Ադրբեջանում նավթային գամբիտի դարաշրջանի ավարտը. Ի՞նչ շահերով են առաջնորդվում գերտերությունները՝ աչք փակելով Բաքվի ագրեսիայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.11.2020 | 19:15Աշխարհում պետությունների քաղաքական որոշումների ետևում, որպես կանոն, տնտեսական հաշվարկներն են: Վերջին 2-3 տարիներին Ադրբեջանը կրկին փորձում է շրջանառության մեջ դնել ածխաջրածնային շուկայում խոշոր խաղացող լինելու իր նկրտումները: Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և Global Firepower (GFP) հետազոտական խմբի համաձայն՝ նավթի ապացուցված պաշարները Ադրբեջանում 2017 թ. դրությամբ կազմել են 7 մլրդ բարել, որ հիմնականում գտնվում է Կասպից ծովում՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտում: Այս ցուցանիշով այդ երկիրն աշխարհում 21-րդ տեղում է։ Սակայն Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր, այս 30 տարիների ընթացքում նավթի արդյունահանումն Ադրբեջանում կրճատվել է մոտ 40%-ով: Միջազգային փորձագետների պնդմամբ՝ ադրբեջանական նավթի պաշարները կսպառվեն 2028 թ-ին: Այլ երկրներում իրականացվող խոշոր ներդրումներին զուգահեռ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքն անցած տարի հասել է 10 մլրդ դոլարի՝ գերազանցելով Ադրբեջանի պետական պարտքը (8.9մլրդ դոլար): Տարեցտարի Բաքուն ստիպված է ավելի շատ գումար ծախսել նավթի արդյունահանման վրա: Մինչդեռ նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: 2020 թ-ի բյուջեն հաշվարկվել էր բարելի համար 55 դոլար ցուցանիշով, սակայն ներկայումս այն չի գերազանցում 40 դոլարը:
Ադրբեջանն արդեն ամբողջութամբ գտնվում է արևմտյան տերությունների և Թուրքիայի ուղեծրում: Մոսկվան գրեթե կորցրել է իր ազդեցությունը Բաքվի վրա: Այս երկրում հիմնական ներդրողն անգլիական «Բրիթիշ պետրոլիում» ընկերությունն է: Շահեր ունեն նաև շատ տարբեր տերություններ՝ Թուրքիան, Իտալիան ու ԵՄ այլ երկրներ, Իսրայելը: Վերջինս շատ լուրջ ածխաջրածնային կախվածության մեջ է Բաքվից: ԱՄՆ-ի համար Ադրբեջանը տրամպլին է, որը կապում է միջինասիական երկրների հետ: Ու թեև նավթի պաշարները մեր հակառակորդ երկրում փոքրանում են, գազի պաշարները մնում են զգալի:
«Ադրբեջանական գազը թուրքական շուկայից գրեթե ամբողջությամբ դուրս մղեց ռուսական գազը, և Ադրբեջանը հիմա Թուրքիայի գազմատակարարների առաջին եռյակում է: Թուրքիայի համար Ադրբեջանը նաև հետաքրքիր է որպես տրանսկասպից գազատարների հաբ , հանգույց, որովհետև աշխարհի ամենահարուստ գազի պաշարները գտնվում են Թուրքմենիայում, որի համար է այժմ ընթանում այս մեծ խաղը տարածաշրջանում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկայի հարցերով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Արա Մարջանյանը:
Գազի պաշարներով Ադրբեջանում ամենահարուստը Շահ Դենիզ հանքավայրն է Կասպից ծովում, որի արդյունահանումը և տրանսկասպիական գազային ծրագրերը կազմում են ներկայիս տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հենքը:
Գազի պահուստներով Ադրբեջանն աշխարհի 14-րդ երկիրն է (ունի շուրջ 2,55 տրլն խմ գազ): 2019-ին շահագործման հանձնվեց Տրանսանատոլիական գազատարի մի հատվածը, որը Վրաստանի տարածքով գնում է Թուրքիա: Իր «մեծ եղբոր» հետ Բաքուն կնքել է տարեկան 6 մլրդ խմ գազ մատակարարելու պայմանագիր:
Նախատեսվում է, որ այս տարեվերջին շահագործման կհանձնվի Տրանսանատոլիական գազատարի ամբողջ համակարգը, որով գազը կհասնի Իտալիա՝ տարեկան 8 մլրդ խմ ծավալով: 1-ական մլրդ խմ էլ պետք է ստանան Հունաստանն ու Բուլղարիան: Սակայն Բաքուն պետք է ջանք գործադրի այս ծավալները պահպանելու համար:
«Ես մտածում եմ, որ հիմնական խնդիրը լինելու է եվրոպական շուկա գազի մատակարարումների ծավալների պահպանումը: Բոլորովին վերջերս Ադրբեջանը մեծ խնդիրներ ուներ գազի արդյունահանման հետ կապված, և նույնիսկ վերադարձել էր «Գազպրոմից» գազի գնմանը: 2017-18-ին ներքին արդյունահանումը չէր բավարարում ամբողջ պահանջարկը: Ադրբեջանում Շահ Դենիզի շահագործման ժամանակ վերջերս բավականին մեծ ծախսեր պահանջվեցին, միլիարդներ ներդրվեցին, և կարծում եմ, եթե այսօր առաջարկվեր մասնակցել այդ հանքի շահագործմանը, ներդրողներից թերևս ոչ ոք չէր համաձայնի: Գազի ինքնարժեքը բավականին մեծ է, իսկ եվրոպական գազի շուկայում գները ցածր են: Մեծ հարց է՝ գազի արտահանումն այսօր Ադրբեջանի համար շահավե՞տ է, թե՞ ոչ»,- նշեց Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ, ՌԴ ԿԱ ֆինանսական համալսարանի դասախոս Իգոր Յուշկովը:
Ռուս փորձագետի դիտարկմամբ՝ նավթի ոլորտում նոր նախագծեր Ադրբեջանում չկան: «Սև ոսկին» մեծավմասամբ արտահանվում է Ռուսաստանի տարածքով, որոշ չափով էլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, բայց Թուրքիայի տարածքում տրանզիտի գները բավականին բարձր են և խողովակաշարը թերբեռնված է:
Թուրքիան իր հերթին էներգետիկ կարևոր տարանցիկ հանգույց է դարձել, 2014թ-ին ռուսական «Հարավային հոսք» նախագիծը փոխվեց «Թուրքական հոսք» ծրագրով: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի քայլերի հետևանքով, թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր սպառնալիքի լեզվով է խոսում:
«Սա ավելի շատ ԵՄ սխալն էր, որ նրանք բավականին երկար ժամանակ ընդդիմացան ռուսական հարավային հոսք ծրագրին, և արդյունքում մենք բոլորս շատ անհարմար տարանցիկ երկիր ունեցանք, որն անթաքույց հայտարարում է, որ որոշ ապրանքներ պետք չէ գնել: Թուրքիայի ղեկավարությունը բացահայտ շանտաժի է ենթարկում ԵՄ-ին»,- նշեց Ի.Յուշկովը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ նավթագազային ոլորտի զարգացմանը զուգահեռ Ադրբեջանը նաև այլընտրանքային էներգետիկան է զարգացնում. «Տարիների ընթացքում Ադրբեջանը կարողացավ տնտեսական այնպիսի դիվանագիտություն զարգացնել, որի հետևանքով ստեղծել հնարավորություններ քաղաքական ազդեցություններ ձեռք բերելու համար, և տնտեսական դիվանագիտությունը վերածեց քաղաքական դիվանագիտության»:
Գագիկ Մակարյանը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանն ունի 47 մլրդ դոլարի ռեզերվային ֆոնդ, էներգակիրների շնորհիվ կարողանում է մոտ 8 մլրդ դոլար չափով դրական բալանս ապահովել արտաքին առևտրում. «Մենք մեր թշամուն պետք է լավ ճանաչենք, չթերագնահատել նրա ռեսուրսներն ու այնպես զարգացնել սեփական տնտեսական դիվանագիտությունը, այնպիսի ներդրումային ծրագրեր իրականացնել, որոնց շնորհիվ այլ պետություններն իրենք շահագրգիռ կլինեն և քաղաքական շահը կենթարկացնեն տնտեսական շահին ու կպաշտպանեն Հայաստանին»:
Դեռ տարիներ առաջ մասնագետները զգուշացնում էին՝ Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանում սպասվող նավթային ճգնաժամին, որն ուղղակիորեն ազդելու է ողջ տարածաշրջանի վրա: Փորձագետները չեն բացառում, որ խոշոր նավթային փուլի՝ նավթային գամբիտի ավարտը Արցախի հանդեպ Բաքվի ագրեսիայի դրդապատճառներից մեկը կարող է լինել:
«Հիշեցնեմ, որ 94 թ-ից գործում է, այսպես ասած, Ալիևի դոկտրինը՝ մենք հիմա կխաբենք հայերին, կկնքենք Բիշքեկի հրադադարի պայմանագիրը, կզավթենք Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտը, կարդյունահանեքն այն, կարտահանենք նավթը Թուրքիա, Իսրայել և Իտալիա, կհարստանանք և կուժեղանանք, ռևանշի կդիմենք և Հայաստանին ծնկի կբերենք: Ահա այս լոգիկայով զարգացան անցած ավելի քան 20 տարիները: Հիմա մենք տեսնում ենք այդ նավթային գամբիտի տարածաշրջանի ավարտական ակորդները՝ այս ագրեսիան, ամառվա տավուշյան իրադարձությունները, 2016 թ-ի պատերազմը և դրանից առաջ Ադրբեջանի սանձազերծած որոշակի քայլերը»,- նշեց Ա. Մարջանյանը:
«Նավթագազը կարևոր դեր ունի ագրեսիաների իրագործման համար. որպես նախապատրաստական փուլ՝ էներգակիրների արտահանումը թույլ է տվել մեծ գումարներ կուտակել, դրանով սպառազինություն գնել: Նավթագազը կարևոր դեր է խաղացել որպես միջոց՝ քաղաքական նպատակներին հասնելու համար: Ես կարծում եմ՝ եթե փող չլիներ ռազմական ծրագրերի համար, ապա հավանաբար այսօր Ղարաբաղում իրադրությունն այլ կլիներ»,- նշեց Իգոր Յուշկովը:
Հավելենք, որ Իրանը դեռևս հստակ չի հայտարարել տարածաշրջանում իր էներգետիկ նախագծերի մասին, մասնավորապես՝ դեպի Եվրոպա գազի արտահանման: Հստակ է մի բան՝ դե ֆակտո Իրանի դաշնակիցն այս տարածաշրջանում կարող է լինել միայն Հայաստանը:
Գայանե Խաչատրյան