«Ես իմ կյանքի համար վախենում եմ». կինը պնդում է՝ դատախազի որդին 45 հազար դոլար է վերցրել և անհետացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.01.2024 | 20:32Մարիաննա Սահակյանը պատմում է, որ արդեն հինգ տարի է՝ հիմնական բնակվելու տեղ չունի, գիշերում է ընկերների կամ հարազատների տանը։ Երիտասարդ կինը 2019 թվականին խաբեության զոհ է դարձել՝ վաճառելով բնակարանը։ Վաճառքից գոյացած 45 հազար դոլարը, ըստ Մարիաննայի, ինքը երրորդ անձի միջոցով տրամադրել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Աշոտ Կոստանյանի որդուն՝ Մուշեղ Կոստանյանին՝ բիզնեսում ներդնելու և եկամուտ փոխանցելու նպատակով։
Ի սկզբանե, Մարիաննան գումարը տրամադրել է մեկուկես ամիս ժամանակով, ինչից հետո այդ ժամանակ 24-ամյա Մուշեղն անհետացել է տեսադաշտից։ Մարիաննան ստիպված դիմել է տղայի ծնողներին։
26 օր հացադուլի մեջ անցկացրած Մարիաննայի առողջական վիճակը կտրուկ վատանում է․ ի վերջո, նրան ընդունում են այդ ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը և նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը։ Ըստ Մարիաննայի՝ այդ ընթացքում Մուշեղի հայրը՝ դատախազ Կոստանյանը, նոր առաջարկ է անում՝ փորձելով կաշառել իրեն։
Այս մասով Մարիաննա Սահակյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին, սակայն, կնոջ պնդմամբ, այստեղ ևս դատախազ Կոստանյանն իր ներքին կապերն է օգտագործում, ինչի պատճառով գործին ընթացք չի տրվում։
2022 թվականի հոկտեմբերի 16-ին Մուշեղ Կոստանյանը հայտնաբերվում և կալանավորվում է։ Ութ ամիս անց արդեն հաստատված մեղադրական եզրակացությամբ՝ գործը, ի վերջո, դատարան է հասնում։ Կոստանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ։ 28-ամյա Կոստանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
Հատկանշական է, որ երրորդ անձը, որը միջոցով տուժող կողմը գումարը փոխանցել է Մուշեղին, դատավարական որևէ կարգավիճակ չունի, ինչը նվազեցնում է ապացուցողական բեռը։
Այս ֆոնին ուշագրավ է, որ Կոստանյան ընտանիքը նիստերից մեկի ավարտից հետո Մարիաննային առաջարկել է տալ Մուշեղին տրամադրած 40 հազար դոլարը։ Հարց է առաջանում՝ եթե տղամարդը պնդում է, որ անմեղ է, ապա ո՞րն է նման առաջարկի պատճառը։
Տուժողը հրաժարվել է վերցնել գումարը՝ կասկածելով, որ թղթադրամները, հնարավոր է, կեղծված լինեն։ Պաշտպանական կողմն էլ որոշել է գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին։ Այստեղ ևս երկիմաստություն է առաջանում։
Այս գործընթացին զուգահեռ՝ Մուշեղ Կոստանյանն անազատության մեջ անցկացնում է 9 ամիս․ դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է տնային կալանք կիրառել նրա նկատմամբ։
Մարիաննան հիմա այլ խնդիր է տեսնում․ ըստ նրա՝ խափանման միջոցի փոխվելուց հետո դատական նիստերը հաճախ անհարկի հետաձգվում են, ինչը հօգուտ Մուշեղի է։
Տուժողը մտավախություն ունի, որ Աշոտ Կոստանյանը, հնարավոր է, կարողանա ազդել գործի ընթացքի վրա՝ հաշվի առնելով ավելի վաղ նրա արտահայտած միտքը, թե դատական համակարգում կապեր ունի և կարող է օգնել Մարիաննային դատական գործերն իր օգտին լուծել։
Երիտասարդ կինն ասում է՝ արդեն վախենում է իր կյանքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան
Հ․Գ․
Ռեպորտաժի հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ․
«Քաղաքացի Մարիաննա Սահակյանը «Factor TV»-ին տված հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող, ապակողմնորոշող և զրպարտություն պարունակող տեղեկություններ, որոնց առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Մարիաննա Սահակյանը 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից՝ խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո է միայն հստակ քայլեր ձեռնարկվել՝ տևական ժամանակ քննվող քրեական վարույթով առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: 16.10.2022 թվականին Մ.Կ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո, Մ.Կ.-ն ձերբակալվել է, այնուհետև՝ դատարանի որոշմամբ, Մ.Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը (ներկայում՝ տնային կալանքը):
Հետևողական լինելով ենթադրյալ հանցավոր ոտնձգության արդյունքում տուժած անձի իրավունքների պաշտպանությանը՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարեց, որ Դատախազը 2023 թվականի հունիսի 9-ին հաստատել է քաղաքացի Մ.Ս.-ի խախտված իրավունքների գործով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ներկայում գործը գտնվում է դատաքննության փուլում»։
Լրացում. Factor.am-ի խմբագրությունը տեղեկացնում է, որ հրապարակման մեջ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանի և նրա վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը հիմնված է եղել բացառապես Մարիաննա Սահակյանի խոսքերի վրա, ինչը, ինչպես պարզվել է ավելի ուշ, չի համապատասխանում իրականությանը։ Ուստի` Վահագն Մուրադյանի և նրա վարորդի վերաբերյալ գրված/ասվածը հեռացվում է հոդվածից և տեսանյութից: