Ալիևը սպառնացել է վերանայել ԵԽ-ում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը
Քաղաքականություն
01.02.2024 | 18:14Եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ԵԽ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը կվերանայվի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանական պատվիրակության (ԵԽԽՎ-ում) իրավունքները պետք է վերականգնվեն։ Եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»,- ասել է Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ Բաքվում հանդիպմանը։
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ի որոշմամբ առնվազն մեկ տարով դադարեցվել են Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Այդ հարցով սպասվող քննարկումից կարճ ժամանակ առաջ ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում է Ստրասբուրգի նստաշրջանը։