Արևմուտքի և «կայսերական Ռուսաստանի» միջև բլոկային դիմակայության վերածննդի իրական հաղթողը կլինի Չինաստանը․ գերմանացի պատմաբան

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտոնում։ Դեռ անհայտ է՝ արդյո՞ք Բելառուսի սահմանին տեղի ունեցած և ժամեր տևած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում դադարեցվելու են ռազմական գործողությունները։ Մյուս կողմից՝ Եվրամիությունը հայտարարել է, որ որոշել է 450 միլիոն եվրոյի չափով մարտական զենք տրամադրել ուկրաինական բանակին ու ևս 50 մլն եվրո՝ ոչ մարտական պաշարների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների և Ուկրաինային տրամադրվող արևմտյան աջակցության արդյունավետության, ստեղծված իրավիճակից ելքի մասին Factor.am-ը զրուցել է Բեռլինի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի սոցիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող, պատմաբան, հայագետ Տեսա Հոֆմանի հետ։

-Տիկի՛ն Հոֆման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է բարձր պատրաստականության վիճակի բերել Ռուսաստանի զսպման ուժերը, որոնք ներառում են միջուկային զենքեր։ Ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է սրել իրավիճակը: Կա՞ հավանականություն, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։

-Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, որ ռուսական միջուկային զենքը բերվել է զգոնության, իհարկե, ընդհանուր առմամբ, ընդունվել է որպես արդեն գոյություն ունեցող ռազմական հակամարտության սրացում: Ես ինքս ռազմական կամ անվտանգության փորձագետ չեմ և կարող եմ միայն կրկնել այն, ինչ լսում եմ իսկական փորձագետներից, և կարծում եմ, որ դրանք հիմնավոր են: Կարծում եմ, որ ռուսական միջուկային զենքի պատրաստականության մասին լուրերը երկու խնդիր են լուծում. մի կողմից՝ զսպող են, միջուկային պատերազմի մասին սպառնալիք են, եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի մինչ այժմ եղած երկկողմանի պատերազմում, մյուս կողմից՝ սա ակնհայտորեն նկարագրում է մի իրավիճակ, որը քաջ հայտնի է ռազմական փորձագետներին։ Այս առավոտ գերմանացի ռազմական փորձագետի՝ 2014 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախկին խորհրդականի ռադիոհարցազրույցը լսեցի։ Նրա կանխատեսմամբ՝ կիբերպատերազմ կարող է ծավալվել նաև միջուկային որոշակի զենքի կիրառմամբ: Փորձագետն ակնհայտորեն փորձում էր հանգստացնել մեզ՝ ունկնդիրներիս, և թվում էր, թե ինքը շատ ավելի քիչ էր անհանգստացած միջուկային զենքի մասին երեկվա լուրերից, քան սովորական գերմանացի քաղաքացին, այդ թվում՝ ես:

Ձեր կարծիքով՝ ո՞րն է Ռուսաստանի նպատակը, ի՞նչը կարող է կանգնեցնել Կրեմլին։

-Որպես «Արևմուտքի»՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության միջև բուֆերային գոտի՝ Ուկրաինան գնալով ավելի ու ավելի է դուրս գալիս Ռուսաստանի վերահսկողությունից, այսպես կոչված, Մայդանի հեղափոխությունից հետո։ Միևնույն ժամանակ, 2014թ. հատկապես Եվրամիությունը չկարողացավ ինտեգրել հետխորհրդային Ռուսաստանը և Ուկրաինան իր անվտանգության ճարտարապետության մեջ:

Աշխարհագրորեն և մշակութային առումով հեռավոր ԱՄՆ-ի համար Ուկրաինան ինքնին կենսական հետաքրքրություն չէ: Ռուսաստանի համար Ուկրաինային վերահսկելը կամ գոնե չեզոք պահելն ազգային անվտանգության խնդիր է։ Ուկրաինայի տարածքը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, այն անհրաժեշտ կլինի Արևմուտքի հնարավոր ներխուժումը հետ մղելու համար կամ միջուկային առճակատման դեպքում պատասխան երկրորդ հարված հասցնելու համար: Առանց Ուկրաինայի՝ ռուսական կենտրոնը խոցելի է Արևմուտքից եկող հարձակումների համար: Հետևաբար, Մոսկվայի ջանքերը՝ վերականգնելու իր տարածաշրջանային գերիշխանությունը հետխորհրդային տարածքում, չեն կարող լիովին հաջողակ լինել, քանի դեռ Ուկրաինան ինչ-որ կերպ չի վերադարձվել իր աշխարհաքաղաքական ուղեծիր։

Ռուսաստանը չի ցանկանա և չի կարողանա մշտապես օկուպացնել ռազմական հսկողության տակ գտնվող Ուկրաինան. Ռուսաստանն ավելի շուտ կփորձի տապալել Զելենսկու օրոք գործող իշխանությունը և հաստատել համապատասխան սատրապական ռեժիմ։ Բայց արդեն կարելի է ասել, որ Ուկրաինայի դեմ պատերազմը հանգեցրել է հակառակ արդյունքին, ինչ ակնկալում էր ակնհայտորեն պանսլավոնական կամ արևելասլավոնական գաղափարներով առաջնորդվող Պուտինը։ Դա պայմանավորված է նրանով, որ արտաքին հարձակումը կամրապնդի ներքին միասնությունն ու համախմբվածությունը արևելյան և արևմտյան ուկրաինացիների, ռուսախոսների և ուկրաինախոսների միջև: 20-րդ և 21-րդ դարերի Ուկրաինայի պատմական փորձը ցույց տվեց, որ այս միասնությունը բավականին ցածր էր և, ի վերջո, հանգեցրեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անջատմանը:

Պուտինը պատմականորեն ճիշտ է նրանով, որ 20-րդ դարից առաջ ուկրաինական պետություն չի եղել։ 19-րդ դարի վերջին գերմանական համընդհանուր հանրագիտարաններում կարելի է գտնել ոչ թե «Ուկրաինա», այլ «Փոքրիկ Ռուսաստան» և «Ռութենիա» տերմինները։ Քանի որ, այսպես կոչված, «Կիևյան Ռուսիայի» միջնադարյան պետությունն արևելյան սլավոնների (ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ) պատմական բնօրրանն է, ապա Ուկրաինայի վերականգնումը մեծ խթան կհանդիսանա ռուսական ազգային ոգու համար: Այս առումով, տեղին է ընդգծել, որ Մոսկվայի կայսերական ավանդական աշխարհընկալման համաձայն՝ «թշնամական ուժերի» ձեռքում գտնվող Ուկրաինան «շեղում» է, որը պետք է հետ բերվի: Այս բոլոր գործոնները բացատրում են, թե ինչու է Կրեմլը պատրաստ մեծ ջանքեր գործադրել՝ Ուկրաինային ևս մեկ անգամ իր գերիշխանության տակ դնելու համար, նույնիսկ եթե դա ենթադրում է ռիսկեր և ծախսեր։ Բայց հիմա, կարծես թե, պատերազմն ու ընդհանուր վտանգն ուժեղացնում են ուկրաինացների ազգային ոգին։

Ռուսաստանի ղեկավարության մեկ այլ նպատակն է Ուկրաինայի ապառազմականացումը, քանի որ Ռուսաստանը չկարողացավ վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի ներկայիս զինված ուժերը։ Մենք ականատես ենք լինում, որ այս ուժերն ավելի հաջողությամբ են պայքարում, քան շատերը կենթադրեին: Բայց, ամեն դեպքում, Ռուսաստանը, պատերազմի առաջին օրը հինգ ժամում հաշմանդամ դարձրեց ուկրաինական օդուժը՝ այդպիսով օդային գերակայություն ունենալով ցանկացած ռազմական արշավում:

ԵՄ-ն հայտարարել է, որ զենք կգնի և կմատակարարի Ուկրաինային։ Սա առաջին դեպքն է, երբ կազմակերպությունը ռազմական աջակցություն է ցուցաբերում հարձակման ենթարկված երկրին: Ինչպե՞ս եք գնահատում այս օգնությունը։ Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ իրավիճակի վրա։

-Բազմաթիվ հարցեր դեռ մնում են. արդյո՞ք զենքի մատակարարումը չի երկարաձգի մարտերը, Լեհաստանով զենքի մատակարարման նյութատեխնիկական ապահովումը Ռուսաստանի համար առիթ չի՞ լինի՝ հարձակվելու ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի վրա, ո՞րը կլինի դաշինքի գործն այդ ժամանակ, և մինչ այժմ երկկողմանի պատերազմը կվերածվի՞ Ռուսաստանի հետ եվրոպական պատերազմի: Դա կլինի ամենավատ սցենարը, որ կարելի է պատկերացնել, և ես հուսով եմ, որ Արևմուտքում, հատկապես՝ Եվրոպայում որոշումներ կայացնողները չեն տարվի պատերազմի և բռնության հռետորաբանությամբ, այլ կանեն ամեն ինչ՝ խուսափելու համար պատերազմի նման ընդլայնումից: Մի խոսքով՝ ես չեմ հավատում, որ Ուկրաինայում զենքի մատակարարումների ավելացումն ինքնաբերաբար կբերի երկրի համար ավելի լավ հնարավորություններ: Սակայն ուկրաինացիները ներկայում ամեն ինչ շատ այլ կերպ են տեսնում:

– Արեւմտյան երկրները նաև պատժամիջոցներ սահմանեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ակնկալիքներ կան, որ Արևմուտքը Ռուսաստանին կտրելու է SWIFT ֆինանսական համակարգից։ Դուք դրա հնարավորությունը տեսնու՞մ եք: Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Ռուսաստանի գործողությունների վրա։

Առևտրային և տնտեսական պատժամիջոցներն ակնհայտորեն վաղուց են գնահատվել Ռուսաստանի կողմից․ ուկրաինական արշավին երկար ժամանակ նախապատրաստվողները, ըստ երևույթին՝ դեռ 2021 թվականի ապրիլից, հիմար չէին։ Ռուսաստանն այժմ փաստացի դուրս է մնացել SWIFT համակարգից: Հավանաբար, այն Չինաստանի հետ կստեղծի SWIFT-ի հակահամակարգ: Արևմուտքի և «կայսերական Ռուսաստանի» միջև բլոկային դիմակայության այս վերածննդի իրական հաղթողը, հավանաբար, կլինի Չինաստանը, որը գնում է աշխարհի առաջատար տնտեսական տերություն դառնալու ճանապարհով։

Արդյունքում Արևելքում և Արևմուտքում տուժելու են բոլոր այն մտավորականներն ու մշակութային գործիչները, ովքեր աշխատել են միջազգային համագործակցության և գիտական ​​փոխանակման ծրագրերի վրա: Նրանց նախագծերը՝ կոնֆերանսները, համերգները, ցուցահանդեսները, համատեղ հետազոտությունները, այժմ սառեցվել են։ Կարծում եմ՝ այդ պատժամիջոցը բացարձակապես արդյունավետ չէ: Դա միայն ամրապնդում է Ռուսաստանում տարածված այն տեսակետը, որ իրենք «Արևմուտքի զոհերն են»։

Ի՞նչ արդյունք եք տեսնում այս պատերազմի համար: Ի՞նչ կարող են տալ կողմերին բանակցությունները:

Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան կտևի պատերազմն Ուկրաինայում և արդյո՞ք կլինեն ռազմական դրության հաճախակի խախտումներ կամ ռազմական հանցագործություններ: Երկարատև խաղաղ կարգավորման հիմնարար հարցերը հետևյալն են. հնարավո՞ր է, արդյոք, բավարարել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության կարիքները:

Ինչ վերաբերում է սահմանագծմանը. լրատվամիջոցների անդրադարձներում մենք լսում ենք սահմանների անձեռնմխելիության՝ անընդհատ կրկնվող մանտրան։ Բայց այն փաստը, որ աշխարհի շատ մասերում, ներառյալ՝ խորհրդային տարածքում սահմանները գծվել են կամայականորեն և ուժային շահերի համաձայն՝ ընդդեմ համապատասխան բնակչության մեծամասնության կամքի, հանգեցրել է շարունակական հակամարտությունների: Հարավային Օսիան, Ղարաբաղը և Դոնբասը կամ ռուսախոս արևելյան Ուկրաինան ամենահայտնի օրինակներն են: Արդյունքում առաջացած անջատողական շարժումները ճնշվեցին, բայց, միևնույն ժամանակ, նրանք թույլ տվեցին Ռուսաստանին միջամտություններ ունենալու, ինչը պատմական պատճառներով ավելի շատ եղավ Ուկրաինայում: Միջազգային վերահսկողության տակ գտնվող տուժած բնակչության պլեբիսցիտը կարող է օգնել իրավիճակին:

Եզրափակելով՝ խնդրում եմ թույլ տվեք մի քանի խոսք ասել Ուկրաինայի մասին Սփյուռքում և Հայաստանում հայերի ներկայիս քաղաքական դիսկուրսի վերաբերյալ. շատ հայերի զայրացրել է Ուկրաինայի նախագահի շնորհավորանքը ադրբեջանցի իր գործընկերոջը Ղարաբաղում 2020 թվականի հաղթանակի առթիվ, և որ Ուկրաինան նույնպես զենք է մատակարարել Ադրբեջանին։ Բայց դա չպետք է պատճառ դառնա, որ մոռանանք, որ ներկայում Ուկրաինայում 130-135,000 ազգությամբ հայ քաղաքացիներ կան։ Բացի այդ՝ կան շատ ավելի շատ աշխատանքային և սեզոնային միգրանտներ: Մոտավոր հաշվարկներով՝ Ուկրաինայում բնակվում է մինչև 400.000 հայ։ Նրանք երկար տարիների պատմություն ունեն այն տարածքում, որն այժմ Ուկրաինայի ազգային տարածքն է, որը սկիզբ է առնում Կիևյան Ռուսիայից:

Հռիփսիմե Հովհաննիսյան