Թուրքիայում հզոր երկրաշարժն ավելի է խորացնելու և սրելու երկրի տնտեսական խնդիրները․ Al Monitor
Քաղաքականություն
13.02.2023 | 22:37Թուրքիայի՝ արդեն իսկ փխրուն վիճակում գտնվող տնտեսությունը այժմ պատրաստվում է ընդլայնվող բյուջեի դեֆիցիտի, նոր գնաճային ճնշումների և համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) հարվածի՝ այն բանից հետո, երբ երկու հզոր երկրաշարժերն ավերել են երկրի հարավ-արևելյան հսկայական տարածքները, գրում է Al Monitor-ը։
Աղետը տեղի ունեցավ մայիսի 14-ի ընտրություններից առաջ՝ ուժեղացնելով ճնշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որը բախվում է իր երկու տասնամյակի կառավարման ընթացքում վերընտրվելու ամենադժվար մրցավազքին: Քանի որ տարեկան գնաճը հասնում է գրեթե 58 տոկոսի, Էրդողանը հույս ուներ մինչև վճռորոշ ընտրությունները որոշակի տնտեսական թեթևացում ապահովել ընտրազանգվածին, որը վրդովված էր գների կտրուկ աճից:
Այժմ աղետին արձագանքելու համար պահանջվում է պետական ծախսերի զգալի աճ՝ 13,5 միլիոն տուժած մարդկանց՝ Թուրքիայի բնակչության 15,7%-ի կարիքները բավարարելու և 10 նահանգներում զանգվածային ավերածությունները վերականգնելու համար: Նշվում է, որ արդյունքում կառավարության բյուջեի դեֆիցիտը, որը 2023 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի 3,5%-ի չափով, ամենայն հավանականությամբ, կաճի մինչև 5 տոկոսը՝ սպառնալով սրել Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը և տնտեսական մյուս դժվարությունները:
Չորեքշաբթի օրվանից շրջելով երկրաշարժից տուժած տարածքներում՝ Էրդողանը հայտարարել էր 10,000 թուրքական լիրա (531 դոլար) ֆինանսական օգնություն յուրաքանչյուր տուժած ընտանիքին և խոստացել, որ կառավարությունը մեկ տարվա ընթացքում նոր տներ կկառուցի տուժածների համար և կվճարի նրանց վարձավճարները, որոնք չեն ցանկանում մնալ վրաններում։
Լրատվամիջոցը գրում է, որ տուժած 10 նահանգները կազմում են Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 9%-ը։ Դրանցից ամենաարդյունաբերականը Գազիանթեփն է Սիրիայի սահմանին, որը 0,25 տոկոսով նպաստել է 2021 թվականին Թուրքիայի 11,4 տոկոս աճի տեմպին՝ 81 նահանգների մեջ զբաղեցնելով ութերորդ տեղը։
Թուրքիայի տնտեսական աճը 2022 թվականին ակնկալվում էր լինել 6-7 տոկոսի սահմաններում։ Կառավարության կանխատեսումը 2023-ի համար կազմում է 5 տոկոս, բայց շատ փորձագետներ արդեն գնահատում էին, որ տնտեսությունը լավագույն դեպքում կաճի մոտ 3 տոկոսով՝ պայմանավորված ընտրություններից հետո սպասվող առկա փխրուն իրավիճակով։ Այդ ցուցանիշն այժմ, ամենայն հավանականությամբ, մի փոքր կնվազի երկրաշարժերի տնտեսական հետևանքների պատճառով:
Ակնկալվում է, որ տուժած 10 նահանգներում սպասվող տնտեսական անկումն այս տարի կազդի Թուրքիայի ընդհանուր ՀՆԱ-ի վրա: 2022 թվականին երկրի ՀՆԱ-ն գնահատվում է 862 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն՝ 9,893 դոլար:
Երկրաշարժից տուժած մարզերում մեկ շնչին բաժին հասնող միջին ՀՆԱ-ն, որն արդեն ազգային միջինի ընդամենը երկու երրորդն էր, ամենայն հավանականությամբ, կնվազի՝ հասնելով 5000-ից 6000-ի դոլարի:
Աղետը սպառնում է հարվածել տուժած տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքին, որը կազմում է երկրի ընդհանուրի մոտ 15 տոկոսը։ Գյուղատնտեսական պաշարների անկումն իր հերթին կարող է խթանել Թուրքիայի պարենային ապրանքների գնաճը, որը հունվարին կազմել է 71 տոկոս։
Թուրքիայի արտաքին առևտրի ծավալը նույնպես կարող է տուժել՝ հաշվի առնելով երկրաշարժից ավերված տարածաշրջանում սպասվող արդյունաբերական գործունեության, տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները, ինչպես նաև աշխատուժի կորուստը: 2022 թվականին 10 նահանգներից արտահանումը կազմել է 21,5 միլիարդ դոլար, ինչը թուրքական ամբողջ արտահանման 8,5 տոկոսն է։ Գազիանթեփին բաժին է ընկել այդ արտահանման կեսը, որին հաջորդում է Հաթայ նահանգը, որտեղ գտնվում է ծովային նավահանգիստը՝ կապող օղակ Մերձավոր Արևելքի երկրների հետ, և Ադանան՝ 3,1 միլիարդ դոլար արժողությամբ:
Նշվում է, որ արտահանման անկումը, թեկուզ ժամանակավոր, կավելացնի Թուրքիայի ընթացիկ հաշվի դժվարությունները: Երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտն անցյալ տարի գնահատվում էր մոտ 45 միլիարդ դոլար։
Արդյունաբերական և առևտրային գործունեության խափանումները նաև նշանակելու են ավելի քիչ հարկային եկամուտներ։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ տուժած 10 նահանգներն անցյալ տարի ապահովել են Թուրքիայի 2,3 տրիլիոն լիրա (122,1 միլիարդ դոլար) հարկային եկամուտների 7,5 տոկոսը։
Էմմա Չոբանյան