Ինչպե՞ս ՀՀ-ն ներգրավել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ վերլուծում են փորձագետները
Քաղաքականություն
18.09.2021 | 18:57Չինաստանը վերջին տարիներին համարվում է աշխարհում ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Աշխարհի շատ ուղեղային կենտրոններ ուսումնասիրում են այս երկրի քաղաքական և տնտեսական հավակնությունները, իսկ երկրներից շատերը փնտրում են ճանապարհներ՝ հայտնվելու գերտերության տնտեսական նախագծերում։
Հայաստանում ևս փորձագիտական և քաղաքական շրջանակները խոսում են չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մաս կազմելու կարևորության մասին։ Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 44-օրյա պատերազմի հաջորդած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի, Թուրքիայի հետ սահմանները բացելու կարևորության մասին, հայտարարել էր․
«Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։
Factor.am-նա այս հրապարակմամբ ներկայացնելու է հայ-չինական հարաբերությունների վերջին տարիների պատմությունը, ներկայումս չինական աշխարհաքաղաքականության առաջնահերթյունները։ Ցույց ենք տալու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական խոշոր տնտեսական նախաձեռնության նպատակները, Հայաստանի՝ այդտեղ ներգրավվելու հնարավորությունները։
Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների պատմությունը
Երկու երկների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին: Երևանում Չինաստանի դեսպանատունը բացվել է 1992թ․ հուլիսին, իսկ 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ 2016 թվականից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը:
1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրատնտեսական ներկայացուցչությունը:
Հայաստանից Չինաստան վերջին այցելությունը եղել է ամենաբարձր մակարդակով․ 2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի այցը աշխատանքային բնույթ է կրել։ Վարչապետն այնտեղ էր՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Նույն տարվա նույն ամսին Երևան պաշտոնական այց է կատարել ՉԺՀ Պետխորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին։
Հայաստանի ղեկավարները Չինաստանում են եղել նաև պետական այցերով։
Մասնավորապես, 1996 թ․ մայիսին առաջին անգամ Չինաստան պետական այց է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով Չինաստան է այցելել 2004 թվականի սեպտեմբերին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան է այցելել երկու անգամ։ Առաջինը աշխատանքային էր՝ 2010 թվականի մայիսին, երկրորդը՝ պետական՝ 2015 թվականի մարտին։
Չինաստանից Հայաստան երկրի առաջնորդի մակարդակով այց չի եղել, իսկ Չինաստանի արտգործնախարարները մինչ այս Հայաստան այցելել են 1996, 2004, 2011, 2019 թվականներին։
Հայաստանի քաղաքականությունը Չինաստանի հետ՝ ըստ Ազգային անվտանգության հայեցակարգի
Չնայած նրան, որ նոր հայեցակարգը պետք է կազմված լիներ նոր աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով, իսկ Չինաստանի հզորացումը, նրա դերի մեծացումն աշխարհում տեղի ունեցող ամենանշանավոր փոփոխություններից են՝ Հայաստանն իր նոր անվտանգության հայեցակարգում այս երկրի հետ հարաբերությունների զարգացմանը մեկ պարբերություն է նվիրել։
«Մենք հետևողականորեն խորացնելու ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով»,- նշված է հայեցակարգում։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի ստեղծման նախապատմությունը
«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» չինական խոշոր տնտեսական նախագիծ է։ Նպատակը ներդրումների միջոցով սեփական ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում մեծացնելն է։
Այն պաշտոնապես հաստատվել է երկրի կառավարության կողմից և ներկայացվել որպես ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ռազմավարություն, որը նպատակ ունի խորացնել առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերը Չինաստանի և տարածաշրջանի 65 երկրների միջև: Այդ երկրները ստեղծում են համաշխարային ՀՆԱ-ի 30%-ը, ընդգրկում են աշխարհի բնակչության 62%-ը և հաստատված էներգետիկ պաշարների 75%-ը: Պետք է նկատել, որ նախագիծը կոչվում է նաև «Մետաքսի նոր ճանապարհ»։
Նախագիծն առաջին անգամ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից ներկայացվել է 2013թ. սեպտեմբերին՝ Ղազախստանի Նազարբաևի անվան համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: Արդեն 2013թ. հոկտեմբերին՝ Ինդոնեզիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ՉԺՀ նախագահը հայտարարեց, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի ծովային ճանապարհը ընդգրկելու է նաև ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանը, ինչպես նաև առաջարկվեց ստեղծել Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկը (AIIB), որը պետք է ֆինանսավորեր ենթակառուցվածքային ծրագրերը: «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային միջանցքներ ստեղծել, ինչպես նաև՝ ծովային միջանցքներ:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով նախատեսվում է, որ Չինաստանի կառավարությունը առաջիկա տարիներին շուրջ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով:
Հայաստանի մասնակցության հնարավորությունները «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծին
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի ցամաքային միջանցքներից մեր տարածաշրջանի համար հետաքրքրություն են ներկայացնում Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա և Չինաստան-Պակիստան միջանցքները: Առաջինը նախատեսում է Չինաստանի արևմտյան շրջանները կապել Եվրոպայի հետ։
Չինաստան-Պակիստան միջանցքը նախատեսում է բեռների տեղափոխում դեպի Աֆրիկա, Արևմտյան Ասիա և Եվրոպա: Ենթադրվում է, որ Պակիստանի հարավից բեռները դեպի Եվրոպա պետք է տեղափոխվեն կա՛մ ծովային ճանապարհով, կա՛մ Իրանի տարածքով: Հնարավոր ուղղություններից մեկը Իրան-Թուրքիա երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհն է, մյուսն էլ՝ ենթադրում է ինտեգրում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրին, որը ենթադրում է բեռների փոխադրում Իրանի հարավային շրջաններից դեպի Ռուսաստան և Սևծովյան նավահանգիստներ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով:
Պետք է նկատել, որ ենթակառուցվածքների, բաց սահմանների և աշխարհագրական դիրքի առումով հարևան Ադրբեջանն ու Վրաստանը վերոնշյալ ծրագրում ինտեգրվելու հարցում Հայաստանի նկատմամբ առավելություն ունեն:
Պատահական չէ, որ արցախյան պատերազմից հետո ենթադրվող հաղորդակցությունների ապաշրջափակման իրականացումը ներկայացվում է որպես հնարավորություն Հայաստանի համար՝ ինտեգրվելու տարածաշրջանային, նաև չինական այս խոշոր ծրագրերում։
Ի՞նչ քայլեր է ձեռարկում ՀՀ-ը՝ դառնալու համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս․ ԱԳՆ-ի պարզաբանումը
Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ այնտեղից ստանալու պաշտոնական գրություն, թե ինչ քայլեր են արվել և արվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մաս կազմելու համար։ Ստացված գրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ներքևում։
«2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև ստորագրվել է Հուշագիր հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման վերաբերյալ»:
Հուշագրով նախատեսվում է համատեղ գործողությունների լայն շրջանակ ենթակառուցվածքների շինարարության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, ազատ տնտեսական գոտիներում համատեղ արտադրությունների հիմնման, արևային և այլ վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում առևտրի խթանմանն ուղղված և այլ միջոցառումների իրականացման ձևով: Հետևաբար, Հայաստանն ու Չինաստանը արդեն իսկ համագործակցում են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:
Հայաստանը և Չինաստանը երկխոսություն են վարում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության «5 կապեր»-ի տիրույթում: 2017թ. մայիսի 14-15-ին Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության առաջին համաժողովին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի գլխավորությամբ: 2019թ.-ի ապրիլի 25-ից 27-ը Պեկինում կայացած «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցել է ՀՀ շրջակա միջավահրի նախարարը: Այս ընթացքում Չինաստանի հետ քննարկումներ են կայացել հանքարդյունաբերության, թափոնների վերամշակման, ճանապարհաշինության, ջրամբարաշինության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ, որոնց մի մասն առնչվում է նաև «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ենթակառուցվածքային տիրույթին:
Մեր երկրների առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը նպաստում է ԵԱՏՄ և ՉԺՀ միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին՝ Աստանայում, և ուժի մեջ մտավ 2019թ.-ի հոկտեմբերի 25-ից: Համաձայնագիրը դիտարկվում է Եվրասիական գործընկերության գաղափարի շրջանակներում ԵԱՏՄ և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համադրման գործընթացի մաս: 2020 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագրի իրագործման հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի մասով փոխադարձ առևտրի զարգացման և խթանման, ոլորտային համագործակցության, համաձայնագրի իրագործման մասով ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման հարցերը։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2021թ․ հունվար-հունիսին կազմել է 546,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34%-ով։ 2021 թվականի հունվար–հունիսին արտահանումը Հայաստանից Չինաստան կազմել է 225,3 մլն․ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ 2021թ․ հունվար–հունիսին Չինաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 321,1 մլն․ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%–ով:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է Չինաստանի հետ՝ 2019թ. ապրիլի 26-ին «Գոտի և ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի, էկոտուրիզմի և այլ ոլորտներում: Կողմերի համար, մասնավորապես, հետաքրքրություն է ներկայացնում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների օգտագործման խրախուսման մեխանիզմների և դեգրադացված հողերի վերականգնման ոլորտներում համագործակցությունը։
Չինաստանի կառավարության կողմից ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպվում է «Գոտի և ճանապարհ» նախագծին վերաբերվող դասընթացներ ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության, սեյսմիկ անվտանգության և մի շարք այլ ոլորտներում:
Ինչպես նշեցինք «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության «5 կապեր»-ի տիրույթում է միջմարդկային շփումները փոխանակումները, և կողմերը աշխատանքներ են ոլորտը ակտիվացնելու ուղղությամբ: Օրինակ՝ 2019թ. մայիսին Հայաստանը և Չինաստանը ստորագրեցին սովորական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագիրը, որը կծառայի նաև այս նպատակին: Այս գործընթացը որոշակիորեն դանդաղեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում»։
Բաց թողնված հնարավորություններ
Փորձագիտական դաշտը մեկ անգամ չէ, որ ահազանգել է, թե Հայաստանը նախաձեռնողականություն չի ցուցաբերում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։ Այստեղ ներդրում ստանալու հնարավորություն կունենան այն երկրները, որոնք լավ հաշվարկված բիզնես ծրագրեր կներկայացնեն: «Նախաձեռնությունը հատուկ ֆոնդ ունի նաև ինքնուրույն զարգանալու հնարավորություն չունեցող երկրների համար»,- նշել է Չինաստանի հարցերով փորձագետ Մհեր Սահակյանը:
«Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցելու դեպքում երկրները կկարողանան վերականգնել սեփական տնտեսությունը, ամրապնդել իրենց անվտանգությունն ու պետականությունը: Նրանք տնտեսական բազմաթիվ օղակներով կկապվեն աշխարհում հզորությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկրի հետ»,- ասել է նա։
Մասնագիտական շրջանակները խոսում են նաև «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երկու համաժողովներին մասնակցությանը մեր անլուրջ մոտեցման մասին․ ինչպես 2017թ. անցկացված 1-ին համաժողովի ժամանակ, այնպես էլ երկրորդի՝ 2019-ի ապրիլի դեպքում, Հայաստանը ներկայացված չէր երկրի նախագահի կամ վարչապետի մակարդակով: Առաջին միջոցառմանը Հայաստանից մասնակցում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ 2-րդի դեպքում այցը բնապահպանության նախարարի և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի մակարդակով էր։ Համաժողովներին մասնակցության արդյունքում որևէ լուրջ ներդրումային պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Պետք է նկատել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական համաժողովից մոտ կես ամիս հետո, այնուամենայնիվ, այցելեց Չինաստան։ Նպատակը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելն էր։ Այստեղից հիշարժանը միայն նախագահ Սին Ծինփինի բանավոր հայտարարությունն է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
Ինչպե՞ս կարելի է զարգացնել հայ-չինական հարաբերությունները․ փորձագետի առաջարկությունները
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կարելի է զարգացել հայ-չինական քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Նա Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մի շարք առաջարկներ․
Ֆիանանսաբանկային
Չինական ռենմինբիի (Չինաստանի պաշտոնական արժույթ) միջազգայնացումը լայն հնարավորություններ է ընձեռում «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» (ՄԳՄՃ) ընդգրկված՝ կայուն բանկային համակարգ ունեցող երկրներին, քանի որ նրանք հնարավորություն են ստանում չինական բանկերի մասնաճյուղեր ներգրավել սեփական բանկային համակարգում կամ չինական արժույթով աշխատող միջնորդ բանկեր հիմնել, ապահովել սեփական արժույթի փոխարկումը ռենմինբիով։
Իսկ ինչո՞ւ պետք է Չինաստանը հետաքրքրված լինի ռենմինբի-դրամ կոնվերտացիայի ապահովմամբ և ՀՀ-ում չինական բանկի հիմնադրմամբ․ Չինաստանը հնարավորություն կստանա Հայաստանի հետ առևտուր անել չինական արժույթով, որի շնորհիվ կամրապնդվեն ռենմինբիի դիրքերը համաշխարհային ֆինանսական աշխարհում, իսկ Հայաստանում չինական բանկ հիմնվելու դեպքում չինական կապիտալը կներգրավվի Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում։
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ կշահի Հայաստանը։ Հայաստանում Չինաստանի առաջատար բանկերի մասնաճյուղեր բացելու կամ համատեղ հայ-չինական բանկի ստեղծման արդյունքում զգալի ֆինանսական ներդրումներ կկատարվեն երկրում, կտարատեսակվի ֆինանսական դաշտը, դրամ-ռենմինբի փոխարկումն ապահովելու դեպքում երկու երկրների միջև առևտուրը կիրականացվի սեփական արժույթներով, ինչի շնորհիվ հայ և չին գործարարները ստիպված չեն լինի հավելյալ դրամային միջոցներ ծախսել դրամ-դոլար-ռենմինբի փոխանակումների պատճառով:
Ռազմաքաղաքական
ՄԳՄՃ նախաձեռնությունն ապահովագրելու համար Չինաստանն էլ ավելի է մեծացնում ներգրավվածությունը խաղաղապահ առաքելություններում։
ՄԱԿ ԱԽ-ին մասնակցելու հարցում շահագրգռված է նաև Հայաստանը, հնարավոր է Չինաստանի հետ բանակցել և ստեղծել մի առանձին խաղաղապահ զորամիավորում, որը ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում կգործի չինացի գործընկերների հետ համատեղ։ Արդյունքում՝ կխորացվեն հայ-չինական ռազմաքաղաքական կապերը, ՀՀ-ում կստեղծվեն բարձր վարձատրվող աշխատատեղեր, հետագայում արդեն գործնական մակարդակով տեղի կունենա ռազմավարության փորձի փոխանակում հայկական և չինական զորամիավորումների միջև։ Հարց է առաջանում. ի՞նչ շահ կարող է հետապնդել Չինաստանը Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու դեպքում։ Պետք է հաշվի առնել, որ երկար ժամանակ Չինաստանը պատերազմական գործողություններ չի վարել, իսկ Հայաստանն ունի որոշակի ռազմական փորձ: Ուստի 2016թ. ապրիլյան պատերազմում հայկական զինվորականության ձեռք բերած փորձը կարող է հետաքրքրել չինական կողմին։ Չինական կողմին, մասնավորապես, կհետաքրքրի, թե ինչպես էր հայկական կողմը պայքարում իսրայելական անօդաչու թռչող սարքերի և Ադրբեջանի կողմից օգտագործված ռուսական ժամանակակից զինատեսակների դեմ։
Հայաստանում Չինաստանի հետ համագործակցությունը կարող են զարգացնել «ոչ սովորական» զինատեսակների բնագավառում։ Կարելի է համատեղ կառուցել ռոբոտացված զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի ռազմարդյունաբերական կենտրոն Հայաստանում, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում:
Ենթակառուցվածքներ
Հայաստանը ՄԳՄՃ տրանսպորտային ենթակառուցվածքներին միանալու համար պետք է գործնական քայլեր իրականացնի սեփական ճանապարհները, երկաթուղիները զարգացնելու միջոցով:
Թե՛ «Հյուսիս-հարավում», թե՛ հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում հայկական կողմը կարող է փորձել վարկեր ստանալ Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկից, որը պատրաստ է ՄԳՄՃ շրջանակներում ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման գործում, բայց մինչ այդ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դառնա այդ բանկի տարածաշրջանային անդամը։
ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանել իր շահերը Չինաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանին հետաքրքրող բազմակողմ ծրագրերն ընդգրկել ԵԱՏՄ օրակարգ և թիմային, ամրապնդված դիրքերից ներկայացնել։ Օրինակ՝ Հայաստանը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել, որ ԵԱՏՄ-ն հետևողականություն ցուցաբերի
«Հյուսիս-Հարավում» և հայ-իրանական երկաթգծի նախագծում Չինաստանից ներդրումներ ստանալու համար, որի իրականացումն էականորեն կմեծացնի Հայաստանի հնարավորությունները ՄԳՄՃ-ում։
Պետք է լրջագույնս ուսումնասիրվի նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև կնքված «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը և դա օգտագործվի՝ ի շահ Հայաստանի:
ՄԳՄՃ շրջանակներում զարգանում է նաև «Թվային մետաքսի ճանապարհը», որը հնարավորություն է ընձեռում օպտիկամանրաթելային մալուխով զարգացնել Եվրասիական տարածաշրջանի հեռահաղորդակցային ենթակառուցվածքները։
Նպատակահարմար է Չինաստանի կիբերտարածքի վարչությանն առաջարկել, որ Հայաստանը ևս միանա «Մետաքսի թվային ճանապարհ» և «Մետաքսի ճանապարհը կիբերտարածքում» նախաձեռնության իրագործմանը, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնվեն Չինաստանի «Համացանց պլյուսի» և Հայաստանի Թվային փոխակերպման ռազմավարության միջև։
Նպատակահարմար է, որ Հայաստանն ու Չինաստանը 5G բջջային ցանցի զարգացման մասին համատեղ հռչակագիր ընդունեն, ըստ որի՝ երկու կողմերը կխթանեն այս ոլորտում համատեղ հետազոտությունները։
Գյուղատնտեսություն
Հայաստանը պետք է փորձի Չինաստանից ներդրումներ ստանալ գյուղատնտեսության համար՝ պայմանով, որ ստացված տեխնիկայի և նորարարական տեխնոլոգիաների փոխարեն Չինաստանին կմատակարարվեն էկոլոգիապես մաքուր միրգ և բանջարեղեն։ Այսպիսի բնամթերքը կարող է հաջողություն ունենալ Չինաստանում, որտեղ հողի և օդի աղտոտվածության մակարդակը բարձր է։ Նույն տրամաբանությամբ կարելի է նաև ներդրումներ ստանալ մսամթերք արտադրելու համար (Չինաստանում հատկապես մեծ է տավարի մսի պահանջարկը)։ Այս դեպքում ևս մսամթերքը լինելու է առանց քիմիական հավելանյութերի:
Հանրային դիվանագիտություն
Պետք է կարևորել նաև այն փաստը, որ ՄԳՄՃ-ում կարևոր դեր է խաղալու մարդկային գործոնը, ուստի պետք է հեշտացնել և հաճախակիացնել հայ և չին գործարարների, գիտնականների, ուսանողների, տուրիստների փոխադարձ այցելություններն ու անմիջական շփումները, կազմակերպել հատուկ ծրագիր, որի ընթացքում Հայաստան կհրավիրվեն չինացի գործարարներ, որոնց հարկ է ներկայացնել, որ Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, քան Չինաստանում և Հարավասիական մի շարք երկրներում։ Հայաստանում արտադրելու դեպքում նրանք հնարավորություն կունենան արդյունքը վաճառել նաև ԵԱՏՄ շուկայում։
Պետք է փորձել ուղիղ չվերթներ կազմակերպել՝ Երևան-Պեկին-Երևան, Երևան-Շանհայ-Երևան, Երևան-Գուանջոու-Երևան։ Այս քայլի միջոցով կհեշտանա հայ գործարարների մուտքը Չինաստան, կմեծանա չինացի զբոսաշրջիկների թիվը։ Պետք է փորձել կապեր հաստատել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Նանծինի կոտորածների թանգարան-ինստիտուտի միջև։ Երկու գիտական կենտրոնները կարող են համատեղ հետազոտություններ կատարել և արդյունքները տպագրել թե՛ հայերեն, թե՛ չինարեն, թե՛ տարբեր լեզուներով, որի արդյունքում առաջին հերթին Չինաստանում և Հայաստանում կտեղեկանան Հայոց ցեղասպանության և Նանծինի կոտորածների մասին։
Երկու ազգերը նմանատիպ խնդիր ունեն և կարող են միասնական ջանքերով պայքարել ընդդեմ ցեղասպանությունների։
Հայկական կողմը պետք է փորձի օգտագործել նաև Չինաստանի հայկական համայնքի պոտենցիալը, ինչպես նաև ճիշտ օգտագործի այդ երկրի կողմից տրամադրվող կրթաթոշակները։ Կարծում եմ, որ հաշվի առնելով Չինաստանի զգալի հաջողությունները նանոտեխնոլոգիաների, տնտեսության և կառավարման բնագավառներում՝ հենց այս ուղղություններով խորանալու համար պետք է գործուղվեն հայ ուսանողները։ Հարկ է նաև գործարարներից և պետական հիմնարկություններից ճշտել, թե Չինաստանի կամ չինական կազմակերպությունների հետ կապերը խորացնելու համար ինչ ոլորտի մասնագետներ պետք է պատրաստել, որպեսզի ուսանողները Չինաստանից վերադառնալով աշխատանք գտնեն։
Ճիշտ է՝ ԵՄ հանձնաժողովը կասկածանքով է վերաբերվում չինական ՄԳՄՃ-ին և մտավախություն ունի, որ այն կփոքրացնի ԵՄ ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ երկու կողմերը 2015թ. համաձայնեցին ներդաշնակություն ապահովել ՄԳՄՃ-ի և ԵՄ Ներդրումային ծրագրերի միջև, ուստի, եթե Հայաստանին հաջողվի նաև բանակցությունների միջոցով ցույց տալ, որ ԵՄ-Հայաստան-Չինաստան համագործակցությունը համապատասխանում է մի կողմից ԵՄ-Չինաստան վերոհիշյալ համաձայնությանը, մյուս կողմից՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տրամաբանությանը, ապա հնարավոր է, որ այս ոլորտում նույնպես համատեղ ծրագրեր իրականացվեն։ Այսպիսով, ՄԳՄՃ-ն հայ-չինական հարաբերությունների վերաբեռնման լայն հնարավորություններ է ընձեռում, որոնց նպատակային կիրառումը հնարավորություն կտա լավագույնս օգտագործել Հայաստանի ներուժը ՄԳՄՃ-ում։
Հայ-չինական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ըստ չինացի պրոֆեսորի
Չինացի պրոֆեսոր Ջըն Յունթիեն խոսքով՝ Հարավային Կովկասում շատ աշխարհաքաղաքական խաղեր են ընթանում Ռուսաստանի, ԱՄՆ -ի և նույնիսկ ԵՄ -ի միջև: Նա Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ Չինաստանը միշտ պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի իր դերը կատարելիս:
«Ամենակարևոր նկատառումը փոխադարձ հարգանքն է, ներառյալ պատմության, մշակույթի, քաղաքակրթության և ժամանակակից վերափոխումների նկատմամբ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ Չինաստանն անհամբերությամբ սպասում է այս տարածաշրջանում՝ Եվրասիայի սրտում, ավելի մեծ համագործակցությանը»,- ասում է նա։
Նա նկատում է, որ Հայաստանը հին երկիր է, հայերը՝ հնագույն ազգ, Չինաստանի հետ շատ ընդհանրություններ կան, հատկապես եթե հաշվի են առնվում պատմական փորձը և որոշ մշակութային արժեքներ: «Մենք ականատես ենք եղել, որ ավելի ու ավելի շատ չինացիներ են տրամադրված այցելել Հայաստան: Երբ COVID-19-ն ավարտվի, Չինաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության արագ աճ կլինի»,- ասում է նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե նկատում է ջանքեր հայկական կողմից Չինաստանի հետ աշխատելու, պրոֆեսորը բերում է մարդկանց միջև համագործակցության, ժողովրդական դիվանագիտության օրինակը։
«Հայ գիտնական Մհեր Սահակյանը ծագող աստղ է: Նա լավ օրինակ է Չինաստանի և Հայաստանի միջև կապերի հաստատման: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա այդքան քրտնաջան աշխատել է այս երկու երկրների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ: Նրա ջանքերի շնորհիվ ավելի շատ չինացի գիտնականներ և եվրասիական փորձագետներ հնարավորություն ունեն քննարկելու Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ կառուցողական բազմաթիվ հարցեր: Բացի այդ, ես ղեկավարել եմ հայ ասպիրանտ Արաքսյա Ներսիսյանին, ով արդեն ստացել է մագիստրոսի կոչում Չինաստանի Ռենմին համալսարանում: Այս օրինակները բերելու պատճառն այն է, որ Մհեր Սահակյանը, Արաքսյա Ներսիսյանը և շատ այլ հայ ընկերներ ցանկություն են ունեցել: Չինացիներն ակտիվորեն դրան արձագանքում են: Հետևաբար, Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման տեսլականը պայծառ ու դրական է»,- ասում է նա։
Անդադառնալով «Մեկ Գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը՝ նա նշեց՝ ծրագիրը կենտրոնանում է ընդհանուր զարգացման վրա: «Այն հոգ է տանում տարբեր երկրներում մարդկանց բարեկեցության մասին: Իհարկե, այն կարող է ընդգրկել Հայաստանը և պատրաստ է բազմաթիվ հնարավորություններ ընձեռել ձեր երկրին: Ինչքանով որ տեղյակ եմ, շատ չինացիներ հետաքրքրված են Հայաստան այցելելով և գործարար համագործակցություն փնտրելով»,- ասում է նա։
Ջըն Յունթիեն խոսքով՝ նաև՝ երկրների հարաբերությունների զարգացման համար զբոսաշրջությունն է լավ սկիզբը: «Ես այցելեցի Հայաստան 2019 թվականի նոյեմբերին: Դա իմ լավագույն այցերից մեկն էր ամբողջ կյանքում: Երբեք չեմ մոռանա հայերի ժպիտներն ու բարությունը, ինչպես նաև մշակույթը, բնությունն ու տեսարժան վայրերը: Ես երբեք չեմ մոռանա այդ ճանապարհորդությունը և նորից ու նորից կվերադառնամ: Հիմա էլ շարունակում եմ Հայաստանը ներկայացնել իմ ընկերներին, նրանց կբերեմ Հայաստան: Հայերը պատմության ընթացքում այնքան ցավ են ապրել: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից ՝ աշխարհին ներկայացնելով իր յուրահատուկ գրավչությունները»,- ասում է նա։
Ըստ ռուսաստանցի վերլուծաբանի՝ չլուծված հակամարտությունները տարածաշրջանի նկատմամբ Չինաստանի ցածր հետաքրքրության պատճառներից են
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիտսի խոսքով՝ Հարավային Կովկասը Չինաստանի առաջնային շահերի ոլորտում չի գտնվում, նրա ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում առայժմ մնում է սահմանափակ:
Factor.am-ի հետ զրույցում սակայն նաև ավելացնում է՝ այնուամենայնիվ, չինական ներկայությունը տարածաշրջանում աճում է ՝ կապված երկրի ընդհանուր հզորության մեծացման հետ:
«Սա առաջին հերթին արտահայտվում է առևտրում: Վերջին տարիներին Չինաստանը դարձել է Հարավային Կովկասի հանրապետությունների առաջատար առևտրային գործընկերներից մեկը: Բացի այդ, չինական ընկերությունները որպես կապալառուներ ներգրավված են ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և արդիականացման աշխատանքներում: Չինաստանը նույնպես շահագրգռված է տարածաշրջանի տարանցիկ ներուժի օգտագործմամբ»,- ասում է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանի բոլոր իշխանությունները ակտիվ ջանքեր գործադրել են Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
«Տարածաշրջանում Չինաստանի ամենամեծ դեսպանատունը կառուցվեց Երևանում: Մարդասիրական և գիտական շփումները զարգանում են բավականին ինտենսիվ: Չինաստանը հետաքրքրված է հանքային ռեսուրսներով `որպես իր արդյունաբերության զարգացման հումք: Հետևաբար, Հայաստանում Չինաստանը կարող է հետաքրքրված լինել նաև լինել պղնձի եւ պղնձի խտանյութի արդյունահանմամբ, ինչպես նաև՝ պղնձաձուլական մետաղագործական ձեռնարկությունների ստեղծմամբ»,- ասում է նա:
Տասիտսի խոսքով՝ տարանցիկ միջանցքների զարգացման շրջանակում Չինաստանը կարող է նաև հայկական տրանսպորտային ենթակառուցվածքը, մասնավորապես կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղին միացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
Վերլուծաբանը նկատում է՝ ռազմաքաղաքական անկայունությունն ու չլուծված հակամարտություններն իսկապես տարածաշրջանի նկատմամբ Չինաստանի ցածր հետաքրքրության պատճառներից են: Նա նման դիտարկում է անում՝ անդրադառնալով նաև արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի հնարավոր ապաշրջափակմանը, հաղորդակցությունների բացմանը։
«Հաղորդակցության բացման, տնտեսական կապերի վերականգնման և իրավիճակի նորմալացման դեպքում կբարելավվի Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների մրցունակությունը և հանրապետության ներդրումային գրավչությունը: Սա կնպաստի Հայաստան չինական խոշոր բիզնեսի «ժամանմանը» և այստեղ ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերի իրականացմանը»,- ասում է նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան