Բակո, հեռացի՛ր կամ արցախյան ամառ. Հայկ Խանումյանը՝ Արցախում ընթացքող բողոքի ակցիաների մասին

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

 Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ազգային վերածնուն» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի հոդվածը 2018թ. ամռանն Արցախում ընթացքող բողոքի ակցիաների վերաբերյալ:

2018թ. ամառն Արցախում շատ թեժ սկսվեց հենց հունիսի 1-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մերձակայքից: Կենցաղային վեճից առաջացած բողոքի ակցիաները բերեցին ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի, ոստիկանապետի և պետնախարարի պաշտոնանկությանը: Օրերի ընթացքում Բակո Սահակյանն ազատվեց նաև մի շարք նախարարներից (այդ թվում իր աներձագից, ով բնապահպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում), որոշ խորհրդականներից և շրջանային ղեկավարներից: Նախկին պետնախարարն ու ԱԱԾ տնօրենը նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոն ստացան և տեղափոխվեցին նախագահական:

Ավտոկայանի ցույցերը մի սարսափելի պատկեր վերհանեցին, որի մասին ոչ ոք, բացի կառավարող նեղ շրջանակից, ամբողջական պատկերացում չուներ: Բողոքի ակցիաները հնարավորություն տվեցին ի մի բերել բոլոր զարհուրելի պատմությունները: Պարզվեց, որ տարիներ շարունակ Արցախի ուժային կառույցները և հատկապես ոստիկանությունն ու ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը քաղաքացիների նկատմամբ իրականացրել էին բռնություններ ու խոշտանգումներ: Ցույցերից ընդամենը 2-3 ամիս առաջ խոշտանգումներ էին իրականցվել Մարտունու շրջանում տեղի ունեցած  կենցաղային վեճի գործով ձերբակալված ու կալանավորված բազմաթիվ անձանց նկատմամբ: ԱԺ քննիչ հանձնաժողովին տրված հաղորդումներում Ճարտար քաղաքի բռնությունների ենթարկված բնակիչները խոսում էին իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ծեծի, խոշտանգումների և արժանապատվությունը վիրավորող արարքների մասին, որը ղեկավարվել է  ոստիկանության գնդապետ  Նորայր Միրզոյանի կողմից: Մինչ այսօր որևէ ոստիկան պատժված չէ այս խոշտանգումների համար: Ավելին, Բակո Սահակյանի թիմի ռեպրեսիվ ներկայացուցիչները նրան խորհուրդ են տալիս պաշտպանել խոշտանգումներ իրականացրած ոստիկաններին, քանզի նրանց ծառայությունից հեռացնելը կամ պատժելը հանրության կողմից կդիտվի որպես նախագահի թուլություն: Ենթադրվում է, որ Բակո Սահակյանն ատամներով կպաշտպանի ոստիկանի համազգեստ հանգած հանցագործներին:

Հունիսի 6-ին մենք՝ Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար մարմնի անդամներս, խորհրդակցություններ սկսեցինք ամբողջ Արցախի տարածքում՝ շրջելով գյուղերում և Ստեփանակերտ հրավիրելով մեր տարածքային կառույցների ղեկավարներին: Մեզ հանդիպած մարդիկ դնում էին արմատական և կտրուկ փոփոխությունների պահանջ: Մեզ համար ևս ակնհայտ էր, որ բոլոր այս բռնությունների ու ապօրինությունների հետևում կանգնած է Բակո Սահակյանը և որ նախագահի պաշտոնում նրա մնալն ավելի է մեծացնելու անարդարության մթնոլորտը երկրում և հնարավորություն է տալու նոր բռնությունների ալիքի: Հասունանում էր Բակո, հեռացի՛ր կարգախոսը և գործողությունների ծրագիրը: Բակո Սահակյանի բանագնացները փորձում էին մեզ համոզել, որ իրավիճակ է փոխվել և Բակոն այլևս առաջվանը չէ, պատրաստ է գնալ բարեփոխումների, առաջարկում էին բոլորով հուշագիր ստորագրել, որը պետք է երաշխավորեր այդ բարեփոխումները: Մինչև հունիսի 13-ի մեր առաջին հանրահավաքը Բակո Սահակյանը հրապարակային հայտարարեց, որ չի առաջադրվելու 2020թ. նախագահական ընտրություններին:

2017թ. փետրվարի 20-ին Արցախում տեղի էր ունեցել սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում ուժեղացվել էր նախագահի դերը: Նախկինում կառավարության ղեկավարը վարչապետն էր, հիմա այդ դերն անցել էր նախագահին: 2017-2020թթ. սահմանվել էր անցումային փուլ, իսկ այս միջանկյալ փուլում նախագահին ընտրելու էր Ազգային ժողովը: Նախագահի համընդհանուր, ուղղակի ընտրություններ տեղի էին ունենալու գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտին՝ 2020թ. ապրիլին: ԱԺ և նախագահի ընտրությունները տեղի էին ունենալու նույն օրը: Փոխելով սահմանադրությունը՝ Բակո Սահակյանը նպատակ ուներ իշխանության մնար մինչև 2030թ.: Թեև սահմանադրության մեջ հստակ նշված է, որ նույն անձը չի կարող առավել քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում, այնուամենայնիվ Բակո Սահակյանի շրջապատի ՛՛սահմանադրագետները՛՛ պարզաբանում էին, որ դա գործող նախագահին չի վերաբերում: Ավելին, 2017թ. հուլիսի 19-ին ԱԺ 5 կուսակցություններից 3-ը՝  Ազատ Հայրենիքը, Արցախի ժողովրդավարական և Դաշնակցություն կուսակցությունները անցումային շրջանի համար նախագահ ընտրեցին Բակո Սահակյանին, որի պաշտոնավարման 10-րդ տարին էր լրանում: Բակո Սահակյանը երրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը՝ անօրինակ դեպք Արցախի և ՀՀ պատմության ընթացքում և շատ նման Ադրբեջանում Իլհամ Ալիևի օրինակին:

Ինչու՞ մենք: Մենք առաջինը չէինք, որ դրել էր Բակո Սահակյանի հրաժարականի հարցը: Մեզնից առաջ նման պահանջով էր հանդես գալիս ՛՛Լույս Արցախին՛՛ նախաձեռնությունը: Սակայն մենք առաջնության խնդիր չէինք դրել: Մենք Բակո Սահակյանի իշխանության արմատական ընդդիմությունն ենք, որը տարիներ շարունակ քննադատել է վարվող քաղաքականությունը, բիզնեսի և իշխանության սերտաճումը, ռեսուրսների և իշխանության անօրինակ կենտրոնացումը, կոռուպցիան և հանրային միջոցների վատնումը: Մենք տարբեր ժամանակներում և տարբեր հարցերի շուրջ դիմել ենք նաև փողոցային պայքարի: 2017թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ մեր կուսակցությունը միակն էր, որ բացեց սահմադրությանը դեմ քարոզելու շտաբ և իրականացրեց դեմի քարոզարշավ: Փոքր ռեսուրսներով մենք կարողացանք քարոզարշավ անել հիմնականում Ստեփանակերտում: Արցախի հանրայինը իր եթերը փակ պահեց դեմի կողմնակիցների համար, իսկ կողմ քարոզողները չէին իջնում եթերից՝ խոսելով նոր սահմանադրության ՛՛առավելությունների՛՛ մասին՝ չմոռանալով նշել, որ միայն ադրբեջանցին կարող է դեմ լինել նման սահմանադրությանը: Տարիներ շարունակ մեր կուսակցությունը պայքարել էր քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ուժեղացման համար՝ ենթարկվելով մեծ ճնշումների և ահաբեկումների: Մենք երբեք չենք ընկրկել, երբեք գործարքի չենք գնացել և միշտ ազնիվ ենք եղել մեր ընտրողների հետ՝ մեր նպատակների, գործողությունների ու գաղափարների մասին խոսելով հրապարակային:  Երևանում տեղի ունեցած իրադարձություններն ուժեղացնում էին մեր դիրքերը և ոգևորում հանրությանը:

Ի՞նչ ենք մենք առաջարկում: Բակո Սահակյանի հրաժարականից հետո մենք առաջարկում ենք մինչև 2020թ. նախագահի պաշտոնում ընտրել խորհրդարանական 5 կուսակցություններին չհարող, անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմից կամ զինվորականությունից, ով մեկուկես տարվա ընթացքում երկիրը կպատրաստեր արդար, բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար հավասար պայմաններով ընտրությունների: Միևնույն ժամանակ անցումային շրջանի նախագահը պետք է հայտարարեր, որ չի առաջադրվելու 2020թ. ընտրություններին և իր գլխավոր նպատակը երկրում սահմանադրական կարգի հաստատումն է:

Բակո Սահակյան բարեփոխիչի կերպարը հօդս ցնդեց առաջին իսկ հավաքի ժամանակ: Հունիսի 13-ի հավաքին ընդառաջ Բակո Սահակյանը պաշարվել էր մի քանի հարյուր ոստիկաններով և կալանավորի պես նստած էր Վերածննդի հրապարակում գտնվող նախագահական նստավայրում, ոստիկաններից այս կողմ մեր քաղաքական թիմն էր և հավաքի շուրջ 200 մասնակից: Ասեմ, որ մենք մի քանի սցենար ունեինք, Բակո Սահակյանն իր քայլերով մեզ ուղղորդեց ընտրել հենց ամենառադիկալ ճանապարհը՝ այն է պահանջել Բ.Սահակյանի հրաժարականը: Մեր հետագա հավաքներն ընթանում էին ոստիկանության կողմից խոչընդոտներով և փոքրիկ բախումներով:

Վերածննդի հրապարակի կալանավորը ԱԺ բերեց հավաքների մասին օրինագիծը՝ հրատապ քննարկելու ընթացակարգով: Մի քանի օրում ԱԺ ընդունեց այդ օրենքը: Հուլիսի 17-19 երեք օր շարունակ մենք անցկացրեցինք հավաքներ, որոնցում ներկայացրինք երկիրը ներքաղաքական ճգնաժամից հանելու մեր տեսլականը՝ տալով Բակո Սահակյանի կառավարման տարիների քաղաքական գնահատականը: Չմոռացվեց մարտի մեկի հանցագործություններին Բակո Սահակյանի մեղավորությունը (Արցախից զինվորականների մասնակցությունը հայաստանյան ներքաղաքական դեպքերին), բերձորյան խայտառակությունը: Խոսվեց Բակո Սահակյանի թուլամորթ ու կամազուրկ լինելու մասին, որն արտահայտվել էր թե՛ ապրիլյան օրերին, թե՛ վերջին ներքաղաքական ճգնաժամի ժամանակ: Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավարներից Տիգրան Գրիգորյանն իր ելույթի ժամանակ այսպես արտահայտվեց. ՛՛11 տարի առաջ Սերժ Սարգսյանը, տարբեր մութ մեխանիզմներով վերահսկողություն սահմանելով Հայաստանի հանրապետական կուսակցության վրա, որը 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում դարձավ մեծամասնություն՝ որոշել էր, որ Արցախում նախագահի պաշտոնում իրեն հարկավոր է փալաս, այնպիսի մի փալաս, որը կկատարի իր բոլոր հրահանգներն ու հրամանները և այդ փալասի հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Բակո Սահակյանի վրա և կարծում եմ, որ դա ճիշտ ընտրություն էր: Որովհետև Բակո Սահակյանը վերջին 11 տարիների ընթացքում իրեն պահել է որպես փալաս, փալաս, որը վախեցած է սեփական ժողովրդից և որի համար կարևոր է մեկ մարդու կարծիքը՝ Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի կարծիքը՛՛:

Արցախում իշխանության դեսակրալիզացիայի այս գործընթացը ծանր է ընկալվում Բակո Սահակյանի և նրա նեղ շրջապատի կողմից: Նրանք ուղղակի չգիտեն ինչ անել: Միևնույն ժամանակ այդ նեղ թիմը շատ ադեկվատ է, երբ հարցը վերաբերում է իշխանությանը: Նրանք հստակ հասկանում են, որ նույնիսկ փոքր բռնությունը կբերի իրենց իշխանության կորստին: Բակո Սահակյանը տարբեր կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ սա իր խաչն է և ինքը պարտավոր է այն կրել: Միևնույն ժամանակ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հնչող հարցերին պատասխանում է, որ ինքն ի՞նչ աներ, Սերժ Սարգսյանն է այդպես ցանկացել՝ անուղղակի հաստատելով Տիգրան Գրիգորյանի իր հասցեին հնչեցրած գնահատականները:

Արցախում ինտերնետի ուժեղացումը բերեց սոցիալական ցանցերից օգտվողների քանակի ավելացման: Արցախի կառավարող նեղ շրջանակը որոշեց օգատգործել այս հարթակը սեփական շահերի քարոզչության համար: Ամբողջ պետական համակարգը վերածվեց քարոզչամեքենայի սպասարկուների: Ոստիկանության, ԱԱԾ կազմում առանձնացվեցին տարբեր ծառայողներ, որոնց գործը ֆեյսբուքում կեղծ հաշիվներ բացելն ու դրանց սպասարկելն էր: Նրանց օգնության դրվեցին Հանրային հեռուստատեսության, նախագահականի և կառավարության որոշ աշխատակիցներ: Բոլոր գերատեսչությունների հանրության հետ կապերի բաժինները դրվեցին խիստ հսկողության տակ, իշխանական քարոզիչներն ու ֆեյքերը լայքեր ու նյութերի տարածում էին ապահովում այն կերպ, ինչ հայաստանյան որոշ իշխանական դեմքեր մինչև 2018թ. ապրիլ: Ֆեյսբուքյան հարձակումների հիմնական թիրախն իշխանությանը քննադատողներն էին, Բակո Սահակյանին պաշտպանող իրական ու կեղծ օգտատերերը հայհոյանքների ու ապատեղեկատվության թիրախ էին դարձնում մեզ ու մեր ընտանիքներին: Այս նույն օգտատերերը մասնակցում էին նաև սերժսարգսյանական քարոզչամեքենայի տարբեր ակցիաների՝ օրինակ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի դեմ ակցիաներին, այդ գործում օգտագործելով նաև ՊԲ հրամանատարին, ով ժամանակ առ ժամանակ խառնվում է քաղաքական թեմաների՝ սպասարկելով սերժսարգսյանական քարոզչամեքենային: Այս ամենն այնքան խորացավ, որ ֆեյսբուքում ֆլեշմոբ սկսվեց ՛՛Բակո Սահակյանն իմ նախագահն է՛՛ թեմայով, որի հիմնական տարածողները  ոստիկանության, ԱԱԾ ծառայողները, պետական համակարգի աշխատակիցներն էին ու նրանց ընտանիքի անդամները: Ժամանակին վարչական ռեսուրսի օգտագործմամբ այս մարդկանց տանում էին ընտրատեղամաս և քվեարկել տալիս իրենց ցանկացած թեկնածուի օգտին, հիմա վարչական ռեսուրսն օգտագործվում է քարոզչական ֆոն ստեղծելու համար: Միևնույն ժամանակ զինվորականներին ու այլ ծառայողներին հատուկ զգուշացնում էին չլայքել քննադատական գրառումները և առավելևս դրանք չտարածել:

Արցախում հանրությանը ճնշելու գլխավոր գործիքը եղել է աշխատանքից հեռացնելու սպառնալիքը: Արցախում չզարգացած մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների սակավության պայմաններում աշխատանք կորցնելը լրջագույն խնդիր է, եկամուտներ կորցնելը՝ լրջագույն սոցիալական կատաստրոֆա ընտանիքի համար: Հենց այս հանգամանքն են օգտագործել Արցախի իշխանությունները տարիներ շարունակ հանրությանը վերահսկելու համար: Այս գործոնը շարունակում է աշխատել, չնայած զգալիորեն թուլացել է՝ կապված իրենց աշխատանքային իրավունքների համար պայքարի պատրաստ քաղաքացիների թվի աճի հետ: Հիմա Արցախի նախագահի ռեպրեսիվ թիմակիցները որդեգրել են մարդկանց համոզելու, խոստումներով կաշառելու մարտավարություն:

Մեր հավաքների թիվը շատ քիչ ավելացավ 200 հոգուց: Արցախը փակ հասարակություն է և այստեղ դժվար է ռադիկալ թեմայով մեծ հավաք անցկացնել՝ չնայած հանրային մեծ աջակցությանը, որ մենք ստանում ենք տարբեր բնակավայրերում մեր հանդիպումների ժամանակ: Միևնույն ժամանակ աճում է մեր կուսակիցների թիվը, տարբեր համայքներում ստեղծվում են կուսակցական նոր կառույցներ: Նման վերելք մեր կուսակցությունը դեռ չէր ունեցել:

Ազգային վերածնունդ կուսակցությունը շարունակելու է բողոքի ակցիաններն ու հավաքները Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Մենք նպատակ ունենք բազմապատկել հավաքի մասնակիցների թիվը: Բողոքի ակցիաներն ինքնանպատակ չեն, ուղղակի մենք համոզված ենք, որ Բակո Սահակյանի մնալու դեպքում շարունակվելու են հանրության դեմ կատարվող հանցագործությունները՝ պետական բյուջեի վատնումը, կենտրոնացված կոռուպցիան, ոստիկանական տեռորն ու խոշտանգումները: Ի վերջո Բակո Սահակյանի մնալու դեպքում 2020թ. չի ապահովվելու արդար ու հավասար պայմաններով ընտրության անցկացում: Բակո Սահակյանն անցել է կարմիր գիծը, գնացել է նախագահության երրորդ ժամկետի, Արցախը դասել Ադրբեջանի ու Թուրքմենստանի նման երկրների շարքին և Բակո Սահակյանը պետք է հեռանա: Մեր նպատակն Արցախում սահմանադրական կարգի հաստատումն է: Հանրային ճնշումը մեր գործիքներից մեկն է:

Հայկ Խանումյան

՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր

Ստորև մեր հավաքներից որոշ ելույթներ՝

https://www.youtube.com/watch?v=2VoUh4k6q38&list=UUMjaNzjxLeDC9gWU-qiAGjw&index=10

https://www.youtube.com/watch?v=6l1iEQlsg38

https://www.youtube.com/watch?v=xZwjlO0Dr90

https://www.youtube.com/watch?v=_Wj7KrdI6Kk&list=UUMjaNzjxLeDC9gWU-qiAGjw&index=4

https://www.youtube.com/watch?v=xQYb0b1TOBE&list=UUMjaNzjxLeDC9gWU-qiAGjw&index=5

https://www.youtube.com/watch?v=oqUiTcMbkdc&list=UUMjaNzjxLeDC9gWU-qiAGjw&index=6