Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Լուրեր

09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
09.02.2026 | 23:06
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
09.02.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.02.2026 | 22:32
Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. Սանդրին՝ Խուդաթյանին
09.02.2026 | 22:17
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
09.02.2026 | 21:59
Կուբան զգուշացրել է օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանց օդանավերի լիցքավորման համար վառելիք չկա
09.02.2026 | 21:43
Ալիևը Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է TRIPP-ը
09.02.2026 | 21:30
«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ ավագանին վաղը կքննարկի ընդդիմության առաջարկը
09.02.2026 | 21:13
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը: Նաև պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը:

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին: