Կապիկի ծաղիկը Հայաստան կհասնի՞. կարգելվի էկզոտիկ կրծողների ու պրիմատների ներմուծումը ՀՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 14:13
Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg
24.03.2026 | 14:09
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո
24.03.2026 | 14:01
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
24.03.2026 | 14:00
Բոլոր երեխաները հավասար են, բայց թղթի վրա. երբ ներառական կրթությունը չի ներառում
24.03.2026 | 13:50
Երևանում չորս օր կարճատև անձրևներ կտեղան
24.03.2026 | 13:41
Ցավում եմ Հրայր Թովմասյանի համար․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:33
Ինչի՞ եք Արցախ ասում. Հայաստանից այն կողմ Ադրբեջան է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:24
ԱՄՆ-ն որպես Վենս-Ղալիբաֆ բանակցությունների միջնորդներից մեկը դիտարկում է Թուրքային. Al-Monitor
24.03.2026 | 13:19
Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-23 գավաթում
24.03.2026 | 13:13
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.03.2026 | 13:10
ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր կան
24.03.2026 | 13:01
Քոչարյանը շատ վատ բան է ասում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:52
Վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկը․ դեռևս առկա է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություն․ Ռ․ Պետրոսյան
24.03.2026 | 12:43
Պայմանավորվե՞լ եք Ալիևի հետ, որ ասում եք՝ պատերազմ է լինելու. հարց Ալեն Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:34
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում
Բոլորը

Կապիկի ծաղիկ․ այսպես է կոչվում վիրուսային ծագման հիվանդությունը, որն արձանագրվել է եվրոպական առնվազն 14 երկրում։ Արձանագրված ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 90-ը։ Այսօր առաջին դեպքը գրանցվեց Շոտլանդիայում։ Իսկ երեկ տելեգրամ ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանում ևս հայտնաբերվել է հիվանդությունը։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հերքեց այդ լուրը։

Այս վարակը նոր չէ, հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին։ Նախկինում հիվանդության դեպքերի մեծ մասը կապված է եղել Աֆրիկյան երկրներ ճամփորդությունների հետ։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում առաջին վարակակիրը մինչ այդ ճանապարհորդել է Նիգերիայով։ Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 21 օր, հետո միայն ի հայտ են գալիս ախտանշանները՝ ջերմություն, հոգնածություն, գլխացավ, մկանացավ, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում: Ախտանշանների առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին, առաջանում են բշտիկներ։

Կապիկի ծաղիկը մարդկանց փոխանցվում է կենդանիներից՝ կրծողներից և պրիմատներից։ Վարակումը տեղի է ունենում կենդանիների արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման դեպքում: Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում, նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Հիվանդությունը տարածվում է հյուսվածքային հեղուկների միջոցով: Ըստ ԱՀԿ-ի՝ վարակի փոխանցման տարբերակներից մեկն էլ սեռական ճանապարհն է։

«Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով պայմանավորված՝ հիվանդություններն իրենց գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն գիտնականները կարծում են, որ քանի որ դա ԴՆԹ վիրուս է, այն գաղտնի շրջանում վարակիչ չէ»,- ասաց ԱՆ ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

Օրինակ՝ կորոնավիրուսը, գրիպը ՌՆԹ վիրուսներ են, որոնք շատ արագ փոփոխվելու հակում ունեն: Մասնագետը վստահեցնում է, որ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, և դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում՝ փոփոխվելու համար: Դրա համար, Լուսինե Պարոնյանի խոսքով, վարկած կա, որ դա այդքան հեշտ չի տարածվի:

Որոշ երկրներ արդեն իսկ անցել են սահմանափակումների․ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս 21-օրյա կարանտին սահմանել կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց հետ սերտ շփումներ ունեցածներին, հայտնում է BBC-ն։

ՀՎԿԱԿ համաճարակաբանության բաժնի պետի խոսքով՝ Հայաստանից եվրոպական երկրներ մեկնելու սահմանափակումների անհրաժեշտություն այս պահին չկա։

Կապիկի ծաղկից մահացությունը կարող է հասնել մինչև 10%-ի։ Կենտրոնական Աֆրիկայի շրջանում արձանագրվող դեպքերն ավելի ծանր են, իսկ Արևմտյան Աֆրիկայի շրջանում՝ ավելի թեթև: Վերջին շրջանում արձանագրված դեպքերը պատկանում են այդ թեթև տեսակին: Վիրուսից մահացությունը համարվում է 1-10 տոկոս: Լուսինե Պարոնյանի խոսքով՝ ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք և երեխաները:

Հիվանդության ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում։ Հավանականությունը, որ սա նոր համաճարակի սկիզբ կարող է լինել, քիչ է՝ ասում են մասնագետները։

Իսկ ո՞ր դեպքում վիրուսը կարող է Հայաստան հասնել․ եթե Աֆրիկյան մայրցամաքից բերվի՝ հնարավոր է, հիմա եվրոպական երկրներում էլ տարածվում է, ամեն դեպքում՝ զգոնությունը բարձրացնում ենք՝ ասում է համաճարակաբանը։

Հազվադեպ հանդիպող այս հիվանդությամբ չվարակվելու համար պետք է խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, չներկրել էկզոտիկ կապիկներ և կրծողներ, կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ, մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանին։

Կապիկի ծաղկի դեմ առանձնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա։ Այս վիրուսը նման է բնական ծաղկի վիրուսին, և եթե նախկինում պատվաստվել եք բնական ծաղկի դեմ, ապա դա կարող է ապահովել կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը՝ մինչև 85 տոկոս, և եթե նախկինում վարակվել եք, ապա հիմա այս հարուցիչի դեմ իմունետետ եք ձեռք բերել։

Բնական ծաղկի դեմ նոր սերնդի պատվաստանյութերը 2019-ին հաստատվել են նաև կապիկի ծաղկի կանխարգելման  համար։ Դրանց քանակը սահմանափակ է, նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար։ Այս պահին Հայաստանում այն առկա չէ։

Որպեսզի կորոնավիրուսի պատկերը չկրկնվի ու դեպքերը վաղ հայտնաբերվեն, Հայաստանի Առողջապահության նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրապետության բոլոր բուժհաստատություններ։ Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր: ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են՝ եթե կասկածելի դեպքեր լինեն, կկազմակերպեն ախտորոշումը: Առողջապահական գերատեսչությունն աշխատում է նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որպեսզի սահմանային անցման կետերում արգելվի էկզոտիկ կրծողների ու պրիմատների ներմուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան