Դատապարտում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները․ ԵԺԿ
Քաղաքականություն
17.11.2021 | 20:06Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ։
ԵԺԿ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։
Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»։