Բերձորցիները արձագանքում են Փաշինյանի հայտարարություններին. կադրեր Բերձորից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.06.2022 | 19:47Բերձորում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, դեռ շարունակում են մարդիկ բնակվել։ 30 ընտանիք՝ մոտ 200 մարդ է ներկայում Բերձորում, նրանցից ոմանք անգամ նշում են՝ չեն հեռանալու քաղաքից, եթե նույնիսկ Լաչինի միջանցքը նոր ուղով անցնի։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ,համաձայն՝ կողմերը պետք է երեք տարվա ընթացքում կառուցեն Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ։ Ադրբեջանական կողմն արդեն ավարտին է հասցնում նոր ճանապարհի` իր հատվածի կառուցումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում նշել էր, որ երթուղու փոփոխության դեպքում նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող հատվածներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն»,- ասել էր Փաշինյանը։
Հունիսի 28-ի կեսօրից հետո Բերձորի կենտրոնում խանութներն ու փոքրիկ սրճարանները բաց են, սեփականատերերը՝ ներսում։ Նրանք սրտնեղած են վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններից։
«Լաչինը մերն է, մենք էլ էստեղ նարդի ենք խաղում, ի՞նչ խոսանք»,- նարդի խաղալու ընթացքում նշում են Բերձորի բնակիչները։
75-ամյա Սուրեն Զաքարյանը Բերձոր է տեղափոխվել Զաքարապատ գյուղն Ադրբեջանին փոխանցելուց հետո՝ 1.5 տարի առաջ․ «Նիկոլ, որ ասեցիր՝ առանց ամաչելու, որ Լաչինում բնակիչներ չեն ապրում, մենք Բերձորից ենք, Լաչինից չենք»։
Բերձորի բնակչուհի Նարինե Ասատրյանն ասում է՝ Փաշինյանի վերջին հայտարարութուններից հետո չի կարողանում զսպել զայրույթը․ «Սա իմ սեղանն է, սա իմ Ավետարանն է, սա էլ իմ հայկական դրոշն է»։
Բերձորում 2021-2022 ուսումնական տարում դպրոց չի գործել, ընտանիքները երեխաներին Արցախի այլ քաղաքներ կամ Հայաստան են տեղափոխել՝ սովորելու։ Հիմա, սակայն, նաև երեխաներ կան քաղաքում։ Բերձորցիներից ոմանք նշում են, որ պաշտոնական ծանուցում չունեն քաղաքը լքելու վերաբերյալ, մինչդեռ մյուսները Փաշինյանի ասուլիսը հենց վերջին ծանուցումն են համարում։
«Հասկացանք, որ եռակողմ պայմանագրի մեջ այդ երեք տարին, որ նոր ճանապարհի բացումից հետո այդ տարածքները, Լաչինի շրջանի այդ երեք համայնքները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսողության տակ, մի խոսքով՝ նախկինում բամբասանք էինք համարում, չէինք հավատում պայմանագրին, այսօր արդեն պարզ դարձավ, որ դա է իրականությունը», – ասում է 46-ամյա Կարեն Սահակյանը։
Նա 24 տարի առաջ է տեղափոխվել Բերձոր։ Քաղաքից դուրս է եկել միայն երեք օրով պատերազմից հետո՝ սրտի ստենտավորման վիրահատության համար։ Դեռ հեռանալու որոշում չի կայացրել․ «Որոշված չի, էլի, Ղարաբաղում էլ են առաջարկում բնակարաններ կառուցեն, տան, Հայաստանում էլ են ասում՝ ինչ-որ սերտիֆիկատ պիտի տան, Երևանի տարածքում՝ 8 միլիոն, Հայաստանի տարածքում՝ 10 միլիոն, Արցախի տարածքում՝ 12 միլիոն դրամի, որ գույք ձեռք բերենք, բնակարան»։
Սահակյանը վստահ է՝ եթե բերձորցիները պատերազմից հետո չլքեին քաղաքը, հիմա այլ պատկեր կլիներ, բայց մարդկանց չի մեղադրում, կարծում է՝ այդպես են վարվել վախի մթնոլորտի պատճառով։ Ինքը չի վախեցել, բայց այն, ինչ հիմա զգում է, թևաթափ է անում։
«Հա՛մ պարտված, հա՛մ հիասթափված։ Ի՞նչ պատմեմ։ Մի քանի ընտանիք ենք մնացել, մի քանի ընտանիքով կարա՞նք հարց լուծել, չենք կարող»,- ասում է Բերձորի բնակիչը։
Factor TV-ին չհաջողեց տեսանկարահանել Բերձորի այլ բնակիչների, քանի որ ռուս խաղաղապահների Բերձորի ղեկավար կազմը, հղում անելով Հայաստանի վարչապետին, նշեց, որ Բերձորում բնակիչներ չկան, իսկ տեսանկարահանումներն արգելված են։ Նրանք պահանջեցին ջնջել նկարահանված նյութերը, որից հետո միայն թույլ տվեցին շարունակել մեր շարժը՝ զգուշացնելով, որ ստուգելու են նաև վերջին անցակետում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սառա Խոջոյան