Փաշինյանը Արարատի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
17.07.2023 | 21:50Արարատի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Արարատ համայնքի տարածքում գտնվող Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհահատվածի 12,2 կմ երկարությամբ հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 192.5 մլն դրամ: Զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023թ.-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:
Այնուհետև վարչապետը ծանոթացել է Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուների ներկայացմամբ, կառուցվել են շինության հիմնահարկերը: Աշխատանքները կատարվել են շուրջ 60%-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ, որից 30%-ը համայնքի բյուջեն է, իսկ 70%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց մանկապարտեզ, որի նախագծային հզորությունը 170 տեղ է: Աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վեդի քաղաքի 2,2 կմ երկարությամբ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Նշվել է, որ աշխատանքները կատարվել են շուրջ 65 %-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 509 մլն 650 հազար դրամ, որից 45%-ը համայնքի բյուջեն է, իսկ 55%-ը՝ պետական բյուջեն:
Վարչապետի հաջորդ կանագառը եղել է Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարը, որի տարողությունը 29 մլն խմ է:
Պատասխանատուները նշել են, որ կառուցվել է հիմնական պատվարի 85 մետրից 74 մետրը և 2-րդ պատվարի 17 մետրից 10 մետրը: Աշխատանքները կատարվել են 93%-ով: Ջրամբարի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջում։ Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, որից ԶՖԳ մասը կազմում է 75 մլն եվրո, իսկ Կառավարության մասը՝ 15 մլն եվրո: Ծրագրի ավարտման արդյունքում կապահովվի անխափան ինքնահոս ոռոգում 3200 հա հողամասում, որից 300 հա-ն նոր հողեր: Էներգիայի տնտեսումը կկազմի 19 միլիոն կվ/ժամ: Ընդգծվել է, որ փորձնական տարածքներում նախատեսվում է ներտնտեսային ոռոգման ցանց մինչև հողամասի սկիզբ, որը հնարավորություն կտա անցնել ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման: Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ Վեդու ջրամբարն իր տեսակով առաջինն Է Հայաստանում, որ ունենալու է ժամանակակից սկադա համակարգ, որը ոռոգման ավտոմատացված մոնիտորինգ լինող ծրագիր է և Երևանից՝ գլխամասից, հնարավոր կլինի արդյունավետ ջրաբաշխում իրականացնել:
Փոքր Վեդիում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կքննարկի խնդիրներն ու կփորձի գտնել անհրաժեշտ լուծումներ: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:
Կառավարության ղեկավարը եղել է «Վեդի ալկո» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը, առաջիկա ծրագրերին և խաղողի մթերման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:
Դեղձուտ բնակավայրում ևս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Քաղաքաշինության նախարարության կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Այստեղ նկատվել են որոշ թերություններ, որոնք վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերացնել: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 960 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար:
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են: Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 616 մլն 854 հազար դրամ: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ համայնքը կունենա հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 85%-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 217 մլն դրամ, որից 65%-ը համայնքի բյուջեն է, 35%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի
ավարտման արդյունքում Արտաշատ քաղաքը կունենա շուրջ 6.8 կմ ասֆալտապատ ճանապարհ:
Այնուհետև վարչապետն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ նրան ներկայացվել են փողոցների լուսավորության անցկացման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 55 %-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.8 մլն դրամ, որից 55%-ը համայնքի բյուջեն է, 45%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Վերին Դվին համայնքն ամբողջությամբ կլուսավորվի:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզի Մխչյան գյուղի տարածքում գտնվող Արտաշատի ավտոշուկայի պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ծրագրի արդյունքում շուրջ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք:
Վարչապետը շրջել է ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։ Կառավարության ղեկավարը նաև ծանոթացել է վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին։ Պատասխանատուները ներկայացրել են, որ նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։
Մասիս համայնքում վարչապետին ներկայացվել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ դրամ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի արդյունքում Մասիս համայնքը կունենա նորակառույց բժշկական կենտրոն։
Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Մասիս քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզի շենքի կառուցման ընթացքին: Ընդգծվել է, որ շենքն ամբողջությամբ կառուցվել է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, որոնք կատարվել են 85%-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն 508 հազար դրամ, որից 50%-ը համայնքի բյուջեն է, իսկ 50%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց մանկապարտեզ, որի նախագծային հզորությունը 4 խումբ է՝ 120 տեղով:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ կատարվել են
աշխատանքների 85 %-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 875 մլն 737 հազար դրամ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է Մասիսում ֆերմերի կողմից պետական ծրագրով հիմնված խելացի անասնագոմ: Այստեղ ներկայացվել են ծրագրի ընթացքն ու արդյունավետությունը: Վարչապետը ողջունել է ֆերմերի կողմից ծրագրին մասնակցությունն ու պատասխանատուներին հանձնարարել գյուղացիական տնտեսությունների շրջանում կոնկրետ օրինակներով ակտիվորեն ներկայացնել ծրագրի արդյունավետությունը:
Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: