Մասնագիտական երկխոսություն դատավորների ու դատախազների միջև՝ դատավարական էթիկայի թեմայով
Երևանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով երկխոսությունը վարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանը:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Գլխավոր դատախազը կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումն ու ընդգծել, որ բարեվարք վարքագիծը պետք է լինի կենսակերպ: «Էթիկան պետականության հիմքերից մեկն է: Բարեվարք անձը հարգանք ունի պետական բոլոր խորհրդանիշների ու ինստիտուտների նկատմամբ: Ես շատ եմ ուզում, որ երիտասարդ իրավաբանների համար նման անձանց վարքագիծը լինի ուղենիշային»,- նշել է Աննա Վարդապետյանը:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շնորհավորել է Դատախազության 105-ամյակն ու նշել, որ Դատախազության՝ երկարամյա ավանդույթներ ունեցող համակարգում նկատվում է նոր մշակույթ. փոխվել է գործընկերներին ուղղված մոտեցումն ու վերաբերմունքը: «Միջոցառման թեման արդիական է. իսկապես, էթիկայի լրջագույն խնդիրներ ունենք դատարանի դահլիճում՝ բոլոր կողմերից: Մենք պետք է վերաիմաստավորենք էթիկայի սկզբունքները, կարգապահությունը, բարեվարքությունը: Ժամանակակից աշխարհում դա անընդհատ զարգացող թեմա է»,- ասել է ԲԴԽ նախագահը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ արդիական թեմայով միջոցառման հրավերի համար և ընդգծել, որ դատական համակարգը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում: Վճռաբեկ դատարանի նախագահը կարևորել է դատավարության յուրաքանչյուր մասնակցի, հասարակության յուրաքանչյուր անդամի բարեվարք վարքագիծը դատական նիստերի դահլիճում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է հասարակական համակարգում էթիկայի վերաբերյալ պատկերացումներն ու դրանք իրացնելը: «Մարդու իրավունքների պաշտպանության հիմքում ընկած են համերաշխության ու հանդուրժողականության գաղափարները: Առանց այս գաղափարների փաստացի իրացման՝ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ: Այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ մենք ունենանք պատշաճ կերպար՝ թե՛ որպես պաշտոնատար անձ, թե՛ որպես հասարակության անդամ: Շատ դեպքերում մենք էթիկայի վերաբերյալ պատկերացումները կենտրոնացնում ենք ուղղակի մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում որոշակի վարքագծային կանոնների վրա՝ մոռանալով, որ բացի գործունեության իրականացման կոնկրետ ժամանակահատվածից՝ նաև այլ իրավիճակներում, մեր ունեցած կերպարն ընդհանուր դիրքորոշում է ձևավորում մեր կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ էթիկան ոչ այլ ինչ է, քան պետականության ամրապնդման կարևորագույն բազիս: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ տրամաբանական է, որ Հայաստանի նման երիտասարդ երկրներում, որտեղ պետական ինստիտուտները գտնվում են կայացման փուլում, էթիկան առաջնային խնդիրներից մեկն է, ու դրա մասին պետք է խոսվի մասնագիտական կրթություն ստանալու փուլից:
Թեմատիկ քննարկումների ժամանակ Արմենուհի Էմի Աշվանյանը կարևորել է էթիկայի թեմայով երկխոսության կազմակերպումը դատավորների ու դատախազների միջև և անդրադարձել էթիկայի հիմնահարցերին՝ դատարանի դահլիճում և դատարանի դահլիճից դուրս: