Քննարկվել է հավաստագիր չստացած, բայց դրոշմանիշ ունեցող դեղորայքի հարցը
Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել ու պարզել, որ դեղերի շուկայում առկա է դրոշմապիտակներով, բայց չգրանցված դեղորայք. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծման կարիք ունի․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրները քննարկելու նպատակով Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ մայիսի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղեկալ Լուսինե Բադալյանը, անդամներ Հռիփսիմե Հունանյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը, իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սայամյանն ու մի քանի տնտեսվարողներ:
Տնտեսվարողների տեղեկացմամբ հարցի կարգավորումը ոչ թե իրենց, այլ ՊԵԿ-ի ու ԱՆ դաշտում է: Դեղատների ներկայացուցիչները հարցի լուծման իրենց տարբերակն են ներկայացրել ու խնդրել՝ քանի դեռ կարգավորումները հստակ չեն, իրենց չտուգանել:
Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովի նախագահը հորդորել է ԱՆ-ին ու ՊԵԿ-ին միասին աշխատել` բացառելու նման խնդիրներն ու դեղորայքի համար դրոշմանիշ տրամադրել միայն Առողջապահության նախարարության հավաստագրի առկայության դեպքում:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ թեեւ չգրանցված դեղորայքի արգելքը վաղուց գոյություն ունի, այնուամենայնիվ գտնվում էին տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին վճարել տուգանքն ու շարունակել վաճառել դրանք: Այդ է պատճառը, որ օրենսդիրը մի քանի անգամ ավելացրել է տուգանքի չափը:
Ամփոփելով հանդիպումը` Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նպատակը ոչ թե տնտեսվարողներին տուգանելն է, այլ նրանց օրենսդրական դաշտ բերելը: