Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
Հասարակություն
29.03.2024 | 12:47Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են անում։ Օրակարգում ի սկզբանե 3 հարց էր՝ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամի ընտրություն։
ԲԴԽ անդամի թափուր հաստիքն առաջացել է այն բանից հետո, երբ խորհրդի անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տեղն է թափուր ԲԴԽ-ում՝ Դատական դեպարտամենտը Խորհրդի անդամի թափուր տեղում առաջադրվելու համար ծանուցագրեր է ուղարկել միայն այս դատարանի դատավորներին։ Դեռ մինչև երեկ Խորհրդի անդամի միակ թեկնածուն Վազգեն Ռշտունին էր, սակայն երեկ երեկոյան նա անսպասելիորեն հայտարարություն է տարածել, որ այս պահին չի հավակնում ԲԴԽ անդամ դառնալ։
«Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին:
Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական:
Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տալու համար:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն դատավորներին, ովքեր, ունենալով բազմամյա փորձ և խորը մասնագիտական գիտելիքներ, իմ անձը հաշվի առնելով որոշել են իրենց թեկնածությունները չառաջադրել:
Հուսով եմ կայացված որոշումը խոչընդոտ չի հանդիսանա ինձ ձեզանից մեկը համարելու, միասնական լինելու և մեկս մյուսին սատար կանգնելու հարցում։
Լիահույս եմ, որ առաջիկայում կայանալիք ընտրություններին կընտրենք արժանիին»,- հայտարարության մեջ նշել է Վազգոեն Ռշտունին։
Հաշվի առնելով, որ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն, փաստորեն, այլևս չի հավակնում ԲԴԽ անդամ դառնալ, այսօր այդ հարցը դուրս կգա օրակարգից, քանի որ ԲԴԽ անդամի թեկնածուն պետք է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում անցնի։
Նշենք, որ վերջին շրջանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հատկապես Վերաքննիչ քրեական դատարանի ներկա և նախկին դատավորների շուրջ։ Ընտրվելուց ընդամենը մեկ տարի անց ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը ևս անակնկալ կերպով է հրաժարվել իր՝ ոչ միայն ԲԴԽ անդամի, այլ նաև դատավորի պաշտոնից՝ առանց պատճառաբանություններ նշելու։ Վարդանյանի հրաժարականին հաջորդել են ևս 3 դատավորի՝ Անդրանիկ Մնացականյանի, Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի հրաժարականները։ Անդրանիկ Մնացականյանը մեկ տարի առաջ Վերաքննիչ դատարանից տեղափոխվել էր առաջին ատյանի դատարան, Կարեն Մարդանյանն աշխատում էր Վերաքննիչ դատարանում, իսկ Սերգեյ Մարաբյանը հրաժարականից ընդամենը 3 ամիս առաջ էր Վերաքննիչ դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան։
Factor․am-ի տեղեկություններով՝ Վարդանյանի, Մնացականյանի, Մարդանյանի և Մարաբյանի հրաժարականները կապված են նրանց միջև առկա նամակագրության հետ, որն իշխանությունների շրջանում հրապարակայնացրել է մեկ այլ դատավոր։
Իսկ թե ինչն է դրդել Վազգեն Ռշտունուն ընտրությունից մեկ օր առաջ հրաժարվել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հավակնությունից, մեզ հայտնի չէ։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությանը, ապա, ըստ այս պահին հայտնի տեղեկությունների՝ ՍԴ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունեն Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, որը մեկ անգամ արդեն իսկ առաջադրվել է որպես թեկնածու՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ, սակայն դատավորները ձայների մեծամասությամբ ընտրել են Դավիթ Բալայանին։ Երբ Բալայանի թեկնածությունը ներկայացվել է Ազգային ժողովին, ՔՊ պատգամավորները, այսինքն՝ իշխող մեծամասնությունը, քվեարկության չի մասնակցել՝ ըստ էության տապալելով ընտրությունը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դավիթ Բալայանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ, փաստացի, ոչ թե ինքը չի ընտրվել Ազգային ժողովի կողմից, այլ ՍԴ դատավորի ընտրություն չի կայացել, իսկ այն պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը, իրեն միաձայն կողմ են քվեարկել։
Ենթադրվում է, որ այսօր Բալայանի այս պնդումը ևս քննարկման առարկա կդառնա Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում։
Օրակարգի երրորդ հարցը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամի ընտրության հարցը եղել է նաև նախորդ՝ Մարտի 15-ին հրավիրված ժողովում, սակայն այս հարցի քննարկումը հետաձգվել է։ Հարցի քննարկման ժամանակ ժողովում բանավեճ է ծավալվել, թե որ ատյանի և ինչ մասնագիտացմամբ դատավորներ կարող են որպես թեկնածու առաջադրվել, և դրա պատճառն այն է, որ այս հարցն օրերնսդրորեն բավարար հստակությամբ սահմանված չէ:
Թե ինչ լուծումներ են գտել դատավորներն այս հարցի վերաբերյալ, մեզ հայտնի չէ։
Արաքս Մամուլյան