքն՝ 2019-ի 116․5 մլրդ դրամի փոխարեն 2024 թ-ի բյուջեով այդ նպատակով նախատեսվել է 158․6 մլրդ դրամ։ Սա մոտ 390 մլն դոլար է։
«Ի վերջո, ՀՀ քաղաքացիները այս ոլորտում հսկայական միջոցներ են ծախսում և պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը»,- 2018-ին ասել էր Փաշինյանը։
Պետական համակարգի պահպանման ծախսերի մեծ մասը՝ մոտ 73%-ը, աշխատավարձերն ու պարգևատրումներն են, ընդհանուր՝ 115․5 մլրդ դրամ, ծառայողական գործուղումների համար նախատեսվել է 3.5 մլրդ դրամ, ներկայացուցչական ծախսերի՝ 1 մլրդ դրամ, և այլն։
2019-ի տարեկսզբին Փաշինյանը կարևորել է համակարգի արդյունավետությունը․ «Պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ, այսպես ասած, փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը»:
Բացի պետական բյուջեի փաթեթում հրապարակվող հանրային կառավարման մարմինների հիմնական ցուցանիշների, մեր երկրում գործում են բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, հիմնադրամներ, որոնց պահպանման ծախսերը նույնպես միլիարդներ են կազմում։ Factor TV-ն պարզել է, որ միայն կառավարման մարմինների ենթակայությամբ 2022 թ-ին գործել է 46 ՊՈԱԿ, որոնք բյուջեից փաստացի ստացել են 19․6 մլրդ դրամ։ 2017 թ-ին նույն կառավարման մարմինների ենթակայությամբ գործել է 10-ով ավելի՝ 56 ՊՈԱԿ, բայց դրանց ընդհանուր ծախսը 2022-ի համեմատ ավելի քան 5 մլրդ դրամով պակաս է եղել՝ մոտ 14․3 մլրդ դրամ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է․ «Հանրային կառավարման համակարգի պահպանության ծախսերը բյուջեի 3-րդ խոշորագույն հոդվածն են՝ մոտ կես տրիլիոն դրամ ֆինանսավորմամբ։ Վերջին 5 տարվա ընթացքում նշանակալի աճ է արձանագրվել, բայց մյուս կողմից եթե ուզում ենք հասկանալ այս աճն արդյունավետ է, թե ոչ, պետք է արդյունավետության ցուցիչներ համադրենք այս աճի հետ։ Իսկ հանրային կառավարման առումով այդ ցուցիչները բավականին բարդ է գտնելը»:
Իշխանավորները հայտարարում են՝ վերջնականացման փուլում են պետության ռազմավարական կառավարման, այդ թվում՝ մշտադիտարկման և գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները։ Բայց մինչ պաշտոնյաները հերթական ռազմավարությունն են մշակում, Համաշխարհային բանկը 2023 թ-ին ուսումնասիրել և պարզել է՝ պետական ծախսերի արդյունավետությունը թույլ է և դրա հետևանքով տուժում է բնակչությունը։ «Ծախսերի արդյեունավետությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքը, ճանապարհային տրանսպորտը, առողջապահությունը և կրթությունը, արդյունավետության առաջադեմ սահմանից զգալիորեն հետ են մնում։ Օրինակ՝ եթե առողջապահության ծախսերն ավելի արդյունավետ լինեին, Հայաստանը կկարողանար 3․5 մլրդ դրամ (մոտ 9 մլն դոլար) պակաս ծախսելով հասներ մինչև 5 տարեկանների մահացության նույն ցուցանիշներին»,- նշված է ՀԲ-ի զեկույցում:
Պետական աշխատողների թվի աճ և անարդյունավետ որոշումներ, տարիներ շարունակ կապիտալ ծախսերի զգալի թերակատարումներ, շատ հոդվածներով ծախսերի գաղտնիացում, պետական բյուջեի հաստատումից հետո այդ կարևոր փաստաթղթում մեծածավալ, միայն անցած տարի՝ 500-ից ավելի փոփոխություններ․․․ ի թիվս այս և այլ խնդիրների փորձագետները նոր միտում են մատնանշում։
«Բոլոր որոշումները կենտրոնացված են, այսինքն՝ ընդունվում են մեկ կետում։ Եթե որևէ մարզում կարող են դպրոց, հիվանդանոց կառուցել, դա տվյալ մարզի, կամ համայնքի որոշումը չէ, այն կայացվում է մետրոպոլիայում։ Եվ, իհարկե, նման դեպքերում անհրաժեշտ են կառավարման համակարգեր, որոնք կվերահսկեն, կհավաքեն տեղեկատվությունը և դրա հետևանքով ապարատը ուռճանում է։ Ուռճացած ապարատը սկսում է նորանոր ծրագրեր մտածել, որոնցից շատ շատերը չեն ներդրվում արդյունավետ կերպով, չեն հասնում իրենց թիրախներին»,- Factor TV-ին ասել է պետական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը:
Հայաստանի իշխանավորները պրոցեսի, այսինքն՝ համակարգի օպտիմալացման և կառավարման արդյունավետության գնահատականներ այլևս չեն տալիս։ Մինչդեռ թվերը փաստում են՝ համակարգն է’լ ավելի է ուռճացել։ Իսկ եթե պետական պաշտոնյաները շատացել են, պահպանման ծախսերն էլ՝ ավելացել, ապա որտե՞ղ են խնամի-ծանոթ-բարեկամները, համակարգից դո՞ւրս, թե՞ ներս։
Գայանե Խաչատրյան