Մեղադրյալից՝ տուժող․ բացառիկ մանրամասներ 9 ամիս առաջ անհետ կորած պայմանագրային զինծառայողի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
Բոլորը

9 ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետ կորած է, անհետացել է Նախիջևանի սահմանագծի դիրքերից։ Factor TV-ն այս տարվա սկզբին էր հայտնել, որ պայմանագրային զինծառայողի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, 2021 թվականի նոյեմբերի 12-ից ամուսնուց որևէ լուր չունի։ Այդ օրը նրա վերջին հերթափոխն էր․ Վահե Մանուկյանը ծառայակցի ծանրոցը բերելու նպատակով գնացել է այլ դիրք, իսկ վերադարձին անհետացել։ Հուսահատ կինն անչափահաս երեխաների հետ Պաշտպանության նախարարուրթյուն էր եկել․ գերատեսչությունը մինչ օրս անգամ հաղորդագրություն չի տարածել, որ Պաշտպանության նախարարության զինծառայող է անհետացել։

«Սուրեն Պապիկյանի նորամուծությունն է՝ մահվան դեպքերի մասին հաղորդագրություն չտարածել, ինքը սուպեր նախարար է զգում իրեն»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետ կորելուց հետո հարուցվել էր քրեական գործ՝ դասալքության հատկանիշով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ մեկ ամիս առաջ անհետ կորած զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ցուցում են տվել Քննչական կոմիտեին, ՔԿ-ում այդպես էլ արել են, քանի որ ապացույցներ ի հայտ չեն եկել։ Բարձր լեռնային տեղանքում ձնհալից հետո 3 օր որոնողական աշխատանքներ են իրականացվել՝ ընդհուպ ԱԹՍ-ների կիրառմամբ, սակայն զինծառայողի մարմինը չեն գտել։ Մեկ ամիս առաջ նոր քրեական գործ է հարուցվել՝ արդեն սպանության հոդվածով։ ՔԿ-ի այս նոր որոշումից հետո անհետ կորած զինծառայողը մեղադրյալից դարձել է տուժող, կինը՝ Լիանան, տուժողի իրավահաջորդ, ինչը նշանակում է, որ կարող է դիմել դատարան ու փոխհատուցում ստանալ։

Factor TV-ի տրամադրության տակ փաստաթուղթ է հայտնվել, որից տեղեկանում ենք՝ ինքնությունը չպարզված անձը 2021 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-20:00 ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված ժամին անհայտ վայրում սպանել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին։ Ըստ նույն աղբյուրի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մարտական դիրքերի ուղղությամբ և հարակից տեղանքներում հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվել, հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու կամ սահմանահատման փորձերի դեպքեր չեն եղել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը բացատրում է, որ եթե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տալիս և անհետ կորածը չի հայտնաբերվում, ապա հոդվածը փոխվում է և քրգործը հարուցվում է սպանության հոդվածով։

«Մեղադրանք է առաջադրված եղել 362-րդ հոդվածով, հետախուզում է հայտարարված եղել իր նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց է ընտրված եղել, հետագայում, նկատի ունենալով որ անձը տևական ժամանակ չի հայտնաբերվում, իրավիճակի որակումը փոխվել է, քրեական գործը հարուցվել է 104-րդ հոդվածով և իր նկատմամբ կալանքն ու մեղադրանքը վերացվել են»,- պարզաբանեց Գոռ Աբրահամյանը։

Եթե պայմանագրային Վահե Մանուկյանը կամ նրա մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել, ինչպե՞ս է քրգործը հարուցվել սպանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեից ևս այս հարցի պատասխանը չունեն։

«Ինքն անհետ կորած է՝ չկա, կարող է սպանված է, ի՞նչ իմանաս, ենթադրություններ են դրանք»,- ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս մասին, փոխարենը կառույցից հորդորում են գրավոր հարցմամբ դիմել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ Վահե Մանուկյանն առաջին օրից պիտի տուժող ճանաչվեր, ոչ թե մեղադրյալ։ Իրավապաշտպանը, որը լավ ծանոթ է այս գործի մանրամասներին, չի վստահում ՔԿ-ին։

«Ընդհանրապես, երբ անհետանում է անձը, իրենք հարուցում են քրգործ անձի դեմ՝ առանց հաշվի առնելու ընտանիքի վիճակը»,- նկատում է իրավապաշտպանը։

Նա վստահ է՝ կառույցը տեղեկություններ վաղուց ուներ, բայց ձգձգում են գործը՝ ցույց տալու համար, որ աշխատում են․ այս ամենը, ըստ նրա, զորամասի ղեկավարության հետ պայմանավորվածությունների արդյունք է։

Ընտանիքին աջակցող իրավաբաններից Վարդուհի Սարգսյանն է զինծառայողի անհետանալուց 6 ամիս անց դիմումներ գրել Արթուր Դավթյանին և Արգիշտի Քյարամյանին։

Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանն ասում է՝ պետությունն այս ամիսների ընթացքում որևէ աջակցություն չի ցուցաբերել պայմանագրային Մանուկյանի ընտանիքին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից էլ դեռ գումար չեն ստացել, անչափահաս 3 երեխաների հետ վարձով է ապրում, գումարը չի կարողանում վճարել, այդ պատճառով տնից տուն է տեղափոխվում։ Կինը վերահաստատում է ամիսներ առաջ ասվածը՝ կա՛մ ամուսնուն սպանել են, կա՛մ գերեվարվել է։

«Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում՝ դա եմ ուզում հասկանալ»,- ասում է Լիանան։

Քրգործում առկա տվյալների համաձայն՝ Վահե Մանուկյանը չի լքել ՀՀ տարածքը, իսկ ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության Երևանյան գրասենյակի՝ զինծառայողի՝ Ադրբեջանում գերեվարված, ազատազրկված կամ այնտեղ գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է զորամասերում հաճախակի կրկնվող նման դեպքերի մասին, որոնք, ասում է, հրամանատարների թողտվության հետևանք են։

Ի դեպ, օրեր առաջ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Ինչո՞ւ, ո՞ր արարքի համար․ այս հարցերն է բարձրացնում իրավապաշտպանը, որոնց պատասխաններն առնվազն ինքը չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան