Ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն տվող նախագիծն ընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.12.2022 | 12:28Ազգային ժողովը 91 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք։
Պատվովճարը սահմանվում է 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է: