Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել
Քաղաքականություն
25.03.2022 | 18:26Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ֆինլանդիան ձևավորել են բազմաշերտ հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի, համակրանքի և ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա։ Նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։
Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը և Ֆինլանդիան բոլոր հիմքերն ունեն հպարտանալու երկկողմ համագործակցության երեք տասնամյակների ընթացքում գրանցած հաջողություններով։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայացման ճանապարհին։