Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
29.11.2020 | 15:19Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։
«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,-իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։ Հայաստանի նախագահն ասել է, որ մինչ Մոսկվա գալն այցելել է արաբական մի շարք երկրներ, հանդիպել նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Յուրաքանչյուր համայնքում հանդիպելիս կիսել ենք մեր ցավը, շատերն ունեին զայրույթ, պահանջներ։ Նախագահի պարտականությունն է բոլորը լսել և կիսվել դիտարկումներով»,- ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ ցավն ու կորուստը չափազանց մեծ են՝ ոչ միայն Արցախի մեծ մասի, այլև հազարավոր հայ երիտասարդների կորուստ, վիրավորների մեծ թիվ, տարաբնույթ հսկայական դժվարություններ։
Հայաստանի նախագահը վերստին շեշտել է, որ պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է, եթե ձեռք ձեռքի տանք, մոռանանք մեր տարբերությունները, չբաժանենք մեզ սև ու սպիտակի, հասկանանք, որ բոլորս հայ ենք, բազմամիտք, բազմագաղափար․ «Մեր բոլոր բարեկամները ցավում են, որ պատերազմում պարտվել ենք, բայց մեզ բոլորը հարգելու են, եթե դրանից հետո կարողանանք կանգնել և քայլել, այս պարտությունից քաղած մտքերով, սխալներից սովորած՝ առաջ գնանք, նորից կառուցենք երկիր, որով բոլորս հպարտ ենք, կառուցենք բանակ, որը հաղթական է լինելու»։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։ Մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ Ասվել է նաև, որ պատերազմի օրերին սփյուռքն աննախադեպ համախմբվածություն ու նվիրում է ցուցաբերել և հիմա խոր հիասթափություն է ապրում, հատկապես, երբ տեսնում է, որ անորոշությունը շարունակվում է, և չկա ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր։ Տեսակետ է հայտնվել, որ կառավարության հրաժարականը և համաձայնության կառավարության ձևավորումը խթան կլինի, որ վստահությունը վերականգնվի։ Առաջարկ է հնչել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։
Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, որոնք հաճախ նաև զգացմունքային դաշտից են եղել, նախագահն ասել է, որ, գիտակցելով կորստի մեծ ցավն ու դժբախտության ահռելի չափը, հասկանում է մարդկանց զգացմունքները, զայրույթն ու քննադատությունը․ «Մեր երիտասարդներն իսկապես հերոսներ են։ Հազարավոր կյանքեր կորսվեցին, ինչը ողբերգություն է։ Մեծ թվով վիրավորներ ունենք։ Հիվանդանոցներում իրավիճակը շատ ծանր է, հիմա ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում կորոնավիրուսին»։
Նախագահն ասել է, որ մենք պարտություն ենք կրել մի քանի պատերազմներում։ «Նախ, ժողովրդագրական պատերազմը․ 1994 թվականի հրադադարից հետո բնակչության աճ չի եղել։ Երբ զինվորը կանգնած է սահմանին, նա անընդհատ նայում է, թե ինչ կա թիկունքում։ Եթե այնտեղ դատարկություն է, անգամ մեծ ոգի ունեցող հայ զինվորի համար դժվար է։ Պետք էր բնակեցնել այդ տարածքը»,-նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ մենք պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում․ «Ադրբեջանցիներն ու թուրքերը լրջորեն էին սրան պատրաստվել։ Այս պատերազմը շարունակվում է նաև այսօր, նրանք հարձակվում են մեզ վրա։ Մենք սրանով չենք զբաղվել, դրա համար տանուլ տվեցինք։ Հայաստանում մենք այսօր հարձակվում ենք իրար վրա՝ միավորվելու փոխարեն»։
Հանրապետության նախագահը նաև նշել է, որ 26 տարի առաջ մենք իսկապես ունեինք տարածաշրջանում ամենահզոր բանակը։ «Մենք բանակ կառուցեցինք կամավորներով, բայց պատերազմի վերջում ունեինք կանոնավոր բանակ։ Այն ժամանակ մեր բանակը տեխնոլոգիապես ավելի լավն էր, քան ադրբեջանականը։ Հետագա տարիներին Ադրբեջանը հսկայական գումարներ էր ծախսում հզորանալու համար, իսկ մենք դեռ ապրում էինք անցյալի փառքով, այդ իսկ պատճառով այս պատերազմում նրանք ունեին դրոններ, իսկ մենք՝ ոչ։ Հաջորդ պատերազմը լինելու է արհեստական բանականության մասնակցությամբ»։ Նախագահն ասել է, որ պետք է զբաղվել գիտությամբ, նոր տեխնոլոգիաներով, կրթությամբ՝ վերստին չպարտվելու համար։
Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է․ «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի է ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։
Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։
Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։
Անդրադառնալով այն փաստին, որ ինքը մամուլից է տեղեկացել Արցախին վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նախագահ Սարգսյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա պետականության կործանում է։ Այն կործանվում էր ոչ այդ մեկ օրը, այլ տարիներ շարունակ։ Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը»։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ ներկայիս Սահմանադրության մեջ չկա զսպումների և հավասարակշռության ոչ մի լծակ․ «Յուրաքանչյուր սահմանադրություն՝ լինի դա նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգում, պետք է ներառի հավասարակշռումներ և հակակշռումներ, զսպումների մեխանիզմներ, որ ոչ ոք՝ լինի նա նախագահ կամ վարչապետ, իր վրա չվերցնի այնպիսի որոշումների կայացումներ, որոնք ազգային են և շատ կարևոր։ Այդ ամենը պետք է հավասարակշռված լինի։ Մեզ մոտ Սահմանադրությունը բացարձակապես հավասարակշռված չէ»։
Նախագահն ասել է, որ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ պետք է մտածել նաև հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների կամ՝ գործող Սահմանադրության բարելավման մասին։ «Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության և նախագահական ինստիտուտի միջև,-ասել նախագահը՝ նշելով․ -Կարծում եմ, որ եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»։
Ի՞նչ անել հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Նոյեմբերի 10-ից սկսած՝ ինձ մոտ եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Գոյություն ունի տարածք, որտեղ մենք կարող ենք հավաքվել, առաջին հերթին ես՝ որպես նախագահ առաջարկել եմ դա։ Ես շատ քիչ լիազորություններ ունեմ, սակայն նախագահությունը հենց նման օրվա համար է։
Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։
Խոսելով Սփյուռքի ցուցաբերած աջակցության և ընդհանրապես նրա հետ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ մեր ազգն ունի միայն մեկ սեփականություն և հարստություն՝ մենք ունենք մեկս մյուսին․ «Սակայն, Սահմանադրության համաձայն, մարդը Հայաստանի խորհրդարանի անդամ դառնալու համար պետք է ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և չորս տարի ապրի Հայաստանում։ Կարող եմ թվարկել քսան տաղանդավոր բժիշկների, որոնք կարող էին դառնալ Հայաստանի նախարարներ։ Մենք ինքներս ենք բեռլինյան պատ կառուցել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Եկել է ժամանակը՝ քանդելու այդ պատը։ Մեր Սփյուռքը դարձել է գումար ստանալու միջոց՝ գումարներ ուղարկեք, իսկ թե ինչ կլինի հետո, դրանք ինչպես կծախսվեն, ձեզ չի վերաբերում։ Մենք հասել ենք այս կետին։ Այս ամենից հետո, եթե շարունակենք նման կերպ ապրել, Աստված թող օգնական լինի մեզ»։
Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը մասնավորապես նշել է․ «Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Դա մեր մեջ նստած է։ Այսինքն, երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատելու են միասնական։ Դա միայն պաշտպանության նախարարությունը կամ գլխավոր շտաբը չէ, բոլորը պետք է աշխատեն։ Իսկ որտե՞ղ են մեր ինստիտուտները։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես մեզ մոտ շատ բաներ չեն աշխատում, և եթե մենք չփոխենք, դրանք չեն կարողանա աշխատել։ Ես, դուք կարող ենք վարչապետի թեկնածուներ առաջարկել, սակայն պետք չէ լուծումները կապել անհատի հետ։ Հատկապես հիմա, երբ լինելու է ժամանակավոր կառավարություն, եթե վարչապետը համաձայնի։ Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ծրագիր ունենա, թե ինչով է զբաղվելու։
Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան։ Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, որը կարող է միայնակ ոտքի կանգնեցնել այս երկիրը։ Մենք բոլորս միասին պետք է այդ գործով զբաղվենք, պետք է ունենանք ծրագիր և մեր իրական բարեկամների աջակցությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի: Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնա, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որևէ մեկի համար։ Ուզում եմ, որ մեր երկիրը կայուն լինի, որովհետև անկայուն երկիր նշանակելու է, որ վաղը նորից պատերազմ է սկսվելու։ Իմ դերը տեսնում եմ հետևյալում՝ օգնել մեր հանրությանը, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,-ասել է Արմեն Սարգսյանը։
Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության զարգացումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,-ասել է Հայաստանի նախագահը։ -Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։
Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մեր սեփականը կառուցելու համար պետք է վերցնենք աշխարհում լավագույնը։ Այդ ամենի համար պետք է ներգրավվենք ամենալավերին, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին մտածի՝ որպես իր տան, որ մեր նոր ծրագրերը միայն բառեր չլինեն»։
Ամփոփելով հանդիպումը՝ նախագահն ասել է, որ այն կարևոր էր առաջին հերթին հայրենակիցներին լսելու առումով։ «Հարցերի պատասխանները պետք է տանք մենք բոլորս միասին,-ասել է նախագահը։ -Այսօր բոլորիս համար դժվար է, բոլորս միասին պետք է դուրս գանք այս վիճակից։ Հիմնական երկու բառով կարելի է դա նկարագրել՝ միասնականություն, արժանապատվություն։ Կարող ենք պատերազմում պարտվել, բայց իրավունք չունենք կորցնել մեր արժանապատվությունը։ Մեր ուժը պետք է լինի այն, որ այս դժվար պայմաններում համախմբված ձևով ոտքի կանգնենք։ Մենք լեգենդներ ունենք, և ամենավատն է, երբ սկսում ես հավատալ քո հնարած լեգենդին։ Սա հանգեցնում է նրան, որ, փոխանակ բանակ կառուցենք, հավատում ենք, որ բանակ ունենք, սկսում ենք հավատալ, որ տնտեսություն ունենք, այն դեպքում, երբ չունենք, սկսում ենք հավատալ, որ ունենք ազատ մամուլ․․․»։
Հանրապետության նախագահի այս խոսքին հետևել է հանդիպման մասնակիցներից մեկի արձագանքը․ «Դուք չեք պատկերացնում՝ հիմա մենք բոլորս այստեղ խոսում ենք, իսկ կես ժամ առաջ երևանյան մամուլում գրել են, որ Ձեզ եկեղեցու բակում դիմավորել են «դավաճան» վանկարկելով, և որ Ձեզ հետ հանդիպմանը գրեթե մարդ չի եկել և եկածներն էլ հեռանում են հանդիպումից»:
– Դուք երևի գիտեք, թե ովքեր են գրողները, -պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանը։