Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում շարունակվում է սերնդափոխությունը․ ավագ սերնդին փոխարինելու է գալիս նորը՝ նոր երազանքներով, նոր ձգտումներով ու մեծ ակնկալիքներով: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ դեռևս քիչ անուններ կան, որոնք հայկական ակումբների սաներն են, սկսել են ներքին առաջնությունից և իրենց փորձում են եվրոպական առաջնություններում։ Նրանցից մեկը Վահան Բիչախչյանն է: «Արմենպրես»-ը Գյումրիի «Շիրակ»-ի մարզադաշտում հարցազրույց է անցկացրել Բիչախչյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:
-Վահան, Ձեր ընտանիքում սպորտը, ֆուտբոլը կոլորիտի մի մասն է: Ինչպե՞ս սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս հասկացաք, որ այս մարզաձևն է ձերը:
-Եթե անկեղծ՝ հասկանալու կարիք չկար: Ֆուտբոլն իմն էր, երբ հասա գիտակցության մակարդակի: Մանկության տարիներին էլ գնդակը, ֆուտբոլը իմ առօրյայի մի մասն են եղել: Սերը ֆուտբոլի հանդեպ, կարելի է ասել, ի ծնե է ինձ մոտ: Ոչ մի ֆուտբոլիստ կամ խաղ չի եղել պատճառը, որ սկսել եմ սիրել այս մարզաձևը: Պարզապես սիրել եմ այն, իսկ ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձևին:
–Ձեր պապիկը ծանրորդ է, հայրը` ֆուտբոլիստ: Առիթ չի՞ եղել այլ մարզաձևերում էլ ձեզ փորձել:
-Սովորաբար բարդ է որդիների այն ճանապարհը, ովքեր ընտրում են իրենց հոր ուղին: Ի՞նչ արձագանք ստացաք ավագ Բիչախչյանից:
-Առավել երիտասարդ հասակում ուրիշ մոտեցում ես ունենում, երբ մեծերը խորհուրդներ են տալիս, երբ խիստ կամ ոչ խիստ տոնով ինչ-որ բան են ասում, սովորեցնում, երբեմն մտածում ես, որ դու ճիշտ ես, սխալը նրանք են, բայց հիմա, հետ նայելով, հասկանում եմ, թե որքան ճիշտ խորհուրդներ եմ ստացել նրանից: Խորհրդատուների շարքում կարևոր դեր ունի նաև իմ մարզիչներից Արտակ Ադամյանը: Բայց այդ խիստ դաստիարակության, խորհուրդների կարիքն ունեցել եմ: Գուցե, ամեն ինչ այլ կերպ զարգանար, եթե հայրս քիչ խիստ լիներ: Սովորել եմ նրա խորհուրդները կյանքիս մի մասը դարձնել, աշխատել դրանց վրա և ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանք ինձ ճիշտ ճանապարհի վրա են դրել:
-Սպորտը Շիրակի մարզում՝ առավել ևս Գյումրիում, տարերքի պես մի բան է: Ի՞նչն եք ամենաշատը հիշում «Շիրակ»-ում կամ առավել շատ կարոտում:
-Գյումրին, «Շիրակ»-ն իմ տունն է: Այստեղից եմ սկսել ճանապարհս, կայացել որպես անձնավորություն ու ֆուտբոլիստ: «Շիրակ»-ը միշտ էլ առանձնացել է իր կարգապահությամբ, և հիշում եմ, որ ամեն խաղում միշտ մրցել ենք հաղթանակի համար: Թեպետ շատ երկար չեմ խաղացել «Շիրակ»-ում, սակայն այն ժամանակ, երբ ես էի խաղում, ակումբում ուժեղ կազմ կար, և մարզիչները քեզ հենց այնպես չէին ընդգրկի թիմում: Իհարկե, կարոտում եմ «Շիրակ»-ը: Այն կարծիքին եմ, որ կարող էի ավելին տալ թիմին` մի մրցաշրջան ավել խաղալով այստեղ: Քիչ եմ վայելել այստեղ խաղալու բերկրանքը:
-«Ժիլինա», «Պոգոն». երկու առաջնություն` սլովակական ու լեհական: Ի՞նչ փուլեր անցաք այս առաջնություններում:
-«Ժիլինա» տեղափոխության տարում թիմը դարձել էր չեմպիոն, և ակումբի մարզիչներն առավելագույնի ակնկալիքներ ունեին: Ինձ համար էլ դժվար էր, քանի որ երիտասարդ էի, նոր երկրում, նոր ակումբում և լեզվին անծանոթ: Հետո սկսվեց բարդ փուլ, երբ վնասվածքներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ պատրաստ էի խաղաժամանակ ստանալուն: Իմ կյանքում դա ծանր շրջան էր: «Ժիլինա»-ն ինձ շատ բան է տվել, և այնտեղ անցկացրած ժամանակը կարևոր փուլ էր ինձ համար: «Պոգոն»-ին էլ միացա, երբ երիտասարդներով լավ թիմ էր ձևավորվել: Եթե անկեղծ՝ չէի կարծում, որ այդքան արագ կմերվեմ թիմին: Ու, քանի որ լեհերենը սլովակերենին մոտ է, շատ կարճ ժամանակում նաև լեհերեն սովորեցի, ինչն ինձ հիմա օգնում է լավ լեզու գտնել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների հետ: Ֆուտբոլը փոփոխվում է, ու ես սպասում եմ իմ հնարավորությանը:
-Ո՞րն է Ձեր նպատակը՝ որպես կարիերայի հաջորդ քայլ:
-Չեմ սիրում նպատակներիս մասին խոսել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ միշտ էլ ձգտում է առավելագույնին: Նպատակներն են, որ ինձ մոտիվացնում են, ուժ տալիս: Գիտակցում եմ, որ ֆուտբոլիստի կյանքն էլ երկար չէ, և պետք է փորձել ամեն գնով բարձրանալ: Ու շատ կարևոր է, որ վերջում դու քո խղճի առաջ հանգիստ լինես: Միշտ ձգտում եմ, հակաֆուտբոլային քայլեր քիչ անել և ամեն ինչ ծառայեցնում եմ հանուն ֆուտբոլի:
–Բոլորս ներքուստ գիտենք, թե իրականում ինչի ենք ունակ: Ոմանց մոտ ստացվում է «ես»-ից առավելագույնը քաղել, ոմանց մոտ` ոչ: Արդյոք Դուք Ձեզ ֆուտբոլային 5 թոփ լիգաներում տեսնում եք:
-Միանշանակ, թոփ 5 լիգաներից մեկում խաղալը իմ նպատակն է: Փոքր տարիքից ունեմ այդ երազանքը: Որքան հնարավորություններս թույլ կտան, այդքան հեռու կգնամ: Առավելագույնս և ավելին կանեմ այդ լիգաներում խաղալու համար: Այդ ճանապարհին, կարծում եմ, ինքս եմ իմ մրցակիցը` հատկապես որ հասկանում եմ, որ հնարավոր է այդ երազանքն իրականության դարձնել:
-Դուք ձեր նորամուտը հավաքականի կազմում տոնել եք 2020 թվականին և 20-ից ավելի հանդիպում եք անցկացրել: Որքանո՞վ է ոգևորիչ ձեզ համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզաշապիկով դաշտ դուրս գալը:
–Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կարևորություն, արժեք ունի ինձ համար Հայաստանի ազգային թիմում խաղալը: Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին: Էմոցիոնալ տեսանկյունից դեռ մանկուց տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ էին սպասում հավաքականի խաղերին: Հիմա ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ ընտրանու կազմում: Թեպետ 20 խաղից ավելի եմ խաղացել հավաքականում, սակայն դեռևս չեմ տվել այն ամենը թիմին, ինչն ուզում եմ անել ու տալ ընտրանուն: Ամեն ինչ անում եմ ու անելու եմ, որ գոլերով ու խաղով ավելի շատ հաղթանակ պարգևեմ իմ թիմին:
–3 տարին քիչ ժամանակահատված չէ հավաքականում տեսնելու այն «բաբախող սիրտը», որ ունի ընտրանին: Ի՞նչը կարող է դառնալ հավաքականի հաղթաթուղթը:
-Այժմ հավաքականում սերնդափոխություն է, բայց լիահույս եմ, որ ժամանակի ընթացքում լավ հավաքական ենք դառնալու: Հայաստանի ֆուտբոլի թիմը մեծ ներուժ ունի ուժեղ հավաքական դառնալու համար: Եթե հագնում ես հավաքականի մարզաշապիկն, ուրեմն պատրաստ ես դրան:
-Հայաստանի ազգային թիմում մի շարք նորեկներ կան: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նորարարություն կբերեն նրանք թիմին:
-Այժմ հավաքականում երիտասարդները գերակշռում են, մեծ ձգտումներ ունենք բոլորս: Նորեկներն էլ ցանկությամբ լի են, մոտիվացված: Լիահույս եմ, որ մի քանի խաղ հետո, երբ իրար ավելի լավ կճանաչենք, ցույց կտանք ընտրանու իսկական ներուժը:
–Հավաքականն ունի նաև նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է Ալեքսանդր Պետրակովը:
–Կարող եմ ասել, որ նա կարգապահություն սիրող, անմնացորդ նվիրվող ֆուտբոլիստների է սիրում: Բայց նրա դեպքում բարձր մակարդակի վրա պետք է լինի գնդակով ու առանց գնդակի խաղը: Հույս ունեմ, որ իր որ նա իր փորձով շատ մեծ օգուտ կբերի Հայաստանի հավաքականին:
–Առաջիկայում Հայաստանի ազգային թիմը երկու հանդիպում ունի Ուելսի և Լատվիայի հետ: Ինչպիսի՞ մրցակիցներ են նրանք մեր ազգային թիմի համար:
-Ուելսի հավաքականին կհամեմատեմ Շոտլանդիայի ընտրանու հետ, որի հետ խաղալու փորձ ունենք: Ուելսը լավ թիմ ունի, ֆիզիկապես լավ պատրաստված են, արագ ու ուժային ֆուտբոլ են խաղում, բայց ֆուտբոլն այժմ շատ է փոփոխության ենթարկվել: Մենք էլ ուժեղ կողմեր ունենք: Ճիշտ է՝ դժվար հանդիպում է սպասվում:
-Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ձեզ:
-Ես տեսել եմ Մեսիի ու Ռոնալդուի խաղերը: Երկուսն էլ տարբեր են: Ռոնալդուն բարձունքների հասել է իր կարգապահության և աշխատասիրության հաշվին, իսկ Մեսին՝ տաղանդի ու աշխատասիրության: Ինձ ավելի հոգեհարազատ է Ռոնալդուն:
-Ասում են սպորտում մեծ բարձունքների հասնում են տաղանդավորները կամ աշխատասերները: Ձերը տաղա՞նդն է, թե՝ աշխատասիրությունը:
-Աստված տվել է ինձ ֆուտբոլ խաղալու ու հասկանալու ունակությունը, բայց այդ ամենն արժեք չի ունենալու, եթե նպատակներիդ հասնելու համար չաշխատես ամեն օր: Բայց վստահ եմ, եթե ֆուտբոլին նվիրվես ամբողջությամբ, ֆուտբոլը կվերադարձնի եռակի անգամ շատը:
-Եվ վերջում: Կյանքդ կախված է մեկ 11 մետրանոց հարվածից: Ո՞ւմ կվստահես հարվածը:
-Ոչ մեկին (ծիծաղում է. հեղ.): Բախտս ոչ մեկի չեմ վստահի:
-Վահան, շնորհակալ եմ հաճելի զրույցի համար: