Ինչ են պատմել Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող 3 հայերը․ փաստաբանները մանրամասներ են ներկայացրել հետաքննությունից

Լուրեր

25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Բոլորը

Ղրիմի կամուրջը պայթեցնելու մեղադրանքով ՌԴ անվտանգության ուժերը ձերբակալել են ութ մարդու, բոլորն էլ ձերբակալվել են դեպքից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Ընդ որում, այդ մեկ շաբաթը չի պահանջվել խուզարկությունների և հետապնդումների համար։ Հակառակը, ձերբակալվածների փաստաբաններն ու հարազատները, որոնց հետ զրուցել է BBC-ն, պնդում են, որ մարդիկ իրենք են գնացել հարցաքննության, այդ թվում՝ իրենց մեքենաներով, ապրել են հյուրանոցում ու իրենց հաշվին ծախսեր կատարել և, առհասարակ, փորձել են հնարավորինս օգնել հետաքննությանը՝ պնդելով իրենց անմեղությունը։

Ձերբակալված 3 հայազգի մեղադրյալների փաստաբանները հայտարարել են, որ նրանց մեղավորությունն ապացուցող որևէ փաստ չկա, և նշել, որ «նրանք պարզապես սխալ պահի սխալ տեղում են հայտնվել»։

Շինարարական պոլիէթիլենային թաղանթով բարձված տախտակները, ըստ ռուսական հետախուզական ծառայությունների, սկզբում Օդեսայից ուղարկվել են Բուլղարիա, այնտեղից էլ՝ վրացական Փոթի նավահանգիստ։ Փոթիից բեռները ցամաքային ճանապարհով հասել են Հայաստան, որտեղ մաքսազերծվել են (Հայաստանը և Ռուսաստանը ունեն մեկ մաքսային տարածք), այնուհետև ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանով և Կազբեգի-Վերին Լարս անցակետով հասել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք։ Այնտեղ ապրանքը բեռնաթափվել է պահեստներից մեկում, այնուհետև բեռնվել նոր բեռնատարի մեջ, որն էլ պայթել է Ղրիմի կամրջի վրա։

Բեռնատարի վարորդը՝ 37-ամյա Արթուր Տերչանյանը, որը կնոջ ու երկու երեխաների հետ ապրում է Ախալքալաքում, բեռնատարը վարել է Վրաստանի Փոթիից մինչև Արմավիր։ Վրացական ընկերությունը, որի հետ Տերչանյանը մշտապես համագործակցել է, Viber հավելվածով բեռնափոխադրումների պատվեր է վերցրել։

Այժմ վարորդը մեղադրվում է քողարկված պայթուցիկ սարքը Ռուսաստանի տարածք հասցնելու համար՝ «գործելով ըստ մշակված պլանի՝ կազմակերպված խմբի մյուս անդամների հետ համատեղ և համաձայնեցված»։ Տերչանյանի փաստաբան Գիվի Բեքաուրին կտրականապես հերքում է այս մեղադրանքը։ Ըստ պաշտպանի՝ բեռնատարի վարորդը պարզապես արել է իր սովորական գործը՝ բեռնատարը «Ա» կետից վարել է «Բ» կետ։

«Ցանկացած վարորդ, որը զբաղվում է բեռնափոխադրմամբ, կարող էր լինել Տերչանյանի տեղում։ Իրականում, նրա բախտը չի բերել, նա սխալ պահին սխալ տեղում է հայտնվել: Այսքանը: Այս հանցագործությանը նրա մասնակցության մասին որևէ ապացույց չկա և չի լինի, եթե դրանք կեղծված չլինեն»,- BBC-ին ասել է Գիվի Բեքաուրին։

Հենց այն իրողությունը, որ չպարզված պայթուցիկ սարքը կարող էր աննկատ անցնել երեք երկրներով, կասկած է հարուցում ոչ միայն իրավաբանի, այլ նաև այդ երեք երկրների իշխանությունների մոտ։ Ե՛վ Բուլղարիան, և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը միանշանակ հայտարարել են, որ բեռն ամբողջությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և որևէ կասկած չի հարուցել։

Վրաստանը, մասնավորապես, հիշեցրել է, որ բեռները չորս անգամ հատել են վրացական մաքսային անցակետերը, որոնք արդեն մի քանի տարի «ԱՄՆ-ի և ԵՄ-ի օգնությամբ վերազինվել են գերզգայուն և բարձր տեխնոլոգիական սարքավորումներով»։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկում է մաքսային մարմինը, մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նկարագրվում է բեռնատարի երթուղին և եզրակացնում, որ պայթուցիկ չէր կարող լինել։ Կոմիտեն պարզաբանել է, որ պահպանվել են տեսախցիկների բոլոր ռենտգենային պատկերները և ձայնագրությունները։

«[ՌԴ հատուկ ծառայությունները] ասում են, որ, իբր, պոլիէթիլենային թաղանթի մեջ ինչ-որ բան է փաթաթված եղել, որ նույնիսկ ժամանակակից տեխնիկական միջոցները չեն կարողացել հայտնաբերել այդ պայթուցիկը, Տերչանյանը ինչպե՞ս պետք է ստուգեր՝ պայթուցիկի կա՞ր , թե՞ ոչ։ Դե՝ սա աբսուրդ է։ Վարորդն իրավունք չունի ստուգելու բեռը, նա կարող է միայն տեսողական զննության ենթարկել այն»,- տարակուսում է փաստաբանը։

Ճանապարհի բոլոր 11 օրերը Տերչանյանը գիշերել է նույն մեքենայում, վարորդն ինքը՝ շփոթված ու կաշկանդված, դատական նիստին ասել է փաստաբանին՝ ինչպե՞ս կքներ պայթուցիկով բեռնված բեռնատարում։

Արթուր Տերչանյանն Արմավիրի պահեստ է ժամանել հոկտեմբերի 6-ի առավոտյան։ Այնտեղ պոլիէթիլային թաղանթով տախտակները բեռնաթափվել են։ Վարորդն այլևս կապ չի ունեցել դրանց հետ։ Բեռնաթափվելուց հետո Տերչանյանը նախ մեկ օր անցկացրել է Պյատիգորսկում, մինչև դատարկ բեռնատարը նոր պատվերով բեռնվի, իսկ հետո էլեկտրոնային հերթ կանգնել Վերին Լարսի անցակետում, որտեղ պատրաստվում էր կանգնել հինգ կամ վեց օր:

«Մի՞թե խելամիտ մարդը կկանգներ էլեկտրոնային հերթում, եթե իմանար, որ պայթուցիկ սարք է անցկացրել։ Նա վաղուց դատարկ մեքենայով կլքեր ՌԴ տարածքը կամ ընդհանրապես դեն կնետեր այդ մեքենան»,- BBC-ին ասել է փաստաբան Գիվի Բեքաուրին։

Սպասելով էլեկտրոնային հերթում իր հերթին՝ Տերչանյանը բեռնատարը կայանել է ճանապարհի եզրին և գնացել Հյուսիսային Օսիայում գտնվող իր ազգականի մոտ։ Հոկտեմբերի 9-ին հենց ազգականի տանն էլ նրա հետ կապվել են անվտանգության ծառայություններից։ Վարորդն անմիջապես ինքնակամ գնացել է նրանց հետ հանդիպման։

Փաստաբանի խոսքով՝ շուրջ մեկուկես օր Տերչանյանը չի հասկացել, թե ինչու են իրեն ընդհանրապես հրավիրել. «Մոտ 40-50 հոգի տարբեր հարցեր են տվել, չեն ասել՝ ինչու»։

Հարցաքննությունից հետո Տերչանյանին տարել են Սիմֆերոպոլ, սակայն նրան ոչ թե կալանավորել են, այլ պարզապես, փաստաբանի խոսքով, ասել են՝ հեռու մի գնացեք։ Այսպիսով, վարորդը ևս երկու օր ապրել է իր հաշվին Սիմֆերոպոլի հյուրանոցներից մեկում, մինչ հատուկ ծառայությունները որոշել են, թե ինչ անեն նրա հետ։

«Հեռուստացույց է նայել, ասել են, որ հինգ հոգու են բերման ենթարկել։ Նա ուրախացել է, թե՝ «ահա, գտան վերջապես, ինձ բաց կթողնեն»։ Հոկտեմբերի 13-ին պարզվել է, որ հինգից մեկը հենց Տերչանյանն է»,- իր պաշտպանյալի հետ զրույցն է պատմել փաստաբանը։

Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակալված ևս երկու հայազգի կալանավորվածները՝ Արմավիրի «Ագրոբիզնես» պահեստի տնօրեն Գեորգի Ազատյանն է և նրա կրտսեր եղբայրը՝ Արտեմ Ազատյանը։ Նրանցից մեկը, իբր, հոկտեմբերի 6-ին և 7-ին խնդրել է եղբորը պահեստում տեղ հատկացնել պայթուցիկ սարքը բեռնելու համար, իսկ մյուսը՝ տրամադրել։ Ազատյան եղբայրների փաստաբանները BBC-ին ասել են, որ իրենք իրենց պաշտպանյալների մեղքի ապացույցներ չեն տեսնում, սակայն պատրաստ չեն այլ մեկնաբանությունների:

Ազատյանները ևս ինքնակամ են ներկայացել հարցաքննության, պատմել է նրանց հայրը։

«-Գիշերը զանգել են, ասել են շտապ գնալ Սիմֆերոպոլ՝ Ղրիմի քննչական վարչություն։ Եվ [Գեորգին] իր հետ տարել է բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել բեռնմանը։ Բոլորին նստեցրել է իմ մեքենան, և նրանք միասին գնացել են: Որտե՞ղ եք հանդիպել նման ահաբեկիչների…

-Իսկ Սիմֆերոպոլում անմիջապես բերմա՞ն ենթարկվեցին։

– Ոչ: Նրանք տեղավորվել են հյուրանոցում»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն հայտարարել են, որ Ղրիմի կամրջի պայթեցումն Ուկրաինայի անվտանգության ծառայության ձեռքի գործն է։ Ուկրաինական կողմն այս մեղադրանքները հերքել է։

Տաթև Ֆռանգյան