Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում. վարչապետ

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի հերթական նիստի աշխատանքները:

Տեղյակ եք, անշուշտ, հարգելի գործընկերներ, երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ընդ որում, պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է. Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից:

Նաև ուզում եմ այսպիսի մեկ նրբության մասին ընդգծել. տեղյակ եք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը:

Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում:

Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Ամեն դեպքում, ես ուզում եմ ընդգծել նաև Կառավարության նիստում, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի: Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած կառավարության անդամներից շարունակած ամբողջ հանրությամբ, լարվածությամբ անընդհատ սպասում են լուրերի, և ամեն մի լուր, ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է: Այլ կերպ լինել չի էլ կարող: Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, որ այո, այդ դառնությամբ, այդ կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է: Մեր պաշտպանունակության համար երկրի զարգացումն ընդհանուր առմամբ, տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունքարային նշանակություն ունի: Եվ որքան էլ դառն է, ես այդ կոչով և խնդրանքով, հորդորով պիտի դիմեմ բոլորին, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք:

Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, Անվտանգության խորհուրդը, մեր դիվանագիտական ծառայություններն անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, և մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հստակ արձանագրենք, մեր հանրությունը պիտի իմանա՝ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք:

Պիտի նաև արձանագրեմ՝ ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները, բայց 3 ուղղություն ես ուզում եմ շեշտել: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Եվ հաջորդը՝ Հայաստանի Զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումներ: Այս 3 օրակարգային առաջնահերթությունները պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրն այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորիկի մեջ, որովհետև, ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, չնայած դրա մասին խոսել ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Դետալների մասին, իհարկե, լուրերով բոլորս գիտենք: Լուրերով, աշխատանքային տեղեկատվությամբ: Բայց տեղի է ունենում հետևյալը, և ես չափազանցություն չեմ համարի այն, ինչ հիմա կասեմ. ըստ էության՝ աշխարհակարգը կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ:

Այսօր, ըստ էության, ես կասեմ, որ գոնե եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու: Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ: Սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն: Մենք, այնուամենայնիվ, պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք. ես նկատի ունեմ, որպես պետություն և որպես ժողովուրդ: Մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար:

Այսքանը՝ որպես նախաբան: Եթե դիտարկումներ կան թեմայի վերաբերյալ: Համեցեք, պարոն Քերոբյան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ արդեն առաջին 8 ամսվա տնտեսական տվյալները հայտնի են, և Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Մենք տեսնում ենք, որ ընկերությունները, իհարկե, որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե՛ ներդրումային, թե՛ գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական հզորացման, և հետևաբար, նաև ընդհանուր հզորացման գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համաձայն եմ, պարոն Քերոբյան, ես իրականում մի քիչ այլաբանորեն, բայց նաև հենց դա նկատի ունեի, որ այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք: Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչև հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ասացի»: