ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում ելույթի ընթացքում ընդդիմադիր գործիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի անժամանակ մահվանը, քաղաքական մեծամասնության արձագանքին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքին։
Կարապետյանն ասաց, որ Արսեն Գևորգյանի մահվանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր է իրենց ցավակցություն հայտնել։ Նա նշեց, որ դրան զուգահեռ հնչել են նաև հայտարարություններ, որոնք արատավորել են Գևորգյանի անունը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ անհրաժեշտ է պահպանել մարդկայնությունը և թույլ չտալ, որ քաղաքական պայքարի ընթացքում կորչեն մարդկային արժեքները։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին՝ Կարապետյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն այն վայրը չէ, որտեղ մարդիկ պետք է պահվեն։ Նա նաև պատմեց կալանավորված մեկ այլ գործընկերոջ հետ տեղի ունեցած դեպքի մասին։
Կարապետյանի խոսքով՝ երբ կալանավորված անձն առողջական լուրջ խնդրի պատճառով դեղորայք է խնդրել, նրան պատասխանել են՝ «հո Դիլիջան ռեզորտ չես եկել, դիմացի՛»։ Նա պնդեց, որ սրտի կաթվածի ժամանակ տվյալ անձին ընդամենը ցավազրկող են ներարկել։
Ելույթի ավարտին Կարապետյանը դիմեց ընդդիմության ներկայացուցիչներին՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է բացառվի։
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է ոչ միայն խոսքով, այլև իր քայլերով ապացուցի, որ իշխանության փոփոխության դեպքում նման վերաբերմունք չի դրսևորվի որևէ քաղաքացու նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

