Կկտրենք Ադրբեջանի ձեռքն ու ոտքը` հարվածելով Մինգեչաուրի ջրամբարին, նավթամուղին, Կիրովաբադին․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2020 | 19:05Factor.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ
-Պարո՛ն Բագրատյան, Դուք առաջարկում եք հեռահար օպերատիվ տակտիկական հրթիռներով, այդ թվում՝ «Իսկանդերով», Բաքվի նավթամուղերին հարվածելու և պատերազմը դադարեցնելու մասին մտածել։ Սա զուտ քարոզչակա՞ն հայտարարություն է, թե՞ իրական հաշվարկ կա։
-Հաշվի առնելով այն իրավիճակը, որ հիմա մենք ունենք Արցախում, հաշվի առնելով, որ թշնամին ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում, այսինքն՝ հումանիտար, պատերազմող երկրի քաղաքական ղեկավարության պահվածքի իմաստով մենք ունենք բացարձակ լկտիություն՝ ի դեմս Ալիևի։ Խաղաղ բնակչությունն է ռմբահարվում, գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք է, ահաբեկիչներով են պատերազմում, և այս բոլոր գործոնները թույլ են տալիս, որ բարոյական հարթության վրա իրավունք ձեռք բերենք օգտագործելու «Իսկանդերը», որը րոպեների ընթացքում կարող է օդ հանել նավթամուղերը։ Եվ բնականաբար, այլևս սնուցում չունենալով՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի պատերազմը։ Նաև արևմտյան երկները կպահանջեն պատերազմի դադարեցում։ Եթե մեր բարի կամքը անտեսվում է, ես գտնում եմ, որ պետք է գնալ նաև նման քայլի։
-Ադրբեջանի նավթագազային նախագծերում մեծ շահեր ունեն արևմտյան կորպորացիաները։ Չե՞ք կարծում, որ նրանք դժգոհ կլինեն մեր այս ծրագրերից, թե՞ պիտի հաշվի չառնենք։
-Համաձայն եմ, բայց հնարավոր չի լինում դիվանագիտական ճանապարհով տեղ հասնել՝ խաղաղ բնակչությունն իր հողում ամենավերջին զենքերով՝ «Սմերչով» հարվածներ է ստանում, և մենք դիմում ենք եվրոպական երկրներին՝ պատերազմը դադարեցնելու համար, ասելով, որ սա հակամարդկային ոճրագործություն է, սովորական պատերազմ չի՝ գենոցիդի քաղաքականությամբ գործող մեքենա է։
Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարության աջակցությամբ է գործում, ահաբեկիչներ է օգտագործում, հայկական բանակի ուժերով մեկ ամսից ավելի դիմադրում ենք և դիմում քաղաքակիրթ երկրներին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է մնում անելու, եթե ոչ՝ մեր տակտիկական զինանոցից այդ վերջին զենքը ևս օգտագործել։ Ժամանակն է, մինչև ե՞րբ մենք կարող ենք հանդուրժել մեր լավագույն զինվորների կյանքի գնով թշնամու այս լկտի պահվածքը։
-Այսինքն՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ձեռքը չբռնե՞լն է մեզ հնարավորություն տալիս ցանկացած թիրախ խոցել Ադրբեջանում։
-Այո, այս քայլը կլինի հումանիզմ։ Խփելով արևմտյան ընկերությունների գրպաններին, նրանք պահանջատեր կլինեն իրենց կառավարություններին, որ այս պատերազմը դադարեցվի՝ որպեզի իրենք չզրկվեն միլիարդավոր դոլարների շահույթից։ Սա մեզ համար ծայրահեղ, բայց հումանիստական քայլ է՝ մենք արգելակում ենք մեր ծերերի, զավակների մահը։ Մեզ այլընտրանք չեն թողել ուղղակի։ Մենք պետք է գնանք նման քայլերի։
-Այսօր ռեսուրսների պատերազմ է ընթանում։ Գրեթե օր չի լինում, որ Իլհամ Ալիևը չդժգոհի Հայաստանի ու Արցախի ունեցած զենքի քանակից։ Տնտեսական ի՞նչ թիրախներ կան Ադրբեջանում, որոնց տրված հարվածը կփակի Ալիևի՝ փողի ծորակը։
-Տեսեք, թե որտեղից Ադրբեջանը պետք է ստանա լրացուցիչ զենք-զինամթերք։ Եթե մենք նայենք, Ադրբեջանի զենքի հիմնական մասը ՌԴ-ից է, այնտեղից բացառվում է բան ստանա, երկրորդ մուտքը Վրաստանից է, որի կասկածելի գործարքները դիտարկում ենք, բայց դեռևս ապացույց չենք ներկայացրել։ Եթե հումանիտար բեռների անվան տակ անցել է զենք-զինամթերք, դա լինելու է խիստ սահմանափակ։ Վրաստանում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որ աշխատում են այդ համակարգերում և դա նկատելի է լինելու, չեն կարող աննկատ տեղափոխել զենք, երրորդ ճանապարհը Պարսկաստանն է, որը որևէ կողմից չի ցանկանում, որ զինամթերք տեղափոխվի իր տարածքով Ադրբեջան։ Այսինքն՝ ռեալ պատկերի մեջ ինքը ի վիճակի չէ, այսինքն՝ բարդ իրավիճակ է Ադրբեջանի համար համալրելու իր զինանոցը։ Իհարկե, ճանապարհներ միշտ էլ գտնվում են։ Ալիևը նշեց, թե Հայաստանը մաքսանենգ ճանապարհներով է զենք ստանում, դա իր փորձից էր ասում, որովետև ինքն այդպես է ստանում։
Ադրբեջանում մի քանի կարևոր կետեր կան, որ պետք է մտածել և անհրաժեշտության դեպքում հարվածել դրանց՝ Մինգեչաուրի ջրամբարն է, Եվլախի հանգուցային կետը, որտեղով անցնում են բոլոր երկաթուղիները, և իհարկե Կիրովաբադը և նրա կողքով անցնող գազամուղն ու նավթամուղը, և եթե Կիրովաբադին զրկենք ավիափոխադրումներից, որտեղի՞ց են լինելու ավիաթռիչքները, այդպիսով՝ Ադրբեջանի ձեռքերն ու ոտքերը կտրվում են։
Մենք հասել ենք կարմիր գծին՝ մինչև այս պահը հանդուրժել ենք այս անօրինակ ոճրագործությունը, բայց այլևս չենք հանդուրժելու։ Ես սա հնչեցնում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ լինի, որ հաջորդ քայլը կործանիչ է լինելու Ադրբեջանի համար և ինքը կորցնելու է և՛ իշխանությունը, և՛ այլևս Թուրքիան որևէ բանով չի կարողանալու իրեն օգնել։ Եվ սա լինելու է վերջը։ Կառաջարկեի, որ Ադրբեջանի ղեկավարությունն այլևս չշարունկեր այս պատերազմը, որովհետև ունենալու է ծանրագույն կորուստներ։ Այն, ինչ իրենք հասցրել են այս ընթացքում անել, դա իրենց առավելագույնն էր, մենք ամբողջովին հետ ենք վերցնելու, իրենք պետք է սպասեն հակահարձակման։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան